Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am
Հիշարժան տարեթվեր
31.12.19

Հիշարժան տարեթվեր
2019 թվական

Հունվարի 24-ին լրանում է Իգոր Լևոնի ՆԵՐՍԵՍՈՎԻ ծննդյան 100-ամյակ (1919-1995) – երկրաֆիզիկոս, ՀԽՍՀ  ԳԱԱ թղթակից անդամ:

Փետրվարի 7-ին լրանում է Աշոտ Տիգրանի ԱՍԼԱՆՅԱՆԻ ծննդյան 100-ամյակ (1919-1989) -   բազմավաստակ գիտնական, պետական գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: Նա մեծ ավանդ ունի երկրաբանական գիտության և արտադրության, գիտատեխնիկական և բարձրագույն դպրոցի կայացման ու ամրապնդման գործում։ Ա. Ասլանյանը գիտական լայն հետաքրքրությունների տեր գիտնական էր՝ նրա հետազոտությունները ընդգրկում են շերտագրության և հնէաբանության, տարածքային երկրաբանության և տեկտոնիկայի, երկրաֆիզիկայի և մոլորակագիտության, մագմատիզմի և նորագույն հրաբխականության, ինժեներային երկրաբանության, մետաղածնության  և հանքաբանության հարցերը։
Ակադեմիկոս Ասլանյանը պարգևատրվել է Գերմանիայի երկրաբանական ընկերության՝ Աբրահամ Վերների մեդալով, ՍՍՀՄ աշխարհագրական ընկերության ՝ Սեմյոնով -  Տյան-Շանսկու անվան մեդալով։
Ա. Ասլանյանի մարտական և աշխատանքային ձեռքբերումները արժանացել են Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով, Աշխատանքային Կարմիր դրոշի 3 շքանշանով, Ժողովուրդների բարեկամության և բազմաթիվ այլ մեդալներով պարգևատրման։

Փետրվարի 16 լրանում է Լևոն Ներսեսի Զոհրաբյանի 100-ամյակ (16.02.1919 Օձուն – 28.08.1990 Երևան) - ականավոր հայ աշխարհագրագետ, երկրաձևաբանության մասնագետ (գեոմորֆոլոգ), աշխարհագրական գիտ. թեկնածու (1962), դոցենտ (1954), ԳԱ Երկրաբանական գիտ. ինստիտուտի երկրաձևաբանական բաժնի վարիչ և նույն ինստիտուտի Դիլիջանի ջրաերկրաբանական արշավախմբի գիտ. ղեկավար (1978-1988)  Մեծ ավանդ ունի Հայկական լեռնաշխարհի, լեռնագրական կառուցվածքի, երկրաբանաձևության ասպարեզում: Հեղինակ է մոտ 50 գիտական հոդվածների, մի քանի մենագրության, այդ թվում՝ ռուսերենով հրապարակված «Орография Армянского нагорья Ереван, 1979» հիմնարար աշխատությունը, որն առ այսօր սեղանի գիրք է հանդիսանում աշխարհագրագետների, երկրաբանների, պատմաբանների համար: Աշխարհագրական գիտություններին մատուցած զգալի ավանդի համար պարգևատրել է ԽՍՍՀ աշխարհագրական ընկերության Սեյմոնով - Տյան-Շանսկու մեդալով:

Փետրվարի 20-ին լրանում է Թադևոս Շահբազի Թադևոսյանի (1909 գյուղ Արա – 1991 Երևան, թաղված է Արագյուղում) 110-ամյակը - հայտնի երկրաբան-քարագետ երկրաբանահանքաբանական գիտ. թեկնածու (1948), դոցենտ (1951): Թ.Թադևոսյանը ավելի քան 45 տարի անընդմեջ (1945-1991թթ.) դասավանդել է Երևանի պետական համալսարանի Երկրաբանական ֆակուլտետում պետրոգրաֆիա և այլ հարակից առարկաներ՝ կրթելով երկրաբանների մի քանի սերունդ: Հեղինակ և համահեղինակ է Հայաստանի տարածքի ինտրուզիվ ու էֆուզիվ ապարների պետրոգրաֆիաին նվիրված ավելի քան 40 հոդվածի, պետրոգորֆիայի բուհական դասագրքերի, ինչպես նաև գիտահանրամատչելի հոդվածների ու գրքույկների

Մարտի 2-ին լրանում է Գրիգոր Արկադիի Գաբրիելյանցի 85-ամյակը- նավթային երկրաբանության ականավոր մասնագետ, պետական գործիչ, բարերար, երկրաբանահանքաբանական գիտ. դոկտոր (1973), պրոֆ (1979), ԽՍՀՄ պետ. Մրցանակի դափնեկիր (1989), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ա. Գաբրիելյանցը 1989-1991թթ. աշխատել է որպես ԽՍՀՄ երկրաբանության նախարար: Հեղինակ և համահեղինակ է 9 գիտական մենագրության և ավելի քան 250 գիտական հոդվածների: Աշխատանքները վերաբերում են ԽՍՀՄ տարածքի, այդ թվում նաև Հայաստանի նավթի և գազի հանքավայրերի որոնման ու հետախուզման ինչպես գործնական, այնպես էլ տեսական բազմաբնույթ հարցերի: Ներկայումս Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականն է: Ա. Գաբրիելյանցի սեփական միջոցներով Մոսկվայի Վագանկովյան հայկական գերեզմանոցում տեղակայված է խաչքար (քանդ.՝Ֆրիդ Սողոյան)՝ ի հիշատակ Բաքվի լքված հայկական գերեզմանների: Արցախում Ա. Գաբրիելյանցի միջոցներով ու գլխավորապես նրա հարուստ անձնական միներոլոգիական հավաքածուի նվիրատվության շնորհիվ բացվել է գիտնականի անունը կրող Երկրաբանական թանգարան Շուշի քաղաքում: Ա. Գաբրիելյանցի նախաձեռնությամբ, ֆինանսական օժանդակությամբ, ինչպես նաև ակադեմիկոս Ռ.Տ. Ջրբաշյանի հետ համատեղ խմբագրությամբ 2011թ. ռուսերեն լեզվով տպագրվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկրաբանությունը և հանքային պաշարները» կոլեկտիվ մենագրությունը (Երևան-Ստեփանակերտ, 286 էջ): Նաև այս մենագրության համահեղինակներից է:


Մարտի 13-ին լրանում է Սիմոն Հովհաննեսի Աչիգյոզյանի (Դեդ) 80-ամյակը (1939թ.Գալեց, Ռումինիա – 30.04.1991 Մարտունաշեն, թաղված է Երևանում) -  անվանի երկրաբան ու ազատամարտիկ, երկրաբանահանքաբանական գիտ. թեկնածու (1970),: 1960թ.-ից մինչև իր կյանքի վերջը անընդմեջ աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում. հեղինակ և համահեղինակ է Հայաստանի մետաղական օգտակար հանածոների հարցերին նվիրված ավելի քան 70 գիտական հոդվածների: Զբաղվել է նաև ակտիվ հասարակական-քաղաքական ու ազգային գործունեությամբ: 1990թ. ընտրվել է Երևանի քաղխորհրդի պատգամավոր, իսկ 1989թ. անդամագրվել է «Արաբո» ջոկատին, մասնակցել Եղեգնաձորի ինքնապաշտպանական մարտերին: 1991թ. ապրիլի 19-ին ստանձնել է «Արաբո» ջոկատի հրամանատարությունը: Հերոսաբար զոհվել է 1991թ. ապրիլի 30-ին Մարտունաշենի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ: Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Մարտի 23-ին Վիլյամ ՍՄԻԹԻ ծննդյան 250-ամյակն է (Smith, 1769-1839) – անգլիացի ինժիներ և երկրաբան: Առաջինն է ձևակերպել այն դրույթը, որ միևնույն բրածոները պատկանում են լեռնային ապարների միևնույն շերտին: Նրա բացահայտումը նախադրյալներ ստեղծեց շերտագրության և հնէաբանության մեջ էվոլյուցիոն գաղափարների զարգացման համար:
Հուլիսի 6-ին Վալերի Բենիկի ՍԵՅՐԱՆՅԱՆԻ ծննդյան 80-ամյակն է (1939-2017) – միներոլոգ: Հայտնաբերել է Թեղուտի փիրուզի հանքավայրը: Երկրաբանական պատմության հիմնարար հետազոտության հեղինակ՝ «Հայկական լեռնաշխարհի տարածքում միներալային հումքի պատմության ուսումնասիրությունը և կիրառումը  (հնագույն ժամանակներից մինչև  XX դարի սկիզբը)»:
Հուլիսի 22-ին Ջորջ ՉԻԼԻՆԳԱՐԻ ծննդյան 90-ամյակն է (Գևորգ Վարոսի Չիլինգարյան, ծնվել է 1929թ.) – ամերիկացի երկրաբան, աշխարհահռչակ նավթային երկրաբաններից մեկը, հայտնաբերել է նավթի և գազի բազմաթիվ հանքավայրեր (Իրան, Սաուդյան Արաբիա, ԱՄՆ, Թաիլանդ), աշխարհում խոշորագույն մասնագետ կարբոնատային առաջացումների նավթագազաբերության և նստվածքակուտակման ոլորտում, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ  ( 1998 թ-ից):
Օգոստոսի 26-ին լրանում է Ստեփան Տիգրանի Բադալյանի (Բադալով) 100-ամյակը - հայազգի ականավոր երկրաբան-երկրաքիմիկոս, երկրաբանահանքաբա -նական գիտ. դոկտոր, պրոֆեսոր, Ուզբեկականի ԽՍՀ երկրաբանական և երկրաֆիզիկական ինստիտուտի երկրաքիմիայի բաժնի վարիչ: Նրա գիտ. ղեկավարության ներքո պաշտպանվել է մոտ 20 թեկնածուական և 2 դոկտորական ատենախոսություն:
Սեպտեմբերի 1-ին լրանում է Գրիգոր Հովհաննեսի ՓԻՋՅԱՆԻ ծննդյան 100-ամյակ (1919-1998): 1947 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում, 1959 թվականից՝ երկրաքիմիայի բաժնի վարիչ։ 1949 թվականից զբաղվել է Հայաստանի մի շարք՝ Նոյեմբերյանի, Սևանի, Հրազդանի, Կապանի, Մեղրու շրջանների հանքավայրերի հետազոտությամբ, միաժամանակ սովորել է Լենինգրադի Լեռնային ինստիտուտի ասպիրանտուրայում: 1951 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի հանքային դաշտի երկրաբանությունը» թեմայով:
Նոյեմբերի 7-ին լրանում է Ազատ Թովմասի Վեհունու (Թավրիզ-ԱՄՆ) 100-ամյակը: Հանրահայտ հայ երկրաբան, երկրաբանահանքաբանական գիտ.թեկնածու (1961), դոցենտ (1966) Հեղինակ և համահեղինակ է Հայաստանի տարածքի շերտագրական հարցերին նվիրված՝ մասնավորապես էոցենի շերտագրությանը, ինչպես նաև օգտակար հանածոների և ռեգիոնալ երկրաբանությանը վերաբերող 50-ից ավել գիտական հոդվածների ու մի քանի մենագրությունների: Կյանքի վերջին տարիներին, ապրելով և ստեղծագործելով ԱՄՆ-ում, հեղինակել է Հայկական լեռնաշխարհի ռեգիոնալ երկրաբանությանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրաբանությանը վերաբերող  մենագրությունների՝ «Հայկական լեռնաշխարհի երկրաբանությունը և ընդերքի հարստությունը» (Երևան, ԵՊՀ 2001) և «Մեծ Մերձավոր Արևելքի երկրաբանությունը և ընդերքի հարստությունները» (Երևան, Ոսկան Երեվանցի 2008):
Նոյեմբերի 7-ին լրանում է Ռաֆայել Ավետիսի Առաքելյանի 100-ամյակը - երկրաբանահանքաբանական գիտ.թեկնածու, հայտնի երկրաբան-շերտագրագետ և տեկտոնիստ: 1947թ.-ից մինչև իր կյանքի վերջ (1978թ.) անընդմեջ աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում, զբաղեցրել է տեկտոնիկայի բաժնի վարիչի պաշտոնը: Զգալի ավանդ ունի Հայաստանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության վերին պալեոզոյի շերտագրության ուսումնասիրության ասպարեզում: Առաջին անգամ ապացուցել է տարածաշրջանի միջին և վերին կարբոնի բացակայությունը և առանձնացրել է ավելի քան 20 շերտախումբ: Զբաղվել է նաև տեկտոնիկայում տիեզերական հեռազննման մեթոդի կատարելագործմամբ: Հեղինակ ու համահեղինակ է մոտ 100 գիտական հոդվածների և մի քանի գիտական մենագրության:
Նոյեմբերի 19-ին լրանում է Արշավիր (Աշոտ) Գրիգորի Բաբայանի (Բաբաեվ) 100-ամյակը (19.11.1919 Աշխաբադ-14.11.1999թ) - հայազգի խոշոր երկրաբան-նավթաբան, երկրաբանահանքաբանական գիտ. դոկտոր, պրոֆ., Ուզբեկական ԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ (1974), և վաստակավոր նավթագործ. Տաշքենդ): Նա երկար ժամանակ ղեկավարել է Ուզբեկիստանի տարածքի նավթի և գազի պաշարների հայտնաբերման երկրաբանահետախուզական աշխատանքները, իսկ 1967-1969թթ. հանդիսացել է Եգիպտոսում նավթագազաորոնման աշխատանքներ իրականացնող ԽՍՍՀ մասնագիտական-երկրաբանական խմբի ղեկավար: Հանդիսացել է նաև Հայաստանի ականավոր երկրաբան՝ Մառլեն Ակիմի Սաթիանի թեկնածուական ատենախոսության գիտական ղեկավարը: