Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am
ԵԳԻ Թանգարան/Ապարաբանության բաժին
Հնէաբանության բաժին Հրաբխականության բաժին
Հանքաբանության բաժին Օգտակար հանածոների բաժին
Ապարաբանության բաժին Հանքային ջրերի բաժին

Ապարաբանության բաժին

Բաժնում ցուցադրված են տարբեր հասակի (պրոտերոզոյից մինչև պլիոցեն) և կազմության (գերհիմքայինից մինչև թթու ու ալկալային) ապարներ:

Հնագույն ապարները (միջին-վերին պրոտերոզոյ), որոնք հանդիսանում են տարածքի բյուրեղային հիմքը, մերկանում են Ծաղկունյացի զանգվածում և ներկայացված են տարբեր կազմի թերթաքարերով, մարմարներով, դոլոմիտներով, ամֆիբոլիտներով, ֆիլիտներով, պորֆիրիտոիդներով, պորֆիրոիդներով, որոնք հանդիսանում են փոխակերպված սկզբնային նստվածքային և հրաբխային ապարներ: Հնագույն ինտրուզիվ ապարներից ցուցադրված են տրոնդյեմիտները (~680մլն տարի), ալբիտիտները (~650մլն տարի), գրանիտագնեյսները (~610մլն տարի): Բաժնում լայնորեն ներկայացված են ինտրուզիվ գոյացումները, որոնք գտնվում են հիմնականում Ծաղկունք-Զանգեզուրի և Վիրահայոց-Ղարաբաղի գոտիներում: Սյունիքի մարզում գտնվող Փոքր Կովկասի խոշորագույն (~1200 քառ. կմ) Մեղրու պլուտոնը ներկայացված է տարբեր տիպի ապարներով, որոնց ձևավորումը տեղի է ունեցել երեք հիմնական փուլերի ընթացքում (41÷21մլն տարիների ինտերվալում) հետ կոլիզիոն ժամանակաշրջանում: Առաջին փուլի (~41÷31մլն տարի) ապարները ներկայացված էին գաբրոիդներով, մոնցոնիտներով (պլուտոնի հարավային և կենտրոնական մասերի), սիենիտագրանիտներով, տարբեր ալկալային ապարներով, երկրորդ փուլի (~31÷28մլն տարի) ապարներից ցուցադրված են պլուտոնի հյուսիս-արևելյան մասի մոնցոնիտները, սիենիտադիորիտները և երրորդ փուլից (~24÷21մլն տարի)` պորֆիրանման գրանիտները և գրանոդիորիտները:

Պլուտոնի կազմում լայն տարածում ունեցող տարբեր կազմության դայկային ապարներից ցուցադրված են առավել լայն տարածված գրանոդիորիտ-պորֆիրների դայկաները, որոնց հաստությունը հասնում է մինչև 25-30 մետրի:

Մեղրու պլուտոնի սահմաններից դուրս` դեպի հյուսիս, մերկացած են Բարգուշատի ինտրուզիվ զանգվածները (Սվարանցի, Գեխիի, Սուրբքարի, Կազան լճի և ուր.), որոնց ձևավորումը հիմնականում համապատասխանում է Մեղրու պլուտոնի ձևավորման օրինաչափություններին: Նշված ինտրուզիվներից ցուցադրված են` Սվարանցի օլիվինային գաբրոները և տրոկտոլիտները, Գեխիի գրանոդիորիտները և տարբեր միներալային կազմության սկառները:

Հայաստանի տարածքի հյուսիսային և կենտրոնական հատվածներից ցուցադրված են Բանուշի ինտրուզիվի (~46մլն տարի) գաբրոները, գրանոդիորիտ-պորֆիրները, Բազումի ինտրուզիվ զանգվածից` գրանոդիորիտներ, քվարցային դիորիտներ, Լերմոնտովի զանգվածից` գաբրոներ և գնդաձև գաբրոները, Աղավնաձորի զանգվածից` քվարցային մոնցոնիտներ և նրանց հատող դայկաների ապլիտներ:

Վիրահայոց-Ղարաբաղի տեկտոնական գոտու սահմաններում, որը համարվում է Եվրասիական սալի հարավային հատվածը, գտնվում են միջին յուրայի հասակի պլագիոգրանիտային (Հաղպատի, Տավուշի, Խնձորուտի և ուր.) և վերին յուրայի (164÷156մլն տարի) տոնալիտային (Կողբ-Շնոխի, Ծաղկաշատի, Ծաղկաշենի և ուր.) ինտրուզիվները: Ցուցադրված են Տավուշի և Հաղպատի պլագիոգրանիտները, քվարցային դիորիտները, վարդագույն գրանիտները, ինչպես նաև Կապանի բլոկում տեղադրված Ծավի ինտրուզիվի տոնալիտները, քվարցային դիորիտները, գաբրո-դիորիտները, հիբրիդային առաջացումները:

Վերին յուրայի հասակի տոնալիտային ինտրուզիվ զանգվածները լայն տարածում ունեն Ծաղկունք-Զանգեզուրի գոտու հյուսիսային հատվածում և ձևավորվել են նույնպես կղզաղեղային պայմաններում: Այդ ինտրուզիվները` Աղվերանի, Արտավազի, Հանքավանի, Գեղարոտի և ուր., ներկայացված են տոնալիտներով, քվարցային դիորիտներով, գրանոդիորիտներով, պեգմատիտների դայկաներով:

Հայաստանի տարածքի կարևոր և բնորոշ երկրաբանական գոյացումներից են օֆիոլիտային ասոցիացիայի ապարները, որոնք լայնորեն տարածված են Սևանի, Ամասիայի, Ստեփանավանի և Վեդու տեղամասերում: Նրանք ծագումնաբանորեն մաս են կազմում անհետացած Թետիս օվկիանոսային մնացորդների, որոնք ուշ կավճում օբդուկցվել են Հարավ-հայկական միկրոցամաքի հյուսիսային ծայրամասի վրա: Առանձին ցուցափեղկում ցուցադրված են մանթիական և կեղևային պերիդոտիտները ու սերպենտինիտները, կեղևային պլուտոնիտները (դունիտներ, պիրոքսենիտներ, գաբրոներ, անօրթոզիտներ, պլագիոգրանիտներ) ու վուլկանիտները (բազալտներ, դիաբազներ), ինչպես նաև ռադիոլարիտներ, իբրև հրաբխածին-նստվածքային ծածկոցի մաս: Ցուցադրված մի քանի մետամորֆային ապարանմուշները` գլաուկոֆանային և նռնաքար-ամֆիբոլային թերթաքարերը ու ամֆիբոլիտները, հանդիսանում են առաջնային հիմքային կազմի հրային ապարների փոփոխման արդյունք: Ըստ գաբրոներում և պլագիոգրանիտներում (իզոտոպային` U-Pb, Ar/Ar) որոշումների (178-165 մլն տարի), իսկ ռադիոլարիտներում հնէաբանական հասակագրումների, սույն ասոցիացիայի բուն օֆիոլիտային ապարներն ունեն առնվազն միջին ու վերին յուրայի հասակ, իսկ վրադիր ալկալային բազալտները` ուշ ստորին կավճի (117 մլն տարի, Ar/Ar) հասակ: