Ինստիտուտի մասին

 Հայաստանի Ժողկոմխորհրդի 1935 թ. հունվարի 28-ի որոշմամաբ «… Բնական արտադրողական ուժերի բնագավառում գիտահետազոտական աշխատանքների ուժեղացման նպատակով…» հիմնադրվեց ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղն երեք ինստիտուտներով, այդ թվում՝ Երկրաբանական ինստիտուտը: Երկրաբանականինստիտուտի հիմք ծառայեց 1934թ. Երևան հրավիրված ականավոր երկրաբան Հ.Կարապետյանի կողմից հիմնադրված Ժողկոմխորհրդին կից «Կիրառական երկրաբանության և հանքաբանության» ինստիտուտը: ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի նախագահ նշանակվեց աշխարհահռչակ երկրաբան, ակադեմիկոս Ֆ.Լևինսոն-Լեսինգը, Երկրաբանական ինստիտուտի տնօրեն` Հ.Կարապետյանը:  Ինստիտուտի կառուցվածքում ընդգրկված էին երեք բաժիններ` երկրաբանության, պետրոգրաֆիայի և ջրաերկրաբանության: 
1937թ. Ինստիտուտում, Հ.Կարապետյանի նախաձեռնությամբ, ստեղծվեց Երկրաբանական թանգարան, որի հիմքը կազմեցին նրա կողմից տարբեր երկրներում երկրաբանական հետազոտությունների ընթացքում հավաքված նմուշները: Հետագա տարիներին թանգարանը, որին Հ.Կարապետյանի մահից (1943թ.) հետո շնորհվեց նրա անունը (1944թ.), համալրվեց բազմաթիվ նոր նմուշներով:
Ինստիտուտի գիտական ուղղությունների որոշման հարցում կարևոր դեր խաղաց ակադեմիկոս Ֆ. Լևինսոն-Լեսինգը, որի ղեկավարությամբ մինչ այդ (1927-1932թթ.), Լենինգրադի (այժմ` Սանկտ-Պետերբուրգ) և Մոսկվայի մասնագետների կողմից կատարվել էին Հայաստանի երկրաբանության, օգտակար հանածոների, ջրային և հողային ռեսուրսների մեծածավալ համալիր հետազոտություններ:
    Ինստիտուտն իր գործունեությունը սկսեց բավականին համեստ նյութատեխնիկական և կադրային հնարավորություններով: Բավական է նշել, որ 1935թ. Ինստիտուտն ուներ ընդամենը 22 աշխատող, այդ թվում` 10 գիտական աշխատակից առանց գիտական աստիճանի: 1935թ. նոյեմբերին Հայաստանի Կենտգործկոմի որոշմամբ Հ.Կարապետյանին շնորհվեց «Գիտության վաստակավոոր գործիչ» պատվավոր կոչումը, իսկ 1936թ., ԽՍՀՄ ԳԱ նախագահության որոշմամբ, առանց ատենախոսության պաշտպանության, երկրաբանա-միներալոգիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում: Սկզբնական շրջանում ինստիտուտը իրականացնում էր երկրաբանական որոնողական և գիտական հետազոտություններ, որոնց խնդիրն էր Հայաստանի տարածքի մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոների, հանքային ջրերի հանքավայրերի բացահայտումը և ուսումնասիրումը, նրանց շահագործման հեռանկարների գնահատումը:
    Ինստիտուտի բարձրակարգ գիտական կադրերի պատրաստման գործում մեծ օգնություն ցուցաբերեցին Մոսկվայի և Լենինգրադի առաջատար գիտահետազոտական ինստիտուտները և բարձրագույն ուսումնական հաստատությունները: Ինստիտուտի գիտական ներուժը զգալիորեն ամրապնդվեց անցյալ դարի 30-ական թվականների երկրորդ կեսից Թբիլիսիից և Բաքվից Երևան տեղափոխված հայազգի մասնագետների շնորհիվ (Ս.Մկրտչյան, Ս.Մովսեսյան, Ն.Դոլուխանովա, Է.Խաչատրյան, Ն.Սահակյան և այլոք): Տեղական երկրաբանական կադրերի պատրաստման գործում որոշիչ նշանակություն ունեցավ 1934թ. Երևանի Պետական համալսարանում երկրաբանա-աշխարհագրական ֆակուլտետի հիմնադրումը, որը 1941թ. բաժանվեց ինքնուրույն երկաբանական և աշխարհագրական ֆակուլտետների, իսկ 1949 թվականին՝ լեռնային ֆակուլտետը  Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում (այժմ՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան): Հանրապետության տարածքի երկրաբանության ուսումնասիրման և կադրերի պատրաստման գործում կարևոր դեր ունեցան Հ.Կարապետյանը, Տ.Ջրբաշյանը, Պ.Ղամբարյանը, Հ.Ստեփանյանը, Կ.Պաֆենհոլցը, Ա.Դեմյոխինը, Ս.Մկրտչյանը, Հ.Մաղաքյանը, Ա.Ասլանյանը, Ա.Գաբրիելյանը, Ս.Մովսեսյանը, Ն.Դոլուխանովան և այլոք:
    Հայրենական պատերազմի տարիներին (1941-1945թթ.) Ինստիտուտի գիտական անձնակազմը զբաղված էր հիմնականում Հանրապետության մետաղական, առաջին հերթին` Կապանի, Ալավերդու, Շամլուղի պղինձ-հրաքարային     հանքավայրերի ուսումնասիրմամբ և նրանց հեռանկարների գնահատմամբ: Կարևոր հետազոտություններ կատարվեցին Սյունիքում` պղինձ-մոլիբդենային հանքայնացման ուսումնասիրման և նրա հեռանկարների պարզաբանման ուղղությամբ (Ս.Մովսեսյան): Միաժամանակ իրականացվեցին գիտական և կիրառական հետազոտություններ ջրաերկրաբանության և ինժեներային երկաբանության ոլորտներում (Գ.Օգանեզով, Ա.Դեմյոխին): Հայտնաբերվեցին և բազմակողմանի ուսումնասիրվեցին հանքային ջրերի աղբյուրները (Ա.Դեմյոխին և ուր.), որոնցից խոշորների վրա (Արզնի, Ջերմուկ, Դիլիջան, Հանքավան) կառուցվեցին առողջարաններ:
    Ինստիտուտի պատմության երկրորդ փուլը (1945-1974թթ.) սկիզբ է առնում հետպատերազմյան առաջին տարիներին, երբ ծավալվեցին հետազոտություններ հանքաբերության, մետաղագոյացման (Հ.Մաղաքյան), տեկտոնիկայի (Ա.Ասլանյան), կենսաշերտագրության (Ա.Ասլանյան, Ռ.Առաքելյան) բնագավառներում:
    Հարկ է հատուկ նշել ակադ. Հ.Մաղաքյանի աշխատությունները հանքային ֆորմացիաների ու մետաղագոյացման պրովինցիաների ուսմունքի, և ընդհանրապես մետաղագոյացման բնագավառներում, որոնք առաջիններից մեկն էին ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
    1950-1960 թվականներին Ինստիտուտը համալրվեց Հանրապետության ԲՈՒՀ-երի շրջանավարտներով, ինչի արդյունքում նոր թափ ստացան հետազոտությունները կենսաշերտագրության, լիթոլոգիայի, տեկտոնիկայի, մագմատիզմի և մետամորֆիզմի, հանքառաջացման և երկրաքիմիայի, հրաբխականության և այլ բնագավառներում: Կազմակերպվեցին նոր սեկտորներ, խմբեր (հազվագյուտ և ցրված տարրերի, 1957թ., երկրաֆիզիկայի, 1945թ., աշխարհագրության, 1958թ. և ուր., լաբորատորիաներ՝ սպեկտրալ, 1956թ., բացարձակ հասակի, 1958թ., էլեկտրոնային մանրադիտարկման և ռենտգենյան, 1959թ.): Արտադրության հետ կապերն ամրապնդելու և օպերատիվ օգնություն ցուցաբերելու նպատակով գլխավոր հանքային շրջաններում ստեղծվեցին Ինստիտուտի ինքնուրույն գիտահետազոտական բազաներ` Քաջարանի (1956թ.), Վարդենիսի (1958թ.), Ալավերդու (1963թ.):
1950թ. Հայաստանի պղինձ-մոլիբդենային հանքավայրերի (Քաջարան, Դաստակերտ) հայտնաբերման, ուսումնասիրման և արդյունաբերական շահագործման հանձնելու  համար Ինստիտուտի և Երկրաբանական վարչության մի շարք աշխատակիցներ` Ս.Մովսեսյանը, Ս.Մկրտչյանը, Հ.Մաղաքյանը, Գ.Հարությունյանը, Մոսկվայի ու Լենինգրադի գիտաարտադրական կազմակերպությունների աշխատակիցների հետ արժանացան ԽՍՀՄ Պետական մրցանակի:
    Հայաստանի և հարակից շրջանների երկրաբանությանը նվիրված «Геология Армении» հիմնարար մենագրության համար ակադ. Կ.Պաֆենհոլցը արժանացավ գիտության բնագավառում ԽՍՀՄ  1-ին կարգի Պետական մրցանակի (1950 թ.):
Տարբեր տարիներին որոշակի ուղղություններով աշխատանքների զգալի ծավալման նպատակով  Ինստիտուտից անջատվեցին և ինքնուրույն ինստիտուտների կարգավիճակ ստացան Ջրային պրոբլեմների (1941թ.), Տնտեսագիտության (1955թ.), Լեռնամետալուրգիական (1957թ.) սեկտորները և Երկրաֆիզիկայի խումբը: Վերջինս հիմք հանդիսացավ 1961թ. Լենինականում (այժմ` Գյումրի) Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի հիմնադրման համար:
Ինստիտուտի կարևոր նվաճումներից դարձավ «Геология Армянской ССР» բազմահատորյակի (10 հատոր) հրատարակումը 1962-1972թթ.:
    «Редкие и благородные элементы в рудных формациях Армянской ССР» մենագրության համար նրա հեղինակները` Հ.Մաղաքյանը, Գ.Փիջյանը, Ա.Ֆարամազյանը, Շ.Ամիրյանը, Ա.Կարապետյանը, Վ.Պարոնիկյանը, Ռ.Զարյանը, Բ.Մելիքսեթյանը, Ա.Հակոբյանը 1976թ. արժանացան Հայկական ՍՍՀ Պետական մրցանակի գիտության բնագավառում:
    Ինստիտուտի պատմության հաջորդ` երրորդ փուլը (1975-1989) բնորոշվում է նրա  կառուցվածքի և թեմատիկայի զգալի փոփոխություններով, այդ թվում` հիմնարար հետազոտությունների, արտադրական կազմակերպությունների հետ կապերի, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի հետազոտությունների ուժեղացմամբ: Կազմակերպվեցին շերտագրության և հնէաբանության, տեկտոնիկայի, կանխատեսումա-մետաղագոյացման, մաթեմատիկական մեթոդների կիրառման (այժմ՝ երկրաբանական տեղեկատվության), ինժեներային երկրաբանության լաբորատորիաները, ինքնուրույն միավորի կարգավիճակ ստացավ Բացարձակ երկրաժամանակագրության լաբորատորիան: Հարկ է հիշատակել այդ տարիներին ակադ. Ա.Ասլանյանի կողմից հրատարակած նորարարական տեսական աշխատանքները, որոնցում քանակական հիմքի վրա քննարկվեցին Երկրի ներքին կառուցվածքի, նյութական կազմի, ֆիզիկական դաշտերի ու զարգացման հիմնահարցերը:
    Հայաստանի երկրաբանական ծառայության արտադրական կազմակերպությունների (որոնք ունեին հիմնական ավանդը գլխավոր հանքավայրերի հայտնաբերման և արդյունաբերական գնահատման գործում), առաջին հերթին` Երկրաբանական վարչության և Գունավոր մետալուրգիայի վարչության հետ ծավալված սերտ համագործակցության շնորհիվ տարբեր տարիներին ինստիտուտի կողմից մանրակրկիտ ուսումնասիրվեցին և քարտեզագրվեցին Քաջարանի, Ագարակի, Դաստակերտի պղինձ-մոլիբդենային, Սոթքի, Մեղրաձորի, Շահումյանի ոսկու, Հրազդանի, Սվարանցի և Կապուտանի երկաթի, Ալավերդու, Շամլուղի, Ախթալայի, Կապանի հրաքարային, ինչպես նաև ոչ մետաղական տարատեսակ հանքավայրերի` տարբեր շինանյութերի, դիատոմիտների, բենթոնիտների, ցեոլիտոլիտների, պեռլիտների, պեմզայի, քարաղի, հանքային ջրերի հանքավայրերը:
    1986թ. Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարների ամփոփիչ հաշվարկի համար Ինստիտուտի Օգտակար հանածոների բաժնի վարիչ, գ/դ Կ.Քարամյանը արտադրական և գիտաարտադրական կազմակերպությունների մի շարք աշխատակիցների հետ միասին արժանացավ ԽՍՀՄ Պետական մրցանակի:
   Առաջնահերթ նշանակություն ստացան վտանգավոր երկրաբանական երևույթների (սողանքներ, փլուզւմներ և ուր.) ուսումնասիրման և նրանց դեմ պայքարի մշակման աշխատանքները (Դիլիջան, Աղստև գետի ավազան և ուր.):
Անցյալ դարի 80-ական թվականներին Ինստիտուտը հանդիսանում էր Հայաստանի ԳԱ համակարգի խոշորագույն ինստիտուտներից մեկը: 1985թ. Ինստիտուտն իր կազմում ուներ 420 աշխատակից, այդ թվում՝ 10 գիտության դոկտոր (որոնցից 2 ԳԱ թղթ.-անդամ), 80 գիտության թեկնածուներ, 130 ինժեներներ: Ինստիտուտի գիտական ներուժը թույլ էր տալիս իրականացնել հետազոտություններ երկրաբանական գիտության կարևորագույն ուղղություններով: Ինստիտուտը մասնակցում էր Համամիութենական նպատակային համալիր գիտատեխնիկական ծրագրերին,  կարևորագույն գիտատեխնիկական պրոբլեմների, Համամիութենական ծրագրերի ԽՍՀՄ ԳՏՊԿ պրոբլեմների, ԽՍՀՄ հինգ կարևորագույն պրոբլեմների լուծման աշխատանքներին: Ինստիտուտը  լայն գիտական համագործակցություն է իրականացրել ԽՍՀՄ ԳԱ, ԲՈՒՀ-երի, մի շարք կենտրոնական առաջատար ինստիտուտների, Վրաստանի և Ադրբեջանի ԳԱ երկրաբանական ինստիտուտների հետ, մասնակցել է սոցիալիստական երկրների գիտությունների ակադեմիաների բազմակողմանի համագործակցության մի շարք ծրագրերի աշխատանքներին:
    ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության 1985թ. հուլիսի 1-ի հրամանագրով երկրաբանական գիտության զարգացման և գիտական կադրերի պատրաստման գործում ունեցած վաստակի համար Ինստիտուտը պարգևատրվեց Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով:
    1990թ.-ից սկիզբ է առնում Ինստիտուտի պատմության նոր փուլ: ԽՍՀՄ փլուզման արդյունքում զգալի փոփոխություններ տեղի ունեցան Հայաստանի Հանրապետությունում գիտության կազմակերպման և ֆինանսավորման ոլորտներում: Ինստիտուտի բյուջետային և պայմանագրային ֆինանսավորման էական կրճատման պայմաններում կատարվեցին կառուցվածքային և թեմատիկայի առաջնայնությունների փոփոխություններ (բաժինների միացում, լաբորատորիաների, աշխատակիցների հաստիքների թվաքանակի կրճատում): Միևնույն ժամանակ, նկատի ունենալով նոր հրատապ խնդիրները, որոնք ծառացել էին Հանրապետության երկրաբանական գիտության առջև,  հատկապես 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո, կազմակերպվեցին երկրադինամիկայի և վտանգավոր երկրաբանական երևույթների մոնիտորինգի լաբորատորիաները:
    2005 թ. ակադ. Է.Խաչիյանը «Կիրառական երկրաշարժագիտություն» մենագրության համար արժանացավ ՀՀ նախագահի մրցանակի:
    Հայաստանի ինքնուրույն պետականության պայմաններում Ինստիտուտը հնարավորություն ստացավ տարբեր ուղղություններով համատեղ գիտական հետազոտություններ կատարել Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ, Իրանի, Իտալիայի, Թայվանի և այլ երկրների մասնագետների հետ: Այդ աշխատանքների ընթացքում ստացված կարևոր արդյունքները տպագրվել են միջազգային հեղինակավոր ամսագրերում և ժողովածուներում:
    Ինստիտուտի, ՀՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRF) հետ համատեղ ստեղծվել է (2012թ.) Հայ-ֆրանսիական միջազգային լաբորատորիա, որի գործունեության ընթացքում ստացվել են նոր, կարևոր տեղեկություններ սեյսմատեկտոնիկայի և հնագիտության բնագավառներում:
    Իրականացվում է երիտասարդ մասնագետների պատրաստում և վերապատրաստում Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, ԱՄՆ համալսարաններում:
    Տարբեր տարիներին Ինստիտուտը իրականացրել է բազմաթիվ դրամաշնորհային ծրագրեր (CRDF, DARIUS, SCI, INTAS, ISTC, LIA, PICS, NATO, MEBE, SCOPES, IRG և ուր.) և պայմանագրային աշխատանքներ երկրաբանության գրեթե բոլոր կարևորագույն բնագավառներում: 
    2011թ. ՀՀ կառավարության պատվերով  ավարտվեց Հայկական նոր ատոմակայանի հարթակի տարածքի սեյսմիկ և հրաբխականության պայմանները գնահատելու  աշխատանքը, որն ընդունվեց Միջազգային ատոմային գործակալության կողմից և արժանացավ բարձր գնահատականի:
    Ինստիտուտի գործունեության ներկա և մոտակա տարիների հիմնական գիտական ուղղություններն են՝ ռեգիոնալ երկրաբանություն, կենսաշերտագրություն և հնէաբանություն, սեյսմատեկտոնիկա և ակտիվ տեկտոնիկա, երկրադինամիկա և վտանգավոր երկրաբանական երևույթներ, երկրահնէաբանություն և երկրամոնիտորինգ, հրաբխագիտություն, մագմայական համալիրների երկրաբանություն, պետրոլոգիա և հանքաբերություն, նստվածքային և հրաբխանստվածքային առաջացումների լիթոլոգիա, մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոների երկրաբանություն, երկրաքիմիա, մետաղագոյացում, ջրաերկրաքիմիա, ջրաերկրաբանություն և ինժեներային երկրաբանություն, երկրաբանական տեղեկատվություն:
    Հետազոտությունները նշված ուղղություններով կատարվում են հետևյալ լաբորատորիաներում.
    •    Երկրադինամիկայի և վտանգավոր երկրաբանական երևույթների,
    •    Երկրահնէաբանության և երկրամոնիտորինգի,
    •    Ռեգիոնալ երկրաբանության և լիթոլոգիայի,
    •    Հնէաբանության և շերտագրության,
    •    Հրաբխագիտության,
    •    Պետրոլոգիայի ու իզոտոպային երկրաբանության,
    •    Օգտակար հանածոների,
    •    Երկրաբանական տեղեկատվության,
    •    Հիդրոերկրաքիմիական,
    •    Քիմիական: 
    Ինստիտուտի ներկայիս անալիտիկական հնարավորությունները չեն կարող ապահովել երկրաբանական գիտության ժամանակակից պահանջները և այդ պայմաններում Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ, Թայվանի գործընկերների հետ կատարվող համատեղ աշխատանքները թույլ են տալիս օգտագործել նրանց անալիտիկ հնարավորությունները և ապահովել կատարվող հետազոտությունների ժամանակակից մակարդակը:
    Անցած տարիների ընթացքում Ինստիտուտի աշխատակիցները մասնակցել և զեկուցումներով հանդես են եկել Միջազգային Երկրաբանական կոնգրեսներում, բազմաթիվ խորհրդակցություններում և գիտաժողովներում, իսկ նրանց կողմից ստացված գիտական արդյունքները տպագրվել են մենագրությունների և հոդվածների ձևով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հեղինակավոր ամսագրերում և ժողովածուներում:
    Ինստիտուտում, նրա կազմակերպման առաջին իսկ տարվանից, գործում է երկրաբանական գրադարանը, որի հիմքը կազմեց Հ.Կարապետյանի անձնական հարուստ գրադարանը: Ներկայումս գրադարանում հավաքագրված են շուրջ 19800 գիրք ռուսերեն լեզվով, 870` օտար լեզուներով, 15450 ամսագրեր ռուսերեն լեզվով, 5950` օտար լեզուներով, 1390 ատենախոսություններ և գիտական հաշվետվություններ, 2050 ատենախոսությունների սեղմագրեր:
    Ինստիտուտի աշխատակիցների կողմից հրատարակվել է 180 գիրք, քարտեզ, ատլասx), այդ թվում՝ 170 մենագրություն, ինչպես նաև բազմաթիվ հոդվածներ:
    Ներկայումս Ինստիտուտը Հանրապետության միակ գիտական կազմակերպությունն է, որն իրականացնում է ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառական հետազոտություններ երկրաբանության հիմնական ուղղություններով:
    Ինստիտուտին կից 1996թ.-ից գործում է Գիտություններ Երկրի մասին բնագավառի մասնագիտական խորհուրդ, որտեղ մինչև 2017թ. պաշտպանվել են 8 դոկտորական, 39 թեկնածուական ատենախոսություններ:
    2017 թ. ապրիլի 1-ի դրությամբ Ինստիտուտի աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է 165 մարդ, այդ թվում՝ 12 գիտության դոկտոր, որոնցից 2 ակադեմիկոս, 1 թղթ. անդամ, 39 գիտության թեկնածու:
Տարբեր տարիներին Ինստիտուտի տնօրեններն են եղել գ/դ Հ.Կարապետյանը (1935-1939), գ/թ-ներ Ս.Մովսեսյանը (1939-1941), Ա.Դեմյոխինը (1941-1951), ակադեմիկոսներ Ս.Մկրտչյանը (1951-1962, 1971-1974), Հ.Մաղաքյանը (1963-1966), գ/դ Ա.Քոչարյանը (1966-1971), ակադեմիկոսներ Ա.Ասլանյանը (1975-1986), Ս.Գրիգորյանը (1987-1992), Ռ.Ջրբաշյանը (1993-2006), գ/դ Ա.Կարախանյանը (2007-2017): 2017 թ. ապրիլից Ինստիտուտի տնօրենն է գ/դ Խ.Մելիքսեթյանը:

ՀՀ ԳԱԱ ԵԳԻ աշխատակիցների կողմից հրատարակված գրքերի, քարտեզների և ատլասների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ: