ՌԱՖԱՅԵԼ ԼԵՎՈՆԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ
(ծննդյան 90-ամյակին)
Լրացավ վաստակավոր երկրաբան, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, թղթակից անդամ, երկրաբանամիներալոգիական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Ռաֆայել Լևոնի Մելքոնյանի 90-ամյակը:
Ռ. Մելքոնյանը ծնվել է 1934թ. նոյեմբերի 29-ին Երևանում ՀԽՍՀ պետական գործիչ Լևոն Մխիթարի Մելքոնյանի ընտանիքում: 1953թ., ավարտելով Երևանի Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը արծաթե մեդալով, նույն թվականին ընդունվում է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, որն էլ գերազանցությամբ ավարտում է 1958թ.՝ ստանալով ճարտարագետ-երկրաբանի որակավորում: Նույն թվականին աշխատանքի է անցնում ԽՍՀՄ Երկրաբանության նախարարության, Անդրկովկասի տարածքում ռադիոակտիվ հումքի (ուրանի) պաշարների հայտնաբերման և հետախուզման հայտնի Գրոմովյան արշավախմբի 103-րդ երկրաբանական ջոկատում որպես երկրաբան-ճարտարագետ: 1960թ.-ից տեղափոխվում է ՀԽՍՀ ԳԱ (հետագայում՝ ՀՀ ԳԱԱ) Երկրաբանական գիտությունների ինստիտուտ (ԵԳԻ), որտեղ 64 տարի անընդմեջ՝ առ այսօր, աշխատում է՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ ասպիրանտ (1961-1964թթ.), կրտսեր գիտական աշխատող (1964-1973թթ.), գիտական քարտուղար (1973-1976թթ.), Պետրոլոգիայի և իզոտոպային երկրաբանության լաբորատորիայի վարիչ (1976-2010թթ.), գիտության գծով փոխտնօրեն (1981-1988թթ. և 1993-2017թթ.): Երիտասարդ գիտաշխատողի գիտական հետաքրքրությունները ի սկզբանե կենտրոնացած էին Ալավերդու հանքային դաշտի ինտրուզիվ գոյացումների պետրոգրաֆիական, միներալոգիական և երկրաքիմիական ուսումնասիրությունների վրա:
1970թ. երիտասարդ գիտաշխատողը Մոսկվայում պաշտպանում է «Ալավերդու հանքային շրջանի ինտրուզիվ համալիրները» թեկնածուական ատենախոսությունը և ստանում երկրաբանամիներալոգիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Այս աշխատությունում Ռ. Մելքոնյանն առաջին անգամ ապացուցում է այդ հանքային դաշտի ինտրուզիվ համալիրների սկզբնական հալոցքների բազալտային կազմի առկայությունը, որը տրամագծորեն տարբերվում էր նախկինում գերիշխող սկզբնային հալոցքների թթու գրանիտային կազմի մասին եղած պատկերացումներից, ինչպես նաև հիմնավորում պղինձ-հրաքարային հանքայնացման կապը այդ բազալտային հալոցքների խորքային օջախների հետ:
Արդեն հայտնի գիտնականը 1989թ. ԽՍՀՄ ԳԱ մետաղական հանքավայրերի, երկրաբանության, պետրոգրաֆիայի, միներալոգիայի և երկրաքաիմիայի (ИГЕМ, Մոսկվա) գիտահետազոտական ինստիտուտի գիտական խորհրդում հաջողությամբ պաշտպանում է դոկտորական ատենախոսություն «Փոքր Կովկասի մեզոզոյան կղզաղեղային գրանիտոիդային ֆորմացիաների պետրոլոգիան և հանքաբերությունը» թեմայով և ստանում երկրաբանամիներալոգիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Այս հիմնարար աշխատությունում, որի ընդդիմախոսներից էր աշխարհահռչակ վրաց ակադեմիկոս Գ.Ա. Տվարչելիձեն, բացահայտվել և նորովի մեկնաբանվել են Փոքր Կովկասի կղզաղեղային համալիրների երկրաբանական կառուցվածքի, հանքագոյացման և պետրոլոգիական որոշ առանձնահատկություններ ու օրինաչափություններ: Ռ. Մելքոնյանի մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում Փոքր Կովկասի տարածաշրջանի համար առաջին անգամ առանձնացվել է պղինձ-մոլիբդենային հանքավայրերի տոնալիտային մոդելի նոր՝ կղզաղեղային տիպ՝ Թեղուտ, Ոսկեպար, Շիկահող Հայաստանում, Կաշեն Արցախում՝ կապված վերին յուրայի հասակի թթու կազմի տոնալիտաին ֆորմացիաների ինտրուզիաների հետ, ինչպես նաև հայտնագործվել են մի շարք պղինձ-մոլիբդենային հանքերևակումներ՝ Ծաղկաշեն Ալավերդու շրջանում և այլն: Հայաստանի օրինակով առաջին անգամ ցույց են տրվել տարբեր երկրադինամիկ պայմաններում կղզաղեղային (Թեղուտ-Կաշեն և այլն) և կոլիզիայի հետևանքով առաջացած (Քաջարան-Ագարակ և այլն) պղինձ-մոլիբդենային պորֆիրային հանքավայրերի սկզբունքային տարբերությունները:
Մագմային հալոցքների ասիմիլիյացիայի և դիֆերենցիացիայի գործընթացների տարբերակման համար Ռ. Մելքոնյանի կողմից (համահեղինակ՝ Մ. Հակոբյան) մշակվել է թթվածնաիզոտոպային հետազոտությունների մի նոր մեթոդ, և առաջին անգամ ապացուցվել է պղինձ-մոլիբդենային հանքավայրերի առաջացման մեջ հիդրոթերմալ լուծույթների կազմում ծովային ջրերի և նրանց մեջ պարունակվող ծծմբի ակտիվ մասնակցության փաստը: Ռ. Մելքոնյանը (համահեղինակներ՝ ԵԳԻ-ի գիտաշխատողներ Ռ. Տայան, Ռ. Ղուկասյան, Մ. Հարությունյան) ռուբիդիում-ստրոնցիումային իզոտոպային հետազոտությունների արդյունքում բացահայտել է Մեղրիի պլուտոնի առաջացման երեք տարատեսակ և տարահասակ ինքնուրույն համալիրներ և առաջին անգամ պարզաբանել է երկու տարբեր հասակի՝ բարտոնի (41-37 մլն տարի) և վերին ռյուպելի (31-28 մլն տարի) հասակի մոնցոնիտների առկայությունը այդ պլուտոնում:
Ռ. Մելքոնյանը (համահեղինակներ՝ Ռ. Մորից, Դ. Սելբի, Ռ. Տայան, Ռ. Ղուկասյան, Ս. Հովակիմյան) առանձնացրել է հայ-իրանական պղինձ-մոլիբդենային պորֆիրային հանքայնացման մոտ 2000 կմ ձգվածության նոր դիսկրետ պրովինցիա, որի սահմաններում տեղաբաշխված են այնպիսի հսկայական հանքավայրեր, ինչպիսիք են Քաջարանը Հայաստանում և Սար-Չեշմենը հարավային Իրանում:
Ականավոր գիտնականը վերջին տասնամյակներում ղեկավարել և համաղեկավարել է ՀՀ տարածքի մագմայականության և մետաղագոյացման տարբեր միջազգային աշխատանքային խմբերի (ԱՄՆ, Թայվան, Շվեյցարիա և այլն), մի շարք գիտական խոշոր նախագծերի (INTAS, SCOPES, CRDF և այլն) աշխատանքները: Հայ-ֆրանսիական համագործակցության արդյունքում կարևոր և նոր տեղեկատվություններ են ստացվել ՀՀ տարածքի օֆիոլիտների մասին (համահեղինակներ՝ Ա. Ավագյան, Ղ. Գալոյան, Տ. Դանիելյան, Յ. Ռոլլանդ, Լ. Սահակյան, Մ. Սոսսոն և այլն): Ռ. Մելքոնյանը հեղինակ և համահեղինակ է ավելի քան 130 գիտական աշխատությունների՝ այդ թվում բազմաթիվ հոդվածների արտասահմանյան բարձր գործակից ունեցող պարբերականներում, 4 մենագրության (3-ը՝ համահեղինակությամբ), որոնցից մեկը նվիրված է Արցախի երկրաբանությանը և օգտակար հանածոներին, ինչպես նաև 6 ձեռագիր հաշվետվությունների: ՀՀ տարածքի մի շարք երկրաբանական ու մետաղական օգտակար հանածոների տարբեր մասշտաբի քարտեզների համահեղինակ է: Զգալի է գիտնականի ավանդը երկրաբանական գիտությունների պատմության ուսումնասիրության ասպարեզում: 1994թ.-ից ՀՀ ԳԱԱ «Գիտություններ երկրի մասին» գիտական պարբերականի խմբագրական կոլեգիայի անդամ է, իսկ 2018թ.-ից՝ գլխավոր խմագիրը:
Ռ. Մելքոնյանը մշտապես աչքի է ընկնում առանձնահատուկ աշխատասիրությամբ և պատասխանատվության բարձր զգացումով, լայն գիտական մտահորիզոնով, մեղմաբարո և համեստ վարքագծով և իր գործընկերների շրջանում վայելում է մեծ հեղինակություն:
Երկրաբանությանը մատուցած ծառայությունների համար 1985թ. նրան շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան պատվավոր կոչումը: 2000թ. դեկտեմբերին Ռ. Մելքոնյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, 1998թ.՝ ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, իսկ 2022թ. նրան շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչի պատվավոր կոչում: 2010թ. պարգևատրվել է Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի Լեոնարդ Էյլերի անվան մեդալով, իսկ 2013թ.՝ ՀՀ Անանիա Շիրակացի մեդալով:
ՀՀ ԳԱԱ Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունք
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
ՀՀ ԳԱԱ «Գիտություններ երկրի մասին» տեղեկագրի խմբագրություն