Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am
ԵԳԻ Թանգարան/Հնէաբանության բաժին
Հնէաբանության բաժին Հրաբխականության բաժին
Հանքաբանության բաժին Օգտակար հանածոների բաժին
Ապարաբանության բաժին Հանքային ջրերի բաժին

Հնէաբանության բաժին

Հնէաբանության բաժինը զբաղեցնում է Երկրաբանական թանգարանի ցուցադրանմուշների զգալի մասը և հիմնականում ներկայացնում է Հայաստանի տարածքի ծովային, լճային և ցամաքային նստվածքներից պեղված բազմաթիվ բրածո ֆաունայի և ֆլորայի քարացուկներով, որոնք երկրաբանական անցյալ ժամանակաշրջանների /տասնյակ և հարյուր միլիոնավոր տարիներ առաջ/ հին կյանքի փաստագրական վկաներն են: Մեր ժամանակներում մեր գիտելիքները հին օրգանական աշխարհի մասին զգալի խորացել են և հետաքրքրությունը նրա նկատմամբ այսօր էլ չի նվազում: Ի վերջո հնէաբանությունը հնարավորություն է տալիս վերականգնելու մեր տարածաշրջանի երկրաբանական զարգացման պատմությունը, որտեղ բազմիցս իրար հաջորդել են ծովերն և ցամաքները:

Այս բաժինը համարվում է թանգարանի հիմնարար, բաժիններից մեկը, որի ցուցադրական և կրկնօրինակ ֆոնդերը հագեցված են հանրապետության տարածքում հայտնաբերված պալեոզոյան , մեզոզոյան և կայնոզոյան դարաշրջանի կենդանական և բուսական աշխարհի ավելի քան վեց հազար բրածո ձևերի և տեսակների հավաքածուների տեսակներով, որոնք նաև այսօր ունեն կարևոր գիտական ճանաչողական նշանակություն: Այդ հարուստ հավաքածուները հիմնականում պեղվել և ուսումնասիրվել են ԵԳԻ-ի գիտաշխատողների՝ Մ.Աբրահամյանի, Ռ Առաքելյանի, Վ.Հակոբյանի, Ն.Ազարյանի, Ս.Գրիգորյանի և այլոց կողմից: Առավել մեծ արժեք են ներկայացնում դևոնի և քարածխի համակարգերի բրախիոպոդները, կորալները, պերմի և տրիասի գլխոտանիները, երկփեղկանիները և բրախիոպոդները, յուրայի և կավճի ամոնիտները, երկփեղկանիները, փորոտանիները և կորալները, կայնոզոյան երկփեղկանիները, կորալները, փորոտանիները, ծովոզնիները, նումուլիթները, ձկները ու բուսական մնացորդները և հատկապես չորրորդական կաթնասունների հարուստ հավաքածուն:

Հնէաբանական ցուցադրումները ներկայցված են ժամանակագրական հերթականությամբ` պալեոզոյան, մեզոզոյան և կայնոզոյան նստվածքներից պեղված բրածո անողնաշարավորների և ողնաշարավորների ներկայացուցիչներով` ուսոտանիներով, կորալներով, տարբեր փափկամարմիններով /գլխոտանիներ, փորոտանիներ, երկփեղկանիներ/, ծովոզնիներով, ծովաշուշաններով, ֆորամինիֆերներով, նումուլիթներով և չորրորդական ժամանակաշրջանի տարբեր ցամաքային ողնաշարավորներ ներկայացուցիչների կմաղքների և գանգերի մնացորդներով: Ցուցադրությունը ավարտվում է նախապատմական, տրոգոնթերյան փղի հսկա կմաղքով:

Առանձնակի նշենք, որ ողնաշարավորների ենթաբաժնում ցուցադրված կենդանիների՝ հատկապես կաթնասունների մի շարք մնացորդներ, հայտնաբերվել են Երևանի (նախկին գ.Էլյասի) և Գյումրիի տարածքների, և այլ վայրերի ավազահանքերից և ներկայացնում են նախապատմական փղի , ձիու, ուղտի եզան և եղջերուի կմախքի քարացած մնացորդներ:

Թանգարանի մի շարք ցուցափեղկերում ներկայացված են նաև հնագույն բուսականության մնացորդներ, հատկապես ծառերի տերևների գերազանց պահպանված դրոշմներ, որոնք հայտնաբերվել են Սիսիանի, Կոտայքի և Վեդու շրջաններում տարածված տարբեր հասակի շերտերից: