ԵԳԻ Թանգարան/Հրաբխականության բաժին

Հնէաբանության բաժինՀրաբխականության բաժին
Հանքաբանության բաժինՕգտակար հանածոների բաժին
Ապարաբանության բաժինՀանքային ջրերի բաժին

Հրաբխականության բաժին

Հրաբխականությունը առանձնահատուկ է Հայաստանի երկրաբանությանը և թանգարանում այն ներկայացված է բավարար մանրամասնությամբ։ Ցուցանմուշները ներառում են յուրայի, կավճի և պալեոգենի հասակների տարբեր կազմի և ֆացիաների հրաբխային գոյացումները։

1. Սոմխեթա-Ղարաբաղյան մեզոզոյան կղզաղեղային գոտու հրաբխականությունը, որը լայն տարածում ունի Ալավերդու, Իջևանի, Տավուշի (Շամշադին) և Կապանի շրջաններում: Այն ներկայացված է բազալտ, բազալտային անդեզիտ, անդեզիտային կազմի լավաներով և լավային ագլոմերատներով, տուֆերով, տուֆաբրեկչիաներով, ինչպես նաև էքստրուզիվ և ենթահրաբխային դացիտների, ռիոլիթների և պլագիոռիոլիթների ցուցանմուշներով (Ա.Ասլանյան, Հ.Ղազարյան, Ռ.Մելքոնյան, Է.Մալխասյան, Ա.Մնացականյան)։

2. Սևանի կարային գոտու Սևան-Շիրակի ճկվածքի սահմաններում տարածված պալեոգենի հասակի հրաբխականությունը ներկայացված է բազալտային, անդեզիտային, դացիտային, ռիոլիտային կազմի լավաների, հրաբեկորային և ենթահրաբխային առաջացումների, հրաբխային գմբեթների տրախիռիոլիտային կազմի ապարների նմուշներով։ Այս ապարների շարքում տեղ են գտել նաև ինքնատիպ, հազվադեպ հանդիպող, ալկալային պսևդոլեյցիտային ֆոնոլիտները (Թեժ լեռան հրաբխաինտրուզիվ զանգված, Ռ.Ջրբաշյան, Բ.Մելիքսեթյան)։ Հայաստանի կենտրոնական (Վայոց Ձոր) ու հարավ-արևելյան (Սյունիք) շրջաններում հայտնի բազալտային և անդեզիտային կազմի հրաբխային գոյացումները ներկայացված են ավելի սահմանափակ՝ շեշտելով առավել հաճախ հանդիպող ներդրված բազալտ-անդեզիտային կազմի լավաբրեկչիաները (Ռ.Ջրբաշյան, Ռ.Տայան, Հ.Գույումջյան)։

3.Նորագույն՝ պլիոցեն-չորրորդական հասակի հրաբխային գոյացումները, լայն տարածված, և լավ պահպանված լինելով, ավելի հարուստ են ներկայացված:

Այս հասակի հրաբխային գոյացումների էքսպոզիցիան ներառում է դոլերիտային բազալտներ, իգնիմբրիտային տուֆերի տարատեսակներ, տարբեր ձևերի և 2-3մմ -ից մինչև 80սմ չափերի հասնող հրաբխային ռումբեր, ինչպես նաև հրաբխային ժայթքման ընթացքում առաջացած պեմզաների և պեռլիտների նմուշներ: Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում բազմագույն, հաճախ` երփներանգ, հոծ, շերտավոր, բեկորավոր և այլ կառուցվածքի օբսիդիանների հարուստ հավաքածու (Կ.Շիրինյան, Կ.Կարապետյան, Ս.Կարապետյան)։

Հետաքրքիր են նաև հրաբխածին ապարներից պատրաստված և շինարարության մեջ կիրառվող տուֆերի երեսպատման սալիկները, ջերմա- և ձայնամեկուսիչ փքված պեռլիտների նմուշները, օբսիդիաններից պատրաստված հուշանվերները:

էքսպոզիցիան լրացնում են ստորև թվարկված Հայաստանի նորագույն հրաբխականությանը նվիրված երկրաբանական գունավոր քարտեզները և հրաբխային տարբեր գոյացումների լուսանկարները:

  • Հայաստանի պլիոցեն-չորրորդական հրաբխային առաջացումների երկրաբանական քարտեզ։

Հեղինակներ՝ Ռ.Ջրբաշյան, Ս.Կարապետյան, Յու.Ղուկասյան, Է.Խարազյան։

  • Հայաստանի պլիոցեն-չորրորդական հրաբուխների քարտեզ։

Հեղինակներ՝ Ս.Կարապետյան, Ա.Ավագյան, Հ.Երիցյան։

  • Արագած հրաբուխի երկրաբանական քարտեզ։

Հեղինակներ՝ Խ.Մելիքսեթյան, Ռ.Ջրբաշյան, Յու.Ղուկասյան, Գ.Նավասարդյան։

  • Գեղամա և Վարդենիսի բարձրավանդակների չորրորդական հրաբխային առաջացումների երկրաբանական քարտեզ։

Հեղինակներ՝ Ս.Կարապետյան, Ռ.Ջրբաշյան, Գ.Նավասարդյան։

  • Սյունիքի բարձրավանդակի պլիոցեն-չորրորդական հրաբխային առաջացումների երկրաբանական քարտեզ։

Հեղինակներ՝ Ս.Կարապետյան, Ռ.Ջրբաշյան, Գ.Նավասարդյան