Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am
Հիշարժան տարեթվեր
31.12.18

Հիշարժան տարեթվեր
2018 թվական

Հունվարի 10-ին լրացավ դանիացի բնագետ և աստվածաբան Նիլս Ստենոյի (Stensen լատ. Steno; 10.1.1638 – 25.11.1686) ծննդյան 580 ամյակը: Ստենոն համարվում է երկրատեկտոնիկայի և բյուրեղագիտության  հիմնադիրը: Ձևակերպել է լեռնային ապարների շերտագոյացման  հաջորդականության օրենքը և բյուրեղների նիստերի միջև հաստատուն անկյունների օրենքը: Ն. Ստենոյի ՝ <<Պնդի մասին, որը բնականորեն պարունակում է պնդի մեջ >> վերնագրով աշխատանքի հրատարակման  տարեթիվը (1669 թ.) շատ հայտնի հեղինակներ (Ա. Գումբոլդ, Վ. Ի. Վերնադսկի և այլք) համարում են այն մեկնարկային ժամանակը, որից  հետո երկրաբանությունը հանդես եկավ որպես գիտություն:

Փետրվարի 21–ին կլրանա մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և ինժեներ, Երվանդ Գևորգի Կողբետլյանցի (1888-1974) 130 ամյակը: Նա առաջիններից մեկն էր, ով կիրառեց մաթեմատիկական մեթոդները երկրաֆիզիկայում: Կողբետլյանցը նաև մագնիսական դաշտերի չափումների մեթոդի հեղինակն է: Հետազոտությունները անցկացրել է Հայաստանում, Ռուսաստանում, Իրանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում: Հետաքրքիր է նշել, որ նրան է պատկանում շախմատի եռաչափ տախտակի գյուտը (1918 թ):

Մարտի 17-ին լրանում է ռուս երկրաբան գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս  Կոնստանտին Նիկոլայի Պաֆֆենհոլցի (1893-1983) ծննդյան 125 ամյակը: Նա 20-րդ դարի Կովկասի երկրաբանության լավագույն գիտակներից էր: Երկար տարիներ աշխատել է Հայաստանում, քարտեզագրել է գրեթե ամբողջ Հայաստանի տարածքը, մշակել է տարբեր հասակի հրաբխային և նստվածքային առաջացումների շերտագրությունը: Պաֆֆենհոլցի հիմնական աշխատանքները նվիրված են Փոքր Կովկասի ռեգիոնալ երկրաբանության, հիդրոերկրաբանության, մագմատիզմի, մետաղածնության, տեկտոնական, սեյսոմոլոգիական, հրաբխականության ուսումնասիրություններին: Պաֆֆենհոլցը 250 գիտական հոդվածների և 30 մոնոգրաֆիաների հեղինակ է:  Հիմնարար աշխատանքներից է <<Հայաստանի երկրաբանությունը. Հայաստանը Փոքր Կովկասի և Փոքր Ասիայի համակարգում>> “Геология Армении. Армения в системе Кавказа и Малой Азии” մենագրությունը՝ ինչը արժանացել է պետական մրցանակի,  <<Կովկասի երկրաբանական ակնարկ>>, «Ակնարկ Կովկասի մագմատիզմի և մետաղածնության մասին» մենագրությունները և այլն : Կոնստանտին Նիկոլայի Պաֆֆենհոլցի կտակի համաձայն, ով իր կյանքի 60 տարիները նվիրել էր Հայկական լեռնաշխարհի երկրաբանության ուսումնասիրությանը, նրա մոխրի մի մասը 1983 թ. նոյեմբերի 29-ին իջեցվել է Սևանա լճի ամենախորը հատվածը:

Մայիսի 10 –ին լրանում է հայտնի հայ երկրաբան՝ Գևորգ Պետրոսի Բաղդասարյանի ծննդյան 110 ամյակը: Ավելի քանի 20 տարի եղել է ՀՍՍՀ ԳԱԱ ԵԳԻ պետրոգրաֆիայի բաժնի վարիչ: Հիմնական աշխատությունները նվիրված են Հայաստանի մագմայականության ուսումնասիրությանը: Հետազոտել է Հայաստանի մագմայական  և մետամորֆային առաջացումների նյութական կազմը, հիմնադրել է  Հայաստանում իզոտոպային հետազոտությունների լաբորատորիան, ուսումնասիրել է Հայաստանի մագմային, մետամորֆային և հանքային ֆորմացիաները:     
Մայիսի 16-ին լրանում է անվանի բանասեր, արևելագետ, գրականագետ և գրող Քերովբե Պետրոսի Պատկանյանի (1833-1899) ծննդյան 185 ամյակը: Նա հեղինակել է  <<Թանկարժեք քարերը, նրանց անվանումները և կազմությունը ըստ հայերի, 17-րդ դարում>> գիրքը (1873): Գիրքը  նվիրված է Առաքել Դավրիժեցու <<Պատմության գիրք>> -ում ներառված թանկարժեք քարերի մասին երեք աշխատությունների մանրամասն վերլուծությանը: Պատկանյանի այդ գիրքը միջնադարյան Հայաստանում  թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մասին  գիտելիքների առաջին լուրջ գիտական հետազոտությունն է: 

Մայիսի 28-ին լրանում է շվեյցարացի հնագետ Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերեի ( Frederic Dubois de montperreux; 1798-1850)    ծննդյան 220 ամյակը:  Հայաստանում առավելապես ճանաչված է 1831-1834թթ. դեպի  Ղրիմ,  Կովկաս  և  Արևելյան Հայաստան ձեռնարկած ճանապարհորդությամբ, որի արդյունքները ամփոփված են վեց հատորից բաղկացած աշխատությունում՝ կից ատլասով, նկարներով, գծանկարներով ու սխեմաներով: Ատլասի հատուկ բաժիններ և քարտեզներ նվիրված են Հայաստանի երկրաբանությանը: Ա. Վ. Գուրևից հետո, երկրոդն է, ով Արագածը նկարագրել է որպես հանգած հրաբուխ:

Սեպտեմբերի 28-ին լրանում է հայ անվանի երկրաբան ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ (1945 թ) Լևոն Արսենի Վարդանյանի (1893-1971) ծննդյան 125 ամյակը: Նրա հետազոտությունների շրջանակը չափազանց լայն է՝ տեկտոնիկա, չորրորդական երկրաբանություն, մետաղածնություն և բյուրեղագիտություն: 1935 թ. հրատարակված  <<Կովկասի սեյսմոտեկտոնիկան>> դարձավ այդ առարկային նվիրված  առաջին ամփոփագիրը և հիմք հանդիսացավ այս ոլորտում հետագա հետազոտությունների համար: Նա կազմել է Ռուսական պլատֆորմի հիմքի առաջին քարտեզը, մշակել է  Ֆեդորովի սեղանի  նոր՝ հինգ առանցքով կառուցվածք:
Այս տարի լրանում է ռուս երկրաբան-նավթաբան և լեռնային ինժեներ Նիկոլայ Իվանի Վոսկոբոյնիկովի (1803 - 1846) ծննդյան 215 ամյակը: 1827-1832 թթ. ուսումնասիրել է Ալավերդու, Շամլուղի և Ախթալայի հանքերը: 1840 թ. նոյեմբերին նա ղեկավարել է Արարատ լեռան վրա (հուլիսի 2)  տեղի ունեցած երկրաբանական երևույթի ուսումնասիրությունները: Մանրամասն գրանցել է իր հետազոտությունների արդյունքները և հարցում կատարել ականատեսներից, գալով այն եզրահանգման, որ դա եղել է երկրաշարժ և ոչ թէ ժայթքում:     

2018թ.-ի դեկտեմբերի 9-ին լրանում է Բորիս Մանուկի Մելիքսեթյանի 90-ամյակը (1928-1992), երկրաբանա-միներալոգիական գիտությունների դոկտոր, ճանաչված մասնագետ միներալոգիայի, հրային ապարների գեոքիմիայի և պետրոլոգիայի ոլորտում, ՀԽՍՀ գիտական պետական մրցանակի դափնեկիր: Բ. Մ. Մելիքսեթյանն ուսումնասիրել է Փոքր Կովկասի կայնոզոյան հասակի ինտրուզիվ համալիրները և հանքա-մագմային համակարգերը:
Այս տարի  լրանում է ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ. Տ. Կարապետյանի անվան Երկրաբանական  թանգարանի հիմնադրման 80 տարին: Թանգարանը ստեղծվեց պրոֆեսոր Հովհաննես Տիգրանի Կարապետյանի նախաձեռնությամբ, նրա անձնական հավաքածուի հիման վրա: Հետագա տարիներին  երկրաբանական թանգարանը համալրվեց բազմաթիվ նմուշներով: Այժմ թանգարանը ներկայացված է վեց բաժիններով՝ շերտագրություն և հնէաբանություն, միներալոգիա, հրաբխագիտություն, քարագիտություն, օգտակար հանածոներ և հիդրոերկրաբանություն: Թանգարանի ցուցանմուշների թիվը կազմում է մոտ 14.000: Ունի բազմաթիվ այցելուներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:
Թանգարանը գտնվում է  Մ. Բաղրամյան 24ա հասցեում՝  ՀՀ ԳԱԱ ԵԳԻ-ի առաջին հարկում: