Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am
Հիշարժան տարեթվեր
26.05.17

Հիշարժան տարեթվեր
2017 թվական
Ապրիլի 16-ին լրացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գրունտերի մեխանիկայի և ինժեներական երկրաբանության ոլորտում հայտնի գիտնական ԳԵՈՐԳԻ ԻՍԱՅԻ ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՅԱՆԻ (1907-2006) ծննդյան 110-րդ տարելիցը: Գրունտերի մեխանիկայի ոլորտում նա հայտնաբերել է գրունտերի թռիչքաձև վերակազմավորման երևույթը տեղաշարժի ժամանակ, ի հայտ է բերել ծովային կավերի կառուցվածքի կայունության երևույթը և մշակել  դրանց հետազոտման մեթոդները: Հայաստանի  ինժեներաերկրաբանական 1:1000.000 մասշտաբի քարտեզի հեղինակն է:

Մայիսի 26-ին լրանում է հայտնի միներոլոգ ՎԼԱԴԻՄԻՐ (ՎԱՐԴԱՆ) ՆԻԿԻՏԱՅԻ ԼՈԴՈՉՆԻԿՈՎԻ ծննդյան 130-րդ տարելիցը: Նրա հիմնական աշխատանքները նվիրված են սերպենտինների (օձաքար) խմբի միներալների ծագմանը և դասակարգմանը: Նա ձևակերպել է միևնույն մագմայի մագմատիկ և հետմագմատիկ միներալների տարաբևեռայնության սահմանումը: Առաջիններից մեկն է, ով նշել է ջրի, գոլորշու և գազի դերը հիմքային և գերհիմքային ապարների կազմավորման գործում: Հանդիսանում մի շարք պետրոգրաֆիական դասագրքերի հեղինակ:
Օգոստոսի 16-ին լրանում է հայտնի երկրաֆիզիկոս ՇԱՀԵՆ ՍԱՐԳՍԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ծննդյան 100-ամյակը: Հայաստանի տարածքի պլանաչափ ծանրաչափական հետախուզություն իրականացնողներից մեկն է. առաջին անգամ կազմել է տարբեր ռեդուկցիաներում ծանրաչափական քարտեզ և կատարելագործել է այդ տվյալների մեկնաբանության  մեթոդական հիմունքները:
Նոյեմբերի 27-ին կլրանա ակնառու հանքաբան  և երկրաքիմիկոս  ԱՆԴՐԵԱՍ ԱՐԾՐՈՒՆՈՒ  (1847-1898) ծննդյան 170-ամյակը: Նա «Միներալների ֆիզիկական քիմիայի» հիմնարար աշխատության հեղինակն է, մշակել է իզոմորֆիզմի բազմակողմանի հիմնախնդիրներ: Նախաձեռնել է համալիր արշավներ Հայկական լեռնաշխարհում, առաջին գիտնականն է, ով իջել է Արարատ հրաբխի խառնարան: Ուրալի հանքաբանության լավագույն  գիտակն էր:

Դեկտեմբերի 10-ին կլրանա ռուս երկրաբան ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՆԻԿՈԼԱՅԻ ՍԱՎԻՉ-ԶԱԲՈԼՈՑԿՈՒ (1877-1968) ծննդյան 140-ամյակը: Ուսումնասիրել է Ռուսական կայսրության հանքավայրերի երկրաբանական կառուցվածքը  և ապարների պետրոգրաֆիական  կազմը:  1910 թ.-ի վերջերին անցկացրել է Արաքս գետի ձախակողմյան վտակի ավազանի երկրաբանական հետազոտություն:
Դեկտեմբերի 20-ին կլրանա հնաաշխարհագրության ոլորտի գիտնական ՍԵՐԳԵՅ  ԳԱԼՈՒՍՏԻ  ՍԱՐԳՍՅԱՆԻ (1907-1981) ծննդյան 110-ամյակը: Նավթաբեր շրջանների հնաաշխարհագրության և նստվածքային ապարների ուսումնասիրման մեթոդիկայի հայտնի մասնագետ է: Կատարել է Սևանա լճի ավազանի երկրաբանական կառուցվածքի հետազոտություններ՝ վերանայելով լճի զարգացման պատմությունը և տերրիգեն նստվածքագոյացման  առանձնահատկությունները: 
Այս տարի լրանալու է ռուս երկրաբան և լեռնային ինժեներ  ԱԼԵՔՍԵՅ ՎԱՍԻԼԻԻ ԳՈՒՐՅԵՎԻ ծննդյան 210-ամյակը: 1829 թ. զբաղվել է Սևանա լճի ափի, Իջևանի և Դիլիջանի շրջանների լեռնային ապարների ուսումասիրությամբ: Առաջինն էր, ով 1834 թ. հաստատեց, որ Արագածը հանգած հրաբուխ է:

50 տարի առաջ Երևանում կազմվել է Երկրաբանական գիտությունների պատմության (ИНИГЕО) հանձնաժողովը: Հոբելյանի առթիվ այս տարի Երևանում, սեպտեմբերի 12-18-ը կկայանա հանձնաժողովի "ИНИГЕО" 42-րդ հոբելյանական համաժողովը: