Daily Archives: 29.11.2022

ՎԻԼԵՆ ԱՐՇԱՎԻՐԻ ԱՂԱՄԱԼՅԱՆ
(ծննդյան 85-ամյակին)

 

2022թ. լրացավ երկրաբանամիներալոգիական գիտությունների դոկտոր, վաստակաշատ երկրաբան Վ. Ա. Աղամալյանի 85-ամյակը: Վ. Ա. Աղամալյանը ծնվել է 1937թ. հունվարի 21-ին Երևանում, ծառայողի ընտանիքում: 1959թ. ավարտել է Վ. Մոլոտովի անվան Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը: 1960թ. մինչ այժմ աշխատում է ՀԽՍՀ ԳԱ, իսկ հետագայում՝ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում՝ որպես կրտսեր, իսկ այնուհետև` պետրոգրաֆիայի բաժնի ավագ և առաջատար գիտաշխատող: 

1970թ. Մոսկվայի պետհամալսարանի երկրաբանական ֆակուլտետի գիտական խորհրդում հանրահայտ երկրաբան պրոֆեսոր Ե.Ա. Կուզնեցովի գիտական ղեկավարությամբ պաշտպանում է «Արզաքանի մասիվի մինչքեմբրյան բյուրեղային հիմքի թերթաքարային համալիրի երկրաբանությունը և պետրոլոգիան» թեմայով թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով երկրաբանամիներալոգիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:  Այս աշխատությունում առաջին անգամ Հայաստանի տարածքի համար առանձնացվել են պրոտերոզոյի հասակի մի շարք շերտախմբեր, և ապացուցվել է, որ այնտեղ առկա ամֆիբոլիտային ֆացիաները ռետրոգրադ փոխակերպման հետևանքով վեր են ածվել կանաչքարային դիաֆտորիտների: Իր ամբողջ գիտական գործունեությունը պրպտող գիտնականը նվիրել է Հայաստանի տարածքի մինչքեմբրյան և մեզոզոյան ժամանակահատվածների երկրաբանական կառուցվածքին առնչվող բարդ և խրթին բազմաբնույթ խնդիրների լուծման հարցերին: 

Առանձնապես խոշոր է նրա ավանդը մագմատիզմի, միներալոգիայի, պետրոգրաֆիայի, պետրոքիմիայի, իզոտոպային թվագրության, ռեգիոնալ երկրաբանության, երկրաբանական քարտեզագրության, շերտագրության ասպարեզում: Մասնավորապես, գիտնականը կազմել է տարբեր մասշտաբների երկրաբանական քարտեզներ՝ ՀԽՍՀ տարածքի մագմատիզմի և մետամորֆիզմի 1:20000 (համահեղինակությամբ), Ստեփանավանի շրջանի երկրաբանականխատեսումային ու Կոտայքի մարզի բյուրեղային հիմքի երկրաբանապետրոգրաֆիական 1:50000, Նյուվադիի շերտախմբի (հարավային Սյունիք) ու Հախումի բյուրեղային զանգվածի (հյուսիսային Հայաստան) 1:25000, ինչպես նաև Ապարանի սերիայի (կենտրոնական Հայաստան) Միրաք-Թուխմանուկի ոսկու հանքավայրի երկրաբանականխատեսումային 1:10000 մասշտաբների քարտեզներ: Մանրամասն ուսումնասիրել է քարտեզագրված տարածքների երկաբանական ապարների նյութական կազմը և առաջացման պայմանները. ապացուցել է, որ միջինհատիկային օլիվինային գաբրոները համապատասխանում են Մեղրիի պլուտոնի մոնցոնիտային ինտրուզիայի ներդրման առաջին փուլին: /Պարզել է, որ Նյուվադի շերտախմբի քվարցիտային առաջացումները իրականում փոխակերպված ռիոլիտներ են:/ Պարզել է, որ Մեղրու պլուտոնից անմիջապես հարավ տեղակայված Նյուվադի շերտախմբի մետամորֆային ապարները կոնտակտ-մետամորֆային բնույթի են, այլ ոչ՝ մինչքեմբրյան բյուրեղային զանգվածի ելուստներ, ինչպես ընդունված էր համարել մինչ այդ: Այլ երկրաբանների հետ համատեղ Վայքի վերին կավճի կոնգլոմերատներում Հայաստանի տարածքում առաջին անգամ հայտնաբերել է էգիրինային նորդմարկիտ և  տեշենիտ ապարները, իսկ հյուսիսային Հայաստանի վերին յուրայի հասակի նստվածքներից հայստնաբերել է պիլիտներ: 

1998թ. անվանի երկրաբանը ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի մասնագիտական խորհրդում պաշտպանել է «Հայաստանի բյուրեղային հիմքը» դոկտորական ատենախոսությունը՝ ստանալով երկրաբանամիներալոգիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Առաջին անգամ Հայաստանի, ինչպես նաև ամբողջ կովկասյան տարածաշրջանի մինչքեմբրյան բյուրեղային հիմքի համար առանձնացրել է պրոտերոզոյան հասակի հստակ արտահայտված շերտագրական միավորներ, այն է՝ 2 սերիա՝ Արզականի (միջին պրոտերոզոյ) և Հանքավանի (վերին պրոտերոզոյ), ինչպես նաև 9 շերտախումբ, որոնցից 3-ը՝ միջին պրոտերոզոյի հասակի՝ Բջնու, Սուրբսարգսի, Վանքիձորի, և 6-ը՝ վերինպրոտերոզոյան՝ Բերդիտակի, Հանքավանի, Դալարի, Քասաղի, Գհուկի և Աղվերանի: Այդ շերտախմբերը՝ բացի Գհուկինից, իրենց ուրույն տեղն են զբաղեցրել ՀՀ և ԽՍՀՄ տարբեր շերտագրական բառարաններում և այլ գիտական աշխատանքներում՝ այդ թվում Հ. Սարգսյանի կողմից 2013թ. հրատարակած եռալեզու շերտագրական բառարանում: Հասակային առումով ճշգրտել և վերադասակարգել է Ապարանի շերտախումբը՝ այն վերանվանելով սերիա և նրա մեջ առանձնացնելով հետևյալ շերտախմբերը ավելի հնից դեպի ավելի նորը՝ Սարալանջի, Լուսագյուղի, Թուխմանուկի և Միրաքի: Թվագրել է Ապարանի սերիան միջին-վերին յուրայի ժամանակահատվածով՝ հստակություն մտցնելով նախկինում տիրող բազմակարծության մեջ: 

 Առաջին անգամ ամֆիբոլային թերմոբարոմետրիկ հետազոտության միջոցով որոշել է Քասախի շերտախմբի մետամորֆիզմի ժամանակ ջերմաստիճանային և ճնշման ցուցանիշները: Այդ շերտախմբում առաջինն է բացահայտել մինչքեմբրյան օֆիոլիթներ, որոշել նրանց երկրաքիմիական բնույթը՝ պարզելով, որ այն e-MORB տեսակի է: Զգալի ավանդ ունի Հայաստանի օֆիոլիթային գոտու ուսումնասիրության ասպարեզում. առաջինն է, որ ամբողջ Անդրկովկասի օֆիոլիթային գոտու համար Բազումի հորստի Սառը Աղբյուր տեղամասից հայտնաբերել է  գլաուկոֆանային կամ երկնագույն թերթաքարեր: Բացի այդ, ճշգրտել է մեզոզոյի օֆիոլիթային համալիրի ապարների  պետրոգրաֆիական նոմենկլատուրան: Վերջին տարիներին գիտնականը զբաղվում է ՀՀ տարածքի երկրակեղևի առաջացման մոբիլիստական մոդելի մշակման հարցերով, որի հիման վրա նորովի առանձնացրել է ՀՀ տարածքի հիմնական տեկտոնական միավորները: Հեղինակ և համահեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատությունների՝ այդ թվում 10 մենագրության և 13 ձեռագիր հաշվետվության:

 

Հայկ Մելիք-Ադամյան

ՄՅՈՒԴԻԿ ԱԲԳԱՐԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ
(1933-2022)


Հայաստանի երկրաբանական հանրությունը ծանր կորուստ կրեց: 2022թ. օգոստոսի 1-ին կյանքից հեռացավ ճանաչված երկրաբան, երկրաբանամիներալոգիական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետի բազմամյա և վաստակաշատ դասախոս Մյուդիկ Աբգարի Մովսիսյանը: Մ. Մովսիսյանը ծնվել է 1933թ. սեպտեմբերի 3-ին Երևանում անվանի մտավորական, մանկավարժական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աբգար Խաչատուրի Մովսիսյանի ընտանիքում: 1951թ. ավարտելով միջնակարգ դպրոցը, ընդունվում է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետ, որն էլ հաջողությամբ ավարտում է 1956թ.՝ ստանալով ճարտարագետ-երկրաբանի որակավորում: Այնուհետև աշխատում է Ալավերդու շրջանում որպես երկրաբան: 

1959-1970թթ. աշխատում է ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում որպես ճարտարագետ և կրտսեր գիտական աշխատող: 1964թ. լիթոլոգիայի խոշորագույն մասնագետ երկրաբանամիներալոգիական գիտ. դոկտոր, պրոֆ. Սերգեյ Գալուստի Սարգսյանի գիտական ղեկավարությամբ ԵՊՀ-ի մասնագիտական խորհրդում Մ. Մովսիսյանը պաշտպանում է «ՀԽՍՀ մերձերևանյան շրջանի նեոգենյան հալոգեն նստվածքների լիթոլոգիան և առաջացման պայմանները» թեմայով գիտական ատենախոսությունը՝ ստանալով երկրաբանամիներալոգիական գիտ. թեկնածուի գիտական աստիճան: Այս աշխատությունում մեծածավալ փաստացի նյութերի (հորատանցքերի և երկրաբանական կտրվածքների) բազմակողմանի և խորը վերլուծության հիման վրա՝ միներալոգիական, սպեկտրալ, ռենտգենոստրուկտուրային և այլ մեթոդներով, շնորհաշատ հետազոտողը բացի լիթոլոգիական խնդիրներից առաջին անգամ դիտարկում է աղային նստվածքների, ինչպես նաև այդ նստվածքները ներքևից (կարմրավուն կամ հացավանի շերտախումբ) և վերևից (գիպսաբեր նստվածքներ) ներփակող ապարների առաջացման հնաշխարհագրական պայմանները և ծագումնաբանական առանձնահատկությունները: Երիտասարդ հետազոտողին հաջողվում է ընդհանուր առմամբ, ի տարբերություն մի քանի այլ ուսումնասիրողների, որոշակի ճշգրտությամբ թվագրել աղային նստվածքների երկրաբանական հասակը (ջրվեժի աղաբեր-գիպսաբեր շերտախումբ) միջին միոցեն կոնկի հարկով: Գիտնականի այդ եզրահանգումը առանձնապես չի տարբերվում ներկայիս պատկերացումներից, որոնց համաձայն ջրվեժի՝ արդյունաբերական նշանակության քարաղի հսկայական պաշարներով հարուստ աղաբեր-գիպսաբեր շերտախումբը թվագրվում է միջին կարագանի վարնենյան ենթահարկի միջակայքով, այսինքն՝ կազմավորվել է մոտ 14.4-13.9 մլն տարի առաջ: 

Մ. Մովիսիսյանը առաջինն է, ում հաջողվում է Հայաստանի տարածքում՝ Երևանից քիչ հյուսիս-արևելք տեղակայված Պտղնի-1 հորատանցքի մոտ 800-ից 1200մ խորություններից վերհանած կեռնային նյութից առանձնացնել կալումիական աղերին բնորոշ կառնալիտ KCl-MgCl-6H20 և սիլվինիտ NaCl + mKCl միներալները: Սակայն, ի տարբերություն համաշխարհային դասական աղաբեր հանքավայրերի, որտեղ հեշտ լուծվող կալիումական աղերը որպես կանոն տեղաբաշխված են լինում կտրվածքների վերին հատվածներում՝ Պտղնիի հորատանցքում նկատվում է հակառակ պատկերը, որը գիտնականը բացատրում է բազալտանման լավաների ներխուժմամբ բարձր խտության աղային լուծույթներով հագեցված ջրավազան՝ ռապա, ընդ որում լավաները մեծապես նպաստել են ջրերի գոլորշիացման ինտենսիվությանն ու արագությանը: Ըստ գիտնականի՝ մեծ հավանականությամբ կալիումիական աղային նստվածքները կարող են տարածվել դեպի արևելք՝ հասնելով մինչև Սևանի ափամերձ հատված` Գավառ: Հաշվի առնելով ներկայիս կալիումական աղային պարարտանյութերի համաշխարհային ճգնաժամը՝ Մ. Մովսիսյանի մոտ 60 տարի առաջ կատարված բացահայտումները գործնական տեսանկյունից առավել քան արդիական են: Նա նաև առաջինն էր, ով Ջրվեժի շրջակայքի գիպսաբեր ապարների դաշտային ուսումնասիրությունների հիման վրա բացահայտել է այդ շերտախմբի ռիթմիկ կառուցվածքը և առանձնացրել 10 այդպիսի միմյանց հաջորդող գիպսային և կավային ռիթմ, որոնցից յուրաքանչյուրը առաջացել է միջին կարագանում՝ մի քանի տասնյակ տարիների ընթացքում, և փոխկապակցված է եղել այս կամ այն կլիմայական՝ հիմնականում արիդ պայմանների հետ: 

1970թ. Մ. Մովսիսյանը տեղափոխվում է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետ և ավելի քան քառասուն տարի դասավանդում մայր բուհում «լիթոլոգիա» և «ընդհանուր երկրաբանություն» առարկաները, ինչպես նաև դասավանդում Գավառի պետական համալսարանում և ՀՀ այլ բուհերում: Ղեկավարել է ուսանողների դաշտային պրակտիկ աշխատանքները: Հեղինակ և համահեղինակ է մեկ տասնյակից ավելի գիտական աշախտության և երկու ձեռագիր հաշվետվության: Վաստակաշատ դասախոսը կրթել և դաստիարակել է երկրաբանների մի քանի սերունդ՝ այդ թվում տողերիս հեղինակին: Մշտապես աչքի է ընկել ընդգծված բարեհամբույրությամբ, մեծ կամեցողությամբ և համեստ վարքագծով: Մ. Մովսիսյանը վառ անհատականություն էր՝ օժտված դասավանդման յուրահատուկ տաղանդով, բարձր ընդհանուր զարգացվածությամբ, լայնախոհությամբ: Շատ լավ հասկանում էր նաև արվեստի տարբեր ճյուղերից: Մեծ հարգանք էր վայելում, ինչպես երկրաբանական հանրության, այնպես էլ ուսանողների շրջանում: Մ. Մովսիսյանը հավերժ կմնա բոլոր նրան ճանաչողների սրտերում: 

Հայկ Մելիք-Ադամյան

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍՏԵՓԱՆԻ
(ծննդյան 120-ամյակին)
(1902-1950)

 

Լրացավ մեծանուն երկրաբան, երկրաբանամիներալոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Ստեփանյանի ծննդյան 120-ամյակը: Ծնվել է 1902թ. Ալեքսանդրապոլ (ներկայումս Գյումրի) քաղաքում: 1921թ. տեղի կոմերցիոն ուսումնարանն ավարտելուց հետո ուշիմ երիտասարդն ընդունվում է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտ, իսկ 1925թ. տեղափոխվում է Նովոչերկասկ քաղաքի Դոնի պոլիտեխնիկական ինստիտուտ, ուր 1930թ. ստանում է լեռնային ճարտարագետի որակավորում:

Դեռևս ուսանողական տարիներին մասնակցում է Հայաստանի Արարատյան դաշտավայրի և Ձորագետի տարածքի երկրաբանական ուսումնասիրություններին, ինչպես նաև ղեկավարում է Դոնի պոլիտեխնիկական ինստիտուտի Հյուսիս-Կովկասյան մարզի գրունտերի և ջրերի ֆիլտրացիայի լաբորատորիան: Ուսումն ավարտելուց հետո երիտասարդ մասնագետը սկզբում կարճ ժամանակով աշխատում է Զանգեզուրի պղնձի կոմբինատում որպես երկրաբան, իսկ այնուհետև տեղափոխվում է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատ՝ որպես գլխավոր երկրաբան՝ ամբողջովին նվիրելով իր հետագա գիտաարտադրական կարճատև, բայց բեղուն գործունեությունը հյուսիսային Հայաստանի մետաղական օգտակար հանածոների՝ առավելապես պղնձահրաքարային  հանքավայրերի ուսումնասիրությանը: 

1935թ. Հ. Ստեփանյանին հրավիրում են ԵՊՀ-ի երկրաբանական ֆակուլտետ, որտեղ ֆակուլտետի պատմության մեջ առաջին անգամ նա սկսում է դասավանդել Հայաստանի մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոներ առարկան: Նույն թվականին սկսում է աշխատել նաև ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի (Արմֆան) նորաստեղծ երկրաբանական գիտությունների ինստիտուտում որպես ավագ գիտական աշխատող՝ հաջողությամբ համատեղելով դասախոսական և արտադրական գործունեությունը գիտական աշխատանքի հետ: 1939թ. պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն «Ախթալայի բազմամետաղային հանքավայրի հետազոտությունները» թեմայով: 

1938թ.-ից մինչև կյանքի վերջ եղել է երկրաբանական ֆակուլտետի անփոփոխ դեկանը՝ միաժամանակ աշխատելով որպես նույն ֆակուլտետի կիրառական երկրաբանության ամբիոնի վարիչ, իսկ 1950թ.-ին ստացել է պրոֆեսորի կոչում: 1948թ. Հ. Ստեփանյանը պաշտպանում է «Հյուսիսային Հայաստանի պղնձի հանքավայրերի երկրաբանությունը» թեմայով դոկտորական ատենախոսություն: 

Այս խոշորածավալ աշխատության մեջ առաջին անգամ ընդհանրացվել և բազմակողմանիորեն վերլուծվել են Հյուսիսային Հայաստանի պղնձահրաքարային (Ալավերդի, Շամլուղ) և բազմամետաղային (Ախթալա և այլն) հանքավայրերի երկրաբանական կառուցվածքին, մետաղածնությանը, մագմատիզմին, շերտագրությանը և տեկտոնիկային առնչվող հարցեր: Գիտնականը հիմնավորում է, որ այս հանքավայրերում հնարավոր է հայտնաբերել շտոկվերկային և այլ տիպի հանքայնացումներ, որոնց բացահայտման համար պետք է կիրառել նաև տարբեր տեսակի երկրաբանական և երկրաֆիզիկական ուսումնասիրություններ: Ճշգրտել է նաև այսպես կոչված ստորին կանաչավուն անդեզիտների (պորֆիրիտների) տեղադիրքը (Լալվարի շերտախումբ, օքսֆորդ՝ ըստ Ն. Ազարյանի), ինչպես նաև մատնանշել է Ախթալայի բազմամետաղային հանքավայրի շրջակայքի հանքաբեր քվարցային անդեզիտների (վերին բայոս) ավազաքարեր պատռող բնույթը: 

Գիտնականն առաջինն է ուսումնասիրել նաև Հյուսիսային Հայաստանի (Լալվար-Ստեփանավանի տեղամաս) կայնոզոյան հասակի խոշոր գրանիտային ինտրուզիաների (Լալվար, Ուռուտ, Կողես, Յաղդան և այլն) երկրաբանական առանձնահատկությունները, ծագումնաբանությունը և պետրոլոգիան: 

Մեծ է գիտնականի ավանդը Հայաստանի ոչ մետաղական օգտակար հանածոների ուսումնասիրության գործում: Մասնավորապես Հ. Ստեփանյանը մանրամասն հետազոտել է Արթիկի, Անիի և Երևանի շրջակայքի հրաբխային տուֆերի հանքավայրերը, Հյուսիսային Հայաստանի Շահնազարի գունավոր տուֆերը, ինչպես նաև Ծաթերի և Բերդավանի ֆելզիտային տուֆերը: Ուսումնասիրել է նաև ալյումինի հումքի համար պիտանի բոքսիտանման ապարների հանքերևակումները Նոյեմբերյանի, Սպիտակի, Դիլիջանի, Աղվերանի և այլ շրջաններում: Ա.Ն. Ամրոյանի հետ համատեղ դեռևս 1940-ական թվականների վերջերին ուսումնասիրել է նաև մերձերևանյան տարածքի հնարավոր նավթաբերության հարցերը:

Հ. Ստեփանյանը զգալի ավանդ ունի նաև երկրաբանության հանրամատչելիության և հանրահռչակության մեջ: Ուշագրավ է դեռևս 1946թ.-ին  նրա հեղինակությամբ հրատարակված «Հայկական ՍՍՌ ռելիեֆի առաջացման հիմնական էտապները» գրքույկը՝ գրված պարզ հանրամատչելի լեզվով: Կարևոր է նշել, որ դուրս գալով այդ ժամանակ ընդունված ֆիքսիստական տեսության գիտական կարծրատիպերի սահմաններից՝ հեղինակը, դրսևորելով աննախադեպ լայնախոհություն հայ երկրաբանության պատմության մեջ, այս գրքում որպես ռելիեֆածին հիմնական գործոն բազմիցս ընդգծում է հորիզոնական կամ տանգենցիալ շարժումների գերակայությունը՝ համահունչ ներկայիս մոբիլիստական ընդունված տեսակետին, որն իր զարգացումը ստացավ միայն 1960-ական թվականների երկրորդ կեսերին: Այդ հետաքրքիր աշխատանքը ցայսօր չի կորցրել իր արդիականությունը և ճանաչողական արժեքը: 

Ընդհանուր առմամբ իր կարճատև, բայց բեղմնավոր 20-ամյա գիտական գործունեության ընթացքում անվանի երկրաբանը հեղինակել և համահեղինակել է 11 գիտական աշխատություն՝ այդ թվում 3 մենագրություն, և 20 ձեռագիր հաշվետվություն: Հ. Ստեփանյանը մեծ հեղինակություն էր վայելում և մտերմիկ ընկերական հարաբերություններ ուներ ժամանակի երկրաբանության այնպիսի ռահվիրանների հետ, ինչպիսիք էին Հ.Տ. Կարապետյանը, Ֆ. Յու. Լևինսոն-Լեսինգը, Ա.Ն. Զավարիցկին, Կ.Ն. Պաֆֆենհոլցը, Վ.Վ. Գրուշեվոյը և այլն: 

 

Հայկ Մելիք-Ադամյան