Հիշարժան Տարեթվեր

ԱՐԿԱԴԻ ՍՏԵՓԱՆԻ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ
(1951-2017)
Ծննդյան 75-ամյակին

2026թ. մարտի 19-ին լրացավ ականավոր երկրաբան, միջազգային ասպարեզում ակտիվ տեկտոնիկայի և ժամանակակից երկրադինամիկայի ճանաչված մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Արկադի Ստեփանի Կարախանյանի 75-ամյակը:

            Ա.Ս.Կարախանյանը ծնվել է Երևանում, 1951թ.: 1968 թ․ ընդունվել է ԵՊՀ Երկրաբանական ֆակուլտետ և, ուսումն ավարտելուց հետո, 1973թ. աշխատանքի էանցել Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտում: 1983թ. Մոսկվայի պետական համալսարանում հաջողությամբ պաշտպանել է «Անատոլիական, Կովկասյան և Իրանի տարածաշրջանների լինեամենտները ըստ հեռակառավարային զոնդավորման տվյալների» թեկնածուական ատենախոսությունը, այնուհետև, 1995թ., ՌԳԱ Երկրի ֆիզիկայի ինստիտուտում՝ դոկտորական ատենախոսությունը՝ «Անատոլիական, Փոքր Կովկասյան և Իրանական տարածաշրջանի ակտիվ խզվածքները և ուժեղ երկրաշարժերը» թեմայով: 1992-1995թթ. աշխատել է Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում որպես փորձագետ և գլխավոր տնօրենի տեղակալ գիտության գծով: Այնուհետև տեղափոխվել է ԵԳԻ և 1995թ.-իցղեկավարել է ԵԳԻ երկրադինամիկայի և երկրաբանական վտանգների բաժինը: Չսահմանափակվելով ԵԳԻ-ում առկա հնարավորություններով, Ա.Կարախանյանը1998թ. հիմնադրեց «Գեոռիսկ» գիտահետազոտական ընկերությունը, որը ղեկավարեց մինչև 2006թ.: 2006թ. նա ընտրվեց Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն և ղեկավարեց այն մինչև 2017թ.: Հենց այդ տարիներին առավել վառ դրսևորվեցին նրա գիտական և կազմակերպչական հմտությունները:

            Նա առաջիններից մեկն էր, որ 1988թ., Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո, ձեռնարկեց և իրականացրեց երկրաշարժի հետ կապված մակերևութային պատռվածքի ուսումնասիրություն Գառնու խզվածքի հյուսիսային սեգմենտի և Փամբակ-Սևան-Սյունիքի խզվածքի միակցման զոնայում: Այդ ուսումնասիրության եզրակացությունները չէին համապատասխանում այդ ժամանակ գործող երկրաբանների և սեյսմոլոգների մոտ ճանաչում գտած այն կարծիքի հետ, որ Հարավային Կովկասում անհնար է այդպիսի ուժգնության երկրաշարժերի առաջացումը: Այդ ժամանակից Ա. Ս. Կարախանյանի գիտական նվաճումները նոր՝ մասնագիտական առումով ավելի բարձր մակարդակի բերեցին Հայաստանում ակտիվ տեկտոնիկայի, սեյսմիկ ռիսկի և այլ երկրաբանական վտանգների գնահատման բնագավառին առնչվող հետազոտությունները։

Այդ ժամանակ արդեն Ա. Ս. Կարախանյանին, իր հիմնարար և շրջադարձային հետազոտությունների շնորհիվ, ճանաչեցին ամբողջ աշխարհի գիտական հանրությունում: Նրա գիտական հեղինակությունն այնքան բարձր էր, որ բազմաթիվ անգամներ հրավիրվեց հետազոտական աշխատանքնենր կատարելու Իրան, Վրաստան, Թուրքիա, Կիպրոս, Սիրիա, Եգիպտոս, Ղազախստան, Ռուսաստան: Իր գիտական գործունեության տարիներին Ա.Ս.Կարախանյանը ղեկավարել է մի քանի տասնյակ հանրապետական և միջազգային գիտական ու կիրառական նախագծեր:

            Լինելով սկզբունքային, աշխատասեր և բացառիկ պահանջկոտ ինչպես իր, այնպես էլ գործընկերների հանդեպ, նա հատուկ ուշադրություն էր դարձնում Ինստիտուտում նոր ուղղությունների զարգացմանը: Ա.Ս.Կարախանյանի անվան հետ է կապված Հայաստանում ակտիվ տեկտոնիկայի, պալեո- և արխեոսեյսմոլոգիայի գիտական դպրոցների ստեղծումն ու զարգացումը: Լինելով ստեղծագործ, կառուցողական և մեծ աշխատունակությամբ օժտված անհատականություն, նա միաժամանակ մեծ ուշադրություն էր հատկացնում երիտասարդ կադրերի պատրաստմանը: Նրա աշակերտների արդեն մի քանի սերունդներ շարունակում են աշխատել և արարել Երկրաբանական գիտությունների ինստիտուտում, ինչի շնորհիվ Ա.Ս.Կարախանյանի շատ գիտակազմակերպչական ու հետազոտական ծրագրեր ու ձեռնարկումներ ստացել են իրենց հետագա զարգացումը: Դրա վառ օրինակ է 2012թ.միջազգային համագործակցության շրջանակներում Ա․Ս․Կարախանյանի   ղեկավարությամբ ԵԳԻ-ում ստեղծված սեյսմիկ և GPS դիտարկումների ցանցի ընդլայնումն ու մոդեռնիզացումը, ինչի շնորհիվ հաջողությամբ շարունակվում են ակտիվ խզվածքների և ժամանակակից երկրադինամիկայի, երկրաբանական վտանգների ուսումնասիրությունները:

            Արկադի Կարախանյանը մեծ ներդրում ունի Հայաստանում երկրաբանական գիտության զարգացման և բարձր որակավորմամբ գիտական կադրերի պատրաստման գործում:

            Ա.Ս.Կարախանյանը հեղինակ է մի քանի մենագրությունների, տասնյակ գիտական հոդվածների, որոնք հրատարակվել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հեղինակավոր գիտական հանդեսներում, մասնավորապես՝ Tectonophysics, Journal of Volcanology and Geоthermal Research, Bulletin of the Geological Society of America – Special Papers, Annals of Geophysics,Geodinamica Acta, Journal of Quaternary Science, Paleorient, Journal of Geological Science of Japan, Journal of Seismology:Հատուկ արժե նշել նրա վերջին երկու հոդվածները, որոնք հրատարակվել են 2017թ. Bulletin of the Geological Society of America – Special Papers-ում, որտեղ Ա.Ս.Կարախանյանը, համահեղինակների հետ միասին, ընդհանրացրել են Հայաստանի և տարածաշրջանի սեյսմոտեկտոնիկայի, ինչպես նաև՝Հայաստանում ամենամեծ ձգվածությամբ Փամբակ-Սևան-Սյունիքի ակտիվ խզվածքի արխեոսեյսմոլոգիայի վերաբերյալ նոր տվյալները:

            Ա.Ս.Կարախանյանը հաջողությամբ ղեկավարել է բազմաթիվ գիտական և գիտակիրառական նախագծեր, որոնք Հայաստանի կայուն զարգացման համար ունեցել են գիտական և կիրառականմեծ նշանակություն ևտվել նշանակալի արդյունքներ:Նշենք դրանցից մի քանիսը․

– Երևանի, Գյումրու, Դիլիջանի, Ղափանի և այլ քաղաքների սեյսմիկ ռիսկի գնահատում։ Հետազոտություններն իրականացվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախագծերի շրջանակներում:

– Համաշխարհային բանկի նախագծով և Հայաստանի կառավարության կողմից պաշտոնապես հաստատված՝Հայաստանի սեյսմիկ շրջանացման նոր քարտեզի կազմման աշխատանքների ղեկավարում։ Այս հետազոտությոնների հիմքում ընկած էրԱ.Ս.Կարախանյանի և նրա գործընկերների կողմիցբազմամյա հետազոտությունների արդյունքում ստեղծված  Հայաստանի տարածքի սեյսմոտեկտոնական մոդելը։

– Հայկական ատոմակայանի տարածքի սեյսմիկ և հրաբխային վտանգների գնահատման մասշտաբային նախագիծը 2009-2011թթ., երբ քննարկվում էր Հայաստանում ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման հարցը: Աշխատանքը կատարվեց МАГАТЭ-ի չափորոշիչներին համապատասխան և միջազգային փորձագետների կողմից ընդունվեց բարձր գնահատականով:

Ա.Ս.Կարախանյանըղեկավարել է նաև Հայաստանում երկրաջերմային էներգիայի ներուժի հետազոտման գիտակիրառական երկրաբանա-երկրաֆիզիկական նախագիծը (2009-2012)։ 2015-2016թթ. Ա.Ս.Կարախանյանը, Համաշխարհային Բանկի Վերականգնվող Պաշարների և Էներգախնայողության Հիմնադրամի  նախագծով Հայաստանի հարավ-արևելքում, Կարկառի երկրաջերմային դաշտի պաշարների հետազոտման նպատակով հետախուզական հորատման աշխատանքների նախապատրաստման և իրականացման հարցերով տեղական խորհրդականն էր:

Ա.Ս.Կարախանյանի գիտական հետաքրքրությունների լայն շրջանակն ու էրուդիցիան իրենց արտահայտությունը գտան հետազոտություններում, որոնք նրա կողմից կազմակերպվեցին գիտական տարբեր ուղղությունների ՝ երկրաբանության, հնագիտության, բնապահպանության ու պատմության հատման կետերում: Հայրենական և արտասահմանյան հնագետների հետ համագործակցության արդյունքում Հայաստանի երկրաբանները մեծ ներդրում ունեցան մեր երկրի հնագիտական հուշարձանների ոչ միայն հետազոտությունների, այլ նաև նրանց հայտնաբերման գործում:

Ցավոք, Ա.Ս.Կարախանյանի կյանքն անսպասելիորեն ընդհատվեց 2017թ. նոյեմբերի 13-ին, կյանքի 67-րդ տարում, ստեղծագործական ուժերի ծաղկման շրջանում: Անավարտ մնացին մի շարք նախագծեր, հրատարակումներու գիտական պլաններ:

            Ա.Ս.Կարախանյանի վաղաժամ մահից հետո նրա գործընկերների կողմից շատ բան արվեց՝ հավերժացնելու համար նրա հիշատակը: Ֆրանսիայի Լիոն քաղաքում 2018թ. նոյեմբերի 6-7 կայացավ նրա հիշատակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանս՝“Ancient Armenia at the crossroads, in honor of Arkady Karakhаnyan”: Կոնֆերանսը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ ԵԳԻ և CNRS Archéorient, Ֆրանսիա, համատեղ ուժերով և ընդհանրացնում ու ամփոփում էր ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների և Հնագիտության և ազգագրության ինստիտուտների բազայի հիման վրա գործող հայ-ֆրանսիական համատեղ միջազգային լաբորատորիայի (LIA) տասնամյա գործունեությունը: Կոնֆերանսի նյութերից ընտրված մի քանի հոդվածներ հրատարակվել են 2021թ.-ին Quaternary International  հեղինակավոր հանդեսում հատուկ թողարման ձևով:

            2018թ. ՀՀ ԳԱԱ Նախագահության, ԵԳԻ և ԱԻՆ ուժերով կազմակերպվեց միջազգային գիտաժողով՝ նվիված Սպիտակի երկրաշարժի 30-ամյակին`՛՛30 Years After The Spitak Earthquake: Experience And Perspectives”, որի կազմակերպման մտահղացումը Ա.Ս.Կարախանյանինն էր: Այդ կոնֆերանսի շրջանակներում կայացավ Ա.Ս.Կարախանյանի հիշատակին նվիրված գիտական նստաշրջան ”Seismological and geophyisical studies: seismotectonics, paleoseismology, archeoseismology”,որտեղ ներկայացվեցին աշխարհի տարբեր երկրների գիտնականների 21 գիտական զեկուցումներ: Նստաշրջանի բացման խոսքում Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Իտալիայի գիտնականները ներկայացրեցին Ա.Ս.Կարախանյանի ներդրումը նստաշրջանում քննարկվող նյութերում:

            Լոնդոնի Երկրաբանական ասոցիացիայի և Բրիտանական Երկրաբանական ասոցիացիայի կողմից հրատարակվող Geology Today հայտնի գիտահանրամատչելի հանդեսի 2020թ. 3-րդ համարում հայ և բրիտանացի գործընկերների կողմից հրատարակվել է Հայաստանի հրաբխականության և երկրաբանության մասին ծավալուն հոդված՝ նվիրված Ա.Ս.Կարախանյանի հիշատակին:

            Ա.Ս.Կարախանյանի չավարտված շատ գիտական հետազոտություններ այժմ շարունակում են նրա հայ և արտասահմանյան գործընկերները և աշակերտները: 2017թ.-ից հետո, Ա.Ս.Կարախանյանի հետմահու համահեղինակությամբ, միջազգային գիտաժողովներում ներկայացվել է 10 զեկուցում, հրատարակվել երեք հոդված Geological Quarterly, JGR Solid Earth և Quaternary Science Reviews հանդեսներում՝ նվիրված Հայաստանի ակտիվ տեկտոնիկային, Սևանա լճի երկրաբանական կառուցվածքին, սեյսմիկ տոմոգրաֆիայի և նրա երկրաբանական մեկնաբանման հարցերին և այլ միջանկյալ դիսցիպլիններին:

            Ա.Ս.Կարախանյանը INHIGEO` Երկրաբանական գիտության պատմության Միջազգային հանձնաժողովի անդամ էր, Հայաստանի Ինժեներային ակադեմիայի թղթակից-անդամ: Հայաստանի Կառավարության կողմից նա պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստճանի մեդալով, 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետազոտմանը մասնակցելու համար մեդալով և պատվոգրերով:

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ

 

ՌԱՖԱՅԵԼ ԼԵՎՈՆԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ

(ծննդյան 90-ամյակին)

Լրացավ վաստակավոր երկրաբան, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, թղթակից անդամ, երկրաբանամիներալոգիական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Ռաֆայել Լևոնի Մելքոնյանի 90-ամյակը:Capture

Ռ. Մելքոնյանը ծնվել է 1934թ. նոյեմբերի 29-ին Երևանում ՀԽՍՀ պետական գործիչ Լևոն Մխիթարի Մելքոնյանի ընտանիքում: 1953թ., ավարտելով Երևանի Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը արծաթե մեդալով, նույն թվականին ընդունվում է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, որն էլ գերազանցությամբ ավարտում է 1958թ.՝ ստանալով ճարտարագետ-երկրաբանի որակավորում: Նույն թվականին աշխատանքի է անցնում ԽՍՀՄ Երկրաբանության նախարարության, Անդրկովկասի տարածքում ռադիոակտիվ հումքի (ուրանի) պաշարների հայտնաբերման և հետախուզման հայտնի Գրոմովյան արշավախմբի 103-րդ երկրաբանական ջոկատում որպես երկրաբան-ճարտարագետ: 1960թ.-ից տեղափոխվում է ՀԽՍՀ ԳԱ (հետագայում՝ ՀՀ ԳԱԱ) Երկրաբանական գիտությունների ինստիտուտ (ԵԳԻ), որտեղ 64 տարի անընդմեջ՝ առ այսօր, աշխատում է՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ ասպիրանտ (1961-1964թթ.), կրտսեր գիտական աշխատող (1964-1973թթ.), գիտական քարտուղար (1973-1976թթ.), Պետրոլոգիայի և իզոտոպային երկրաբանության լաբորատորիայի վարիչ (1976-2010թթ.), գիտության գծով փոխտնօրեն (1981-1988թթ. և 1993-2017թթ.): Երիտասարդ գիտաշխատողի գիտական հետաքրքրությունները ի սկզբանե կենտրոնացած էին Ալավերդու հանքային դաշտի ինտրուզիվ գոյացումների պետրոգրաֆիական, միներալոգիական և երկրաքիմիական ուսումնասիրությունների վրա:

1970թ. երիտասարդ գիտաշխատողը Մոսկվայում պաշտպանում է «Ալավերդու հանքային շրջանի ինտրուզիվ համալիրները» թեկնածուական ատենախոսությունը և ստանում երկրաբանամիներալոգիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Այս աշխատությունում Ռ. Մելքոնյանն առաջին անգամ ապացուցում է այդ հանքային դաշտի ինտրուզիվ համալիրների սկզբնական հալոցքների բազալտային կազմի առկայությունը, որը տրամագծորեն տարբերվում էր նախկինում գերիշխող սկզբնային հալոցքների թթու գրանիտային կազմի մասին եղած պատկերացումներից, ինչպես նաև հիմնավորում պղինձ-հրաքարային հանքայնացման կապը այդ բազալտային հալոցքների խորքային օջախների հետ:

Արդեն հայտնի գիտնականը 1989թ. ԽՍՀՄ ԳԱ մետաղական հանքավայրերի, երկրաբանության, պետրոգրաֆիայի, միներալոգիայի և երկրաքաիմիայի (ИГЕМ, Մոսկվա) գիտահետազոտական ինստիտուտի գիտական խորհրդում հաջողությամբ պաշտպանում է դոկտորական ատենախոսություն «Փոքր Կովկասի մեզոզոյան կղզաղեղային գրանիտոիդային ֆորմացիաների պետրոլոգիան և հանքաբերությունը» թեմայով և ստանում երկրաբանամիներալոգիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Այս հիմնարար աշխատությունում, որի ընդդիմախոսներից էր աշխարհահռչակ վրաց ակադեմիկոս Գ.Ա. Տվարչելիձեն, բացահայտվել և նորովի մեկնաբանվել են Փոքր Կովկասի կղզաղեղային համալիրների երկրաբանական կառուցվածքի, հանքագոյացման և պետրոլոգիական որոշ առանձնահատկություններ ու օրինաչափություններ: Ռ. Մելքոնյանի մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում Փոքր Կովկասի տարածաշրջանի համար առաջին անգամ առանձնացվել է պղինձ-մոլիբդենային հանքավայրերի տոնալիտային մոդելի նոր՝ կղզաղեղային տիպ՝ Թեղուտ, Ոսկեպար, Շիկահող Հայաստանում, Կաշեն Արցախում՝ կապված վերին յուրայի հասակի թթու կազմի տոնալիտաին ֆորմացիաների ինտրուզիաների հետ, ինչպես նաև հայտնագործվել են մի շարք պղինձ-մոլիբդենային հանքերևակումներ՝ Ծաղկաշեն Ալավերդու շրջանում և այլն:  Հայաստանի օրինակով առաջին անգամ ցույց են տրվել տարբեր երկրադինամիկ պայմաններում կղզաղեղային (Թեղուտ-Կաշեն և այլն) և կոլիզիայի հետևանքով առաջացած (Քաջարան-Ագարակ և այլն) պղինձ-մոլիբդենային պորֆիրային հանքավայրերի սկզբունքային տարբերությունները:

Մագմային հալոցքների ասիմիլիյացիայի և դիֆերենցիացիայի գործընթացների տարբերակման համար Ռ. Մելքոնյանի կողմից (համահեղինակ՝ Մ. Հակոբյան) մշակվել է թթվածնաիզոտոպային հետազոտությունների մի նոր մեթոդ, և առաջին անգամ ապացուցվել է պղինձ-մոլիբդենային հանքավայրերի առաջացման մեջ հիդրոթերմալ լուծույթների կազմում ծովային ջրերի և նրանց մեջ պարունակվող ծծմբի ակտիվ մասնակցության փաստը: Ռ. Մելքոնյանը (համահեղինակներ՝ ԵԳԻ-ի գիտաշխատողներ Ռ. Տայան, Ռ. Ղուկասյան, Մ. Հարությունյան) ռուբիդիում-ստրոնցիումային իզոտոպային հետազոտությունների արդյունքում բացահայտել է Մեղրիի պլուտոնի առաջացման երեք տարատեսակ և տարահասակ ինքնուրույն համալիրներ և առաջին անգամ պարզաբանել է երկու տարբեր հասակի՝ բարտոնի (41-37 մլն տարի) և վերին ռյուպելի (31-28 մլն տարի) հասակի մոնցոնիտների առկայությունը այդ պլուտոնում:

Ռ. Մելքոնյանը (համահեղինակներ՝ Ռ. Մորից, Դ. Սելբի, Ռ. Տայան, Ռ. Ղուկասյան, Ս. Հովակիմյան) առանձնացրել է հայ-իրանական պղինձ-մոլիբդենային պորֆիրային հանքայնացման մոտ 2000 կմ ձգվածության նոր դիսկրետ պրովինցիա, որի սահմաններում տեղաբաշխված են այնպիսի հսկայական հանքավայրեր, ինչպիսիք են Քաջարանը Հայաստանում և Սար-Չեշմենը հարավային Իրանում:

Ականավոր գիտնականը վերջին տասնամյակներում ղեկավարել և համաղեկավարել է ՀՀ տարածքի մագմայականության և մետաղագոյացման տարբեր միջազգային աշխատանքային խմբերի (ԱՄՆ, Թայվան, Շվեյցարիա և այլն), մի շարք գիտական խոշոր նախագծերի (INTAS, SCOPES, CRDF և այլն) աշխատանքները: Հայ-ֆրանսիական համագործակցության արդյունքում կարևոր և նոր տեղեկատվություններ են ստացվել ՀՀ տարածքի օֆիոլիտների մասին (համահեղինակներ՝ Ա. Ավագյան, Ղ. Գալոյան, Տ. Դանիելյան, Յ. Ռոլլանդ, Լ. Սահակյան, Մ. Սոսսոն և այլն): Ռ. Մելքոնյանը հեղինակ և համահեղինակ է ավելի քան 130  գիտական աշխատությունների՝ այդ թվում բազմաթիվ հոդվածների արտասահմանյան բարձր գործակից ունեցող պարբերականներում, 4 մենագրության (3-ը՝ համահեղինակությամբ), որոնցից մեկը նվիրված է Արցախի երկրաբանությանը և օգտակար հանածոներին, ինչպես նաև 6 ձեռագիր հաշվետվությունների: ՀՀ տարածքի մի շարք երկրաբանական ու մետաղական օգտակար հանածոների տարբեր մասշտաբի քարտեզների համահեղինակ է: Զգալի է գիտնականի ավանդը երկրաբանական գիտությունների պատմության ուսումնասիրության ասպարեզում: 1994թ.-ից ՀՀ ԳԱԱ «Գիտություններ երկրի մասին» գիտական պարբերականի խմբագրական կոլեգիայի անդամ է, իսկ 2018թ.-ից՝ գլխավոր խմագիրը:

Ռ. Մելքոնյանը մշտապես աչքի է ընկնում առանձնահատուկ աշխատասիրությամբ և պատասխանատվության բարձր զգացումով, լայն գիտական մտահորիզոնով, մեղմաբարո և համեստ վարքագծով և իր գործընկերների շրջանում վայելում է մեծ հեղինակություն:

Երկրաբանությանը մատուցած ծառայությունների համար 1985թ. նրան շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան պատվավոր կոչումը: 2000թ. դեկտեմբերին Ռ. Մելքոնյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, 1998թ.՝ ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, իսկ 2022թ. նրան շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչի պատվավոր կոչում: 2010թ. պարգևատրվել է Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի Լեոնարդ Էյլերի անվան մեդալով, իսկ 2013թ.՝ ՀՀ Անանիա Շիրակացի մեդալով:

ՀՀ ԳԱԱ Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունք
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
ՀՀ ԳԱԱ «Գիտություններ երկրի մասին» տեղեկագրի խմբագրություն

ԳՐԻԳՈՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՑ

Մարտի 2-ին լրացավ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բնական ԳԱ անդամ, ԽՍՀՄ երկրաբանության նախկին նախարար (1989-1991թթ.), նախկինում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Գրիգոր Արկադիի Գաբրիելյանցի 90-ամյակը:

Գ. Գաբրիելյանցը ծնվել է Բաքվում, արմատներով արցախցու ընտանիքում: 1951թ., ավարտելով դպրոցը, ընդունվում է Բաքվի ինդուստրիալ ինստիտուտի երկրաբանական ֆակուլտետ, որտեղ աշակերտում է մեծահամբավ երկրաբան-պրոֆեսորներ Մ. Աբրամովիչին, Վ. Խաինին և ծագումով շուշեցի Սամսոն Մեսրոպի Ապրեսովին: 1956թ. ավարտելով ինստիտուտը՝ Գաբրիելյանցը ուղևորվում է Թուրքմենիա և 10 տարի անընդմեջ աշխատում է այնտեղ՝ շարքային երկրաբանից հասնելով մինչև Թուրքմենիայի երկրաբանական վարչության գլխավոր երկրաբան: 1963թ. պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն, որի լրամշակված տարբերակը տպագրվում է 1965թ. Մոսկվայում՝ «Геология и нефтегазоносность Центральных Каракумов» մենագրության տեսքով: Թուրքմենիայում կատարած շատ կարևոր և արգասաբեր աշխատանքի համար տակավին երիտասարդ երկրաբանը արժանանում է երկրաբանության ասպարեզում չափազանց պատվաբեր «Հանքավայրերի առաջնահայտնագործող» իր առաջին կոչմանը, ինչպես նաև պարգևատրվում է «Պատվո նշան» շքանշանով և Թուրքմենական ԽՍՀ Գերագույն խորհուրդի նախագահության պատվոգրով:

1965թ. խոստումնալից երկրաբանը տեղափոխվում է Մոսկվա և նշանակվում ԽՍՀՄ գազի արդյունաբերության նախարարությանը կից բնական գազի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի (ВНИИГАЗ) գիտական գծով տնօրեն: 1969-1972թթ. դասավանդում է Մոսկվայի Մ. Գուբկինի անվան նավթի և գազի ինստիտուտում (МИНГ): 1972-1979թթ. աշխատում է որպես ԽՍՀՄ երկրաբանության նախարարության համամիութենական նավթային երկրաբանահետախուզական ինստիտուտի (ВНИГНИ) նավթի և գազի հանքավայրերի հետախուզման մեթոդաբանության սեկտորի, իսկ այնուհետև՝ բաժնի վարիչ՝ միաժամանակ շարունակելով իր դասախոսական գործունեությունը այս անգամ արդեն Մոսկվայի ճարտարագիտական-ֆիզիկական ինստիտուտում (МИФИ): 1973թ. Գ. Գաբրիելյանցը պաշտպանում է դոկտորական ատենախոսություն՝ նվիրված փոքր հզորություն ունեցող ստորգետնյա միջուկային պայթյունների միջոցով նավթաարդյունահանման խթանմանը: 1980-1987թթ. պրոֆեսորը տեղափոխվում է երկրաֆիզիկական մեթոդների հետախուզման համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ՝ որպես գիտության գծով տեղակալ: 1987թ. մրցույթով ընտրվում է ВНИГИНИ-ի տնօրեն, իսկ 1989թ. հուլիսին՝ նշանակվում ԽՍՀՄ երկրաբանության նախարար և աշխատում այդ պաշտոնում մինչև ԽՍՀՄ-ի կազմալուծումը՝ 1991թ. դեկտեմբեր: 1992-2011թթ. Գ. Գաբրիելյանցը գլխավորում է «Գեոսերվիս» միջազգային գիտատեխնիկական-խորհրդատվական ընկերությունը: Այդ ընթացքում ի հավելումն Ռուսատանում աշխատելուն նա տարբեր տիպի գիտախորհրդատվական գործունեություն է իրականացնում մոտ 50 երկրում ևս՝ ի թիվս Չինաստանի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Լեհաստանի, Հունգարիայի, Սլովակիայի, Չեխիայի, Կուբայի, Եմենի, Մոզամբիկի, Եթովպիայի և այլն:

Մեծանուն գիտնականը հեղինակ և համահեղինակ է ավելի քան 160 գիտական հոդվածների, 8 մենագրության (որոնցից մեկը իսպաներեն), 2 ուսումնական ձեռնարկի, 16 գյուտի, ինչպես նաև մի շարք ձեռագիր հաշվետվությունների և գիտահանրամատչելի հոդվածների: 1991թ. նրա գլխավոր խմբագրությամբ և անմիջական մասնակցությամբ հրատարակվել է «Карта нефтегазоносности СССР (масштаб 1:2500000)»: Պրոֆեսորի հիմնական աշխատաություններից են երկրաբանահանքաբանական գիտ. դոկտոր Վ.Ի. Պորոսկունի համահեղինակությամբ «Методика и разведки залежей нефти и газа» (М. Недра, 1985), պրոֆեսոր Գ.Խ. Դիկենշտեյնի և այլոց հետ համատեղ «Региональная геология нефтегазоносных территорий СССР» (М. Недра, 1991), «Новая классификация запасов и ресурсов нефти и газа» (М. 2007) կոլեկտիվ մենագրությունները, ինչպես նաև մեծահամբավ նավթային երկրաբաններ հայր և որդի Բակիրովների հետ համատեղ  երկհատոր հիմնարար բուհական դասագիրքը (Бакиров А.А., Бакиров Э.А., Габриэлянц Г.А. и др. «Теоретические основы поисков и разведки нефти и газа», М. Недра, 2012): 

Նավթի և գազի հանքավայրերի որոնման և հետախուզման ասպարեզներում Գ. Գաբրիելյանցը առաջին անգամ մշակել է որոնողական և հետախուզական հորատանցքերի տեղակայման նոր մեթոդաբանական մոտեցումներ՝ որոնողական հորատման քայլ, բազմահարկ հանքավայրերի համար հանրագումարային ռեզերվուարների մեթոդ (հայազգի Վ.Ա. Սարկիսովի հետ համատեղ), տարբերակների զանազանման մեթոդ (Մ.Բ. Պավլովի և Վ.Ա. Առաքելյանի հետ համատեղ) և այլն, որոնք նպատակ են հետապդնել հեշտացնել և էժանացնել երկրաբանաորոնողական և երկրաբանահետախուզական աշխատանքները: Մասնավորապես կամարաձև (անտիկլինալային) զանգվածային տիպի հանքավայրերի համար դեռևս 1974թ. Գ. Գաբրիելյանցի և Վ. Պորոսկունի կողմից առաջարկված հետախուզական հորատանցքերի տեղակայման հավասարաչափության մեթոդը հետագայում նույնիսկ ավելի բարձր արդյունավետությամբ կիրառվեց նաև ոչ կամարաձև տիպի հանքավայրերի հետախուզման ժամանակ: Գ. Գաբրիելյանցի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ հայտնաբերվել է նավթի 2 հանքավայր՝ Եգուրյախի (Արևմտյան Սիբիր) և Լուզի (Կոմի Հանրապետություն), իսկ Աստրախանի խոշորագույն ծծմբագազակոնդենսատային հանքավայրի հայտնաբերման և հետախուզման մեթոդի օպտիմալացման համար Գաբրիելյանցը մի շարք այլ գիտնականների հետ 1991թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, ինչպես նաև ստացել «Հանքավայրերի առաջնահայտնագործող» իր երկրորդ կոչումը:

Գ. Գաբրիելյանցի գրչին են պատկանում նաև Հայաստանի տարածքի հնարավոր նավթագազաբերության մասին մի շարք ուսումնասիրություններ՝ տպագրված 1969, 1970 և 2000թթ., որտեղ նա նշում է մերձարաքսյան ճկվածքի աղաբեր նստվածքներից ներքև տեղադրված ավազակավային նստվածքների հնարավոր գազաբերության բարձր հավանականության մասին:

Հասարակության լայն շրջանակներին Գ. Գաբրիելյանցը հայտնի է իր ազգանվեր բարեգործությամբ: Պրոֆեսորի անձնական միջոցներով Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը տեղադրվել է Բաքվի՝ ներկայումս լքված հայկական գերեզմանների հիշատակին նվիրված խաչքար (հեղինակ՝ Ռուսաստանի և Հայաստանի ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյան): Պյատիգորսկի «Սուրբ Սարգիս» հայկական եկեղեցու կառուցմանը (ավարտ՝ 2003թ.) ցուցաբերած ֆինանսական օժանդակության համար Գ. Գաբրիելյանցը Հայաստանյաց առաքելական եկեղեցու կողմից պարգևատրվել է «Սուրբ Սարգիս» շքանշանով: 2002թ. Գ. Գաբրիելյանցը Արցախի Հանրապետության կողմից պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով և մի շարք մեդալներով, ինչպես նաև ՀՀ «Անանիա Շիրակացի» մեդալով: 2008թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: Հանդիսանում է նավթագազային ոլորտի պատվաբեր «Բիրմինգեմի ջահ» միջազգային մրցանակի և Ի.Մ. Գուբկինի մրցանակի կրկնակի դափնեկիր: 

2011թ. անվանի գիտնականը տեղափոխվում է Ստեփանակերտ՝ մշտական բնակության և մինչև Արցախի վերջնական հայաթափումը աշխատում է որպես Արցախի նախագահների խորհրդական: Նույն՝ 2011թ., «Զանգակ-97» հրատարակչությունում Գ. Գաբրիելյանցի անմիջական խմբագրությամբ և անձնական միջոցներով լույս է տեսնում Արցախի երկրաբանությանը նվիրված հայազգի գիտնականների (հիմնականում ՀՀ ԳԱԱ երկրաբանական ինստիտուտի գիտաշխատողների, այդ թվում նաև սույն հոդվածի հեղինակների) անդրանիկ կոլեկտիվ մենագրությունը «Геология и минеральные ресурсы Нагорно-Карабахской Республики»

Արցախում աշխատած կարճ ժամանակահատվածում իր բարձր հեղինակության և լայնածավալ անձնական գիտական և գործնական կապերի շնորհիվ պրոֆեսորին հաջողվում է կազմակերպել Արցախի մշտապես գործող երկրաբանական արշավախումբ, հագեցնել այն ամենաժամանակակից բարձրորակ անալիտիկ սարքավորումներով: Այդ արշավախումբը հաջողությամբ լայնածավալ երկրաբանահետախուզական աշխատանքներ էր կատարում Արցախի տարածքում՝ մետաղական և ոչ մետաղական նոր հանքավայրերի բացահայտման նպատակով: 

Լինելով գեղանկարչության հիանալի գիտակ և ջատագով՝ իր հարուստ անձնական հավաքածուն (ավելի քան 650 կտավներ՝ այդ թվում Մարտիրոս Սարյանի, Բաժբեուկ-Մելիքյանի, Գարզուի և ալոց) նվիրում է իր իսկ կողմից հիմնադրված Շուշիի պատկերասրահին: 2013թ. Շուշիում հիմնում է նաև Երկրաբանական թանգարան, որին նվիրում է իր հարուստ և աշխարհի տարբեր երկրներից տասնյակ տարիներով հավաքած միներալոգիական  հավաքածուն (ավելի քան 450 եզակի նմուշներ): Այդ հավաքածուի ամենաարժեքավոր նմուշները ներառված են 2017թ. Մոսկվայում տպագրված գիտնականի շքեղազարդ «Человек и камень» գիտահանրամատչելի գրքում:

2012թ. Գ. Գաբրիելյանցն Արցախում կազմակերպում է «Ապագա սերունդների հիմնադրամը» և ղեկավարում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Անչափ սիրելով Արցախը և լինելով չափազանց լայն մտահորիզոնի գիտնական՝ 2021թ. Գ. Գաբրիելյանցը Մոսկվայում ռուսերեն լեզվով Գրիգոր Ղարաբաղցի կեղծանունով հրատարակում է իր անդրանիկ պատմական աշխատությունը՝ «Карабах. Хроника исторических событий» (М. Слово, 2021) հիմնարար գիրքը, որի վրա աշխատել էր մոտ 10 տարի:

Հայկ Մելիք-Ադամյան,
Քրիստափոր Խաչանով

ՍՏԵՓԱՆՅԱՆ   ԺԱՆԵՏԱ   ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

Ժանետա Հովհաննեսի Ստեփանյանը ծնվել է 1938 թ մայիսի 24-ին ք Երևանում, երկրաբանի ընտանիքում։ 1955թ-ին ավարտելով դպրոցն ընդունվել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետ։ 1961թ-ին  գերազանցությամբ ավարտել է համալսարանը և ստացել` աշխատանքի ուղեգիր ՀԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ։ Աշխատել է ռեգիոնալ  երկրաբանության բաժնում  նախ ավագ կոլեկտորի (1961-1962թթ), ապա ինժիների (1962-1964թթ) պաշտոններում։ Յուրացնելով նստվածքային ապարների լիթոլոգիական ուսումնասիրության մեթոդները, Ժ Ստեփանյանը սկսեց որոշել վերին կավճի ապարների միներալոգիական կազմը , որոնց կեռնը նավթահետախուզական  էքսպեդիցիան տրամադրում էր ինստիտուտին` հետազոտությունների համար։ 1964թ վերջին նույն ինստիտում ընդունվել է ասպերանտուրա <<Հրաբխա-նստվածքային  ապարների լիթոլոգիա>> մասնագիտությամբ։ Ասպիրանտուրայում գիտական դպրոցն անցել է հրաբխա-նստվածքային ֆորմացիաների խոշորագույն մասնագետներից մեկի՝ երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, Մոսկվայի համամիութենական երկրաբանական ինստիտուտի լիթոլոգիայի լաբորատորիայի վարիչ՝ ԻՎ Խվորովայի ղեկավարությամբ։ 1970թ-ին  պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը <<Երևան-Օրդուբադի և Գորիս-Կապան զոնաների վերին կավճի հրաբխա-նստվածքային կոմպլեքսների լիթոլոգիա>> անվամբ։ Հետագայում՝ 1970-1978թթ,  ուսումնասի-րել է Հայաստանի տարբեր ռեգիոնների (Դեբեդ-Աղստև միջգետային շրջան, Սևանի օֆիոլիթային գոտի, Զանգեզուրի խորքային խզում) վերին կավճի  հրաբխա-նստվածքային ֆորմացիաները։ 1979թ-ից  առ այսօր  ինստիտուտի ավագ գիտաշխատող է։ 1979թ-ից  մինչ 1990թ-ը  աշխատել  է Երկրաբանական ինստիտուտի թանգարանում, որտեղ կատարել  է նմուշների դասակարգում ըստ բաժինների, կազմել  է նմուշների քարտարան և կատալոգներ։ Թանգարանային գործունեությունը նա համատեղել է լիթոլոգիայի լաբորատո-րիայի թեմատիկ աշխատանքների հետ։ Այդ  տարիներին են պատկանում Ժ Ստեփանյանի Հայաստանի վերին կավճի կայծքարային, կարբոնատային ապարների ուսումնասիրություն-   ները, Սևանա լճի հատակի նստվածքային կուտակումների միներալա-գեոքիմիական հետազոտությունները։ 1991թ-ից մինչ այժմ աշխատում է ինստուտի լիթոլոգիայի և ռեգիոնալ երկրաբանության լա-բորատորիայում։ Նրա գիտական հետաքրքրությունները  հրաբխա-նստվածքային ֆորմացիա-ների առաջացման օրինաչափությունների ուսումնասիրությունն է և վերջիններիս հետ կապ- ված օգտակար հանածոների գենեզիսը։  Նա վերսկսել է հետազոտությունները Վեդի գետի ա- վազանում։ Ժ Ստեփանյանը մի խումբ մասնագետների (Ա Վարդանյան,Ա Մնացականյան, Լ Սահակյան և ուրիշներ) հետ մասնակցել է  Վեդիի օֆիոլիթային գոտում տարվող ուսումնա-սիրություններին, լիթոլոգիայի լաբորատորիայի վարիչ՝ երկրաբանա-հանքաբանական գիտու-թյունների դոկտոր, Մ Սաթյանի ղեկավարությամբ։ Այդ աշխատանքները թույլ տվեցին ճշգրտել Վեդիի գոտու երկրաբանությունը և անջատել պայթման խողովակներ։ Մասնավորապես, Ժ Ստեփանյանը ուշադրություն է դարձրել խողովակները կազմող ապարների միներալային կազմի վրա, հայտնաբերելով այնպիսի հիպոգեն միներալներ, ինչպիսիք են սուտակը, շափյուղան, նռնաքարը և այլն։    

     Ժ Ստեփանյանը հեղինակ է շուրջ 70 գիտական աշխատությունների, որոնք տպագրված են   տեղական և արտասահմանյան հրատարակչություններում։ Այդ թվում  8 հաշվետվություն, 1 մենագրություն, համահեղինակ է 6 ֆունդամենտալ աշխատությունների, ինչպես նաև մասնակցել է ՀՀ լիթոլոգիական ու ֆորմացիոն քարտեզների կազմման աշխատանքներին։

1977թ ՀՍՍՀ ԳԱ նախագահության կողմից պարգևատրվել է <<Գովեստագիր>> պատվոգրով։   1987թ-ին  ՀՍՍՀ Գերագույն խորհրդի կողմից պարգևատրվել է <<Աշխատանքի վետերան>> մեդալով։ 2015թ-ին Բարձրագույն կրթության նախարարությունը պարգևատրել է ոսկե հուշա-մեդալով, իսկ 2022-ին ՀԳԱԱ-ն պարգևատրել է շնորհակալագրով։

Юрий Рубенович Каграманов

(к 90-летию со дня рождения)

В мае сего года исполняется 90 лет известному специалисту в области нефтегазовой геологии, кандидату геолого-минералогических наук, ученому, много лет проработавшему в Институте геологических наук НАН РА, Юрию Рубеновичу Каграманову

Ю.Р. Каграманов родился 4 мая 1933 г. в городе Красноводск Туркменской ССР в семье служащего Рубена Каграманова, выходца из села Хнапат Аскеранского района Арцаха. В 1952 г. он заканчивает русскую школу № 1 Красноводска и в 1953 г. поступает в Грозненский нефтяной институт, один из образовательных флагманов нефтегазовой геологии того времени, который успешно оканчивает в 1958 г. по специальности «Геология и разведка нефтяных и газовых месторождений». 

В 1958-1960 гг. Ю.Р. Каграманов работает геологом и старшим геологом в различных нефтегазовых экспедициях Узбекской ССР (газонефтяное месторождение Палванташ, Кагинская группа газовых месторождений), а в 1960-1962 гг. – начальником опробовательного отряда Центрально-Каракумской нефтеразведочной экспедиции Туркменской ССР. В 1962-1972 гг. он работает в нефтяном научно-исследовательском институте Туркменской ССР в качестве старшего инженера, старшего научного сотрудника, а затем заведующего лабораторией нефтепромысловой геологии и подсчета запасов нефти и газа ТуркменНИПИнефть. В 1969 г. на Научном совете Всесоюзного научно-исследовательского института гидрогеологии и инженерной геологии (ВСЕГИНГЕО, Москва)  Ю.Р. Каграманов блестяще защищает кандидатскую диссертацию на тему «Водонапорная система мезозойских осадочных образований Туркменской ССР в связи с разведкой и разработкой залежей нефти и газа» и получает ученую степень кандидата геолого-минералогических наук.

В 1972 г. по приглашению правительства Армянской ССР Ю.Р. Каграманов переезжает в Ереван и проходит по конкурсу на должность старшего научного сотрудника Института геологических наук (ИГН) АН Арм. ССР, а с 1978 г. по 1988 г. работает заведующим лабораторией нефти и газа в том же институте и руководит работами по поиску нефтегазовых месторождений Армении. В 1975 г. его командируют в Алжир, где до 1978 г. он работает в алжирской нефтяной компании «Sonatrack» в качестве эксперта-геолога и занимается доразведкой и оценкой запасов гигантского Хасси-Рмельского газоконденсатного месторождения в северной части алжирской Сахары, а также проводит гидрогеологические исследования с целью поисков пресной воды в пустыне Сахара. В 1988-1990 гг. Ю.Р. Каграманов работает в Индии в Национальном научно-исследовательском институте ONGC в качестве эксперта по оценке перспектив нефтегазоносности территории Индии. 

С 1990 по 2005 гг. он вновь возглавляет лабораторию нефти и газа ИГН НАН Республики Армения, а с 1997 г по совместительству работает в качестве эксперта в армянском филиале английской нефтяной компании «Simon Petroleum Technology». В 1997-1998 гг. он является главным геологом в армяно-американской нефтяной компании, а с 2005 по 2008 гг. работает главным геологом в ООО «Tim Energy» канадской нефтегазовой разведочной компании «Transeuroenergy», осуществляющей изыскательские работы на нефть и газ в Армении. С 2013 г. и до конца 2017 г. Ю.Р. Каграманов являлся главным геологом частной армянской компании «Интеграл Петролеум», проводящей геологоразведочные работы в пределах второго лицензионного блока Центральной Армении. 

Научные интересы маститого ученого охватывают самые разнообразные аспекты практических и теоретических вопросов нефтегазовой геологии территории Армении, Туркменистана, Узбекистана, а также Алжира и Индии. 

Следует отметить, что Ю.Р. Каграманов никогда не терял связи с Арцахом, со своим родным селом Хнапат, часто посещал отцовский дом и  проводил в пределах Арцаха геолого-поисковые работы.

Ю.Р. Каграманов является автором и соавтором более 50 научных статей (из которых 39 посвящены нефтегазовой геологии Армении и Арцаха), около 60 рукописных отчетов (28 из которых касаются территории Армении), опубликованных как на русском, так и на английском языках, и двух монографий, в том числе фундаментальной работы «К проблеме перспектив нефтегазоносности Арарат-Арагацкой межгорной впадины» (2010 г), получившей высокую оценку крупнейшего российского нефтяного геолога, генерального директора ВНИГНИ (г. Москва), доктора геол.-мин. наук, профессора К.А. Клещева.   

За период работы в Туркмении Ю.Р. Каграманов содействовал и внес большой вклад в открытие, разведку и подготовку к промышленной разработке многих нефтегазовых месторождений, в частности, ЗеаглиДарвазинского месторождения природного газа в центральной Туркмении, крупного нефтегазового месторождения БарсаГельмесс с начальными запасами нефти 150 млн. т в югозападном Туркменистане, Байрамлинского месторождения природного газа с начальным суточным дебитом 1 млн. м3 в восточной Туркмении и др. Его личное участие как сопервооткрывателя этих месторождений неоднократно отмечено денежными вознаграждениями правительства Туркменской ССР в 1965, 1966, 1967 и 1971 гг. 

Свою практическую деятельность Ю.Р. Каграманов успешно сочетал с преподавательской: в 19621969 гг. он читал курс лекций по геологии нефти в Небит-Дагском филиале Московского института нефтехимии и нефтегазовой промышленности, а в 1990-ые гг. преподавал тот же курс на геологическом факультете Ереванского гос. университета. 

Ученый является приверженцем и одним из разработчиков неорганической, в частности, космической гипотезы происхождения нефти. На эту тему у него несколько научных публикаций в солидных русско и англоязычных журналах.

Геологическая общественность Армении и коллектив Института геологических наук поздравляет юбиляра и желает ему здоровья и многих лет плодотворной творческой работы.

Кандидат геологических наук,
старший научный сотрудник ИГН
Г.У. Мелик-Адамян
Кандидат геол.-мин. наук,
советник директора ИГН
Х.В. Хачанов

Աբրահամյան Մարիետա Սիմոնի (1922 Երևան – 1999 Երևան)

2022թ. լրացավ անվանի հնէաբան Մարիետա Աբրահամյանի ծննդյան 100-ամյակը: 1940թ. նա ավարտել է Երևանի Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, իսկ 1945թ.՝ ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետ: 1946թ. մինչև իր կյանքի վերջը աշխատել է ՀՍՍՀ ԳԱ երկրաբանական ինստիտուտում, սկզբում որպես կրտսեր, այնուհետև՝ ավագ գիտաշխատող: 1955թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հարավ-արևմտյան Հայաստանի վերին ֆամենի էտրենի հարկի նստվածքների ուսոտանիները» թեմայով՝ ստանալով երկրաբանամիներալոգիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Գիտական հետաքրքրություններն առնչվում են Հայաստանի տարածքի հարավարևմտյան շրջանների՝ մասնավորապես Վայոց Ձորի, ինչպես նաև Նախիջևանի հարակից մասերի վերին պալեոզոյի (վերին դևոնի վերին ֆամեն ենթահարկ – ստորին կարբոնի ստորին տուրնեի (էտրեն) ենթահարկ) նստվածքային ապարների ուսոտանիների բրածո մնացորդներին և նրանց կենսաշերտագրական նշանակությանը: Հեղինակ և համահեղինակ է մոտ 20 հոդվածի և 1 մենագրության: 

 

Հայկ Մելիք-Ադամյան

 

Անանյան Էմիլ Վաղինակի (1937 Երևան – 2003 Երևան)

2022թ. լրացավ հայտնի երկրաբան Էմիլ Անանյանի ծննդյան 85-ամյակը: 1959թ. ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը: Մշտապես աշխատել է ՀԽՍՀ ԳԱ և ապա՝ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում նախ որպես լաբորանտ, 1962-1965թթ.՝ որպես ասպիրանտ, իսկ հետագայում որպես կրտսեր և այնուհետև որպես ավագ գիտաշխատող: 1971թ.-ից ի վեր աշխատել է ինստիտուտին կից Ալավերդու օգտակար հանածոների ուսումնասիրող արշավախմբի կազմում: 1968թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Կապանի բրախիանտիկլինորիումի և հանքային դաշտի առաջացման մեխանիզմը» թեմայով՝ ստանալով երկրաբանամիներալոգիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Գիտական հետաքրքրություններն առնչվում են Հայաստանի տարածքի, ինչպես նաև Հարավ-ուկրաինական և Ղրիմի ատոմակայանների տարածքի տեկտոնական շրջանացման, ծալքավոր և խզումնային կառուցվածքներին, ինչպես նաև երկրաբանատեկտոնական քարտեզագրմանը և երկրաշարժերի կանխատեսմանը: Հեղինակ և համահեղինակ է մոտ 45 գիտական հոդվածի և 1 մենագրության, նաև բազմաթիվ գիտաարտադրական և երկրաբանական ձեռագիր հաշվետվությունների ու առաջարկների: 

Հայկ Մելիք-Ադամյան

 

Ազարյան Նորայր Ռուբենի  (1927 Երևան – 1981 Երևան)

2022թ. լրացավ ականավոր հնէաբան Նորայր Ազարյանի ծննդյան 95-ամյակը: 1947թ. ավարտել է Երևանի լեռնամետալուրգիական տեխնիկումը և նույն թվին ընդունվել ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետ: 1953թ. ավարտելով այն՝ ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի ասպիրանտուրան, որն ավարտելուց հետո աշխատել է ԵԳԻ-ում սկզբում որպես կրտսեր, իսկ 1963թ.-ից մինչև կյանքի վերջը՝ որպես ավագ գիտաշխատող: 1959թ. Լենինգրադում (Սանկտ-Պետերբուրգ) պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ալավերդու հանքային շրջանի յուրայի հասակի ֆաունան և շերտագրությունը» թեմայով: Գիտական հետաքրքրություններն առնչվում են Հայաստանի և Նախիջևանի տարածքների մեզոզոյան նստվածքային ապարների, տրիասի և յուրայի հարկերի բրածո գլխոտանիների (ամոնիտներ) և երկփեղկանի փափկամարմինների ուսումնասիրությանը և կենսաշերտագրական նշանակությունը: Հեղինակ և համահեղինակ է մոտ 40 գիտական հոդվածի և 3 մենագրության, որոնցից մեկը՝ համահեղինակությամբ: Ն. Ազարյանը երկար տարիներ եղել է ՍՍՀՄ Միջգերատեսչական շերտագրական հանձնաժողովի յուրայի և տրիասի ենթահանձնաժողովի անդամ: 

Հայկ Մելիք-Ադամյան

 

Թանաշյան Մովսես Երվանդի (1932  Հալեպ – 1995 Երևան)

2022թ. լրացավ հայտնի երկրաբան Մովսես Թանաշյանի ծննդյան 90-ամյակը: Նախնական կրթությունը ստացել է իր ծննդավայրի Կրթասիաց հայկական վարժարանում: 1946թ. ծնողների հետ միասին Սիրիայից հայրենադարձվել է, իսկ 1951թ. ավարտել է Շիրակի մարզի Անի-Պեմզա գյուղի միջնակարգ դպրոցը (արծաթե մեդալակիր): 1958թ. ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը: 1958-1974թթ. աշխատել է ՀԽՍՀ երկրաբանական վարչության նավթահետախուզական արշավախմբում որպես երկրաբան և ավագ երկրաբան: 1967թ.-ից մինչև իր կյանքի վերջին օրերն աշխատել է ՀԽՍՀ ԳԱ և ապա՝ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում որպես ավագ ճարտարագետ, կրտսեր գիտաշխատող, իսկ 1985թ.-ից՝ որպես ավագ գիտաշխատող: 1971թ. Մոսկվայի Ի.Մ. Գուբկինի անվան Նավթաքիմիայի և գազարդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտի գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «ՀՍՍՀ Արարատյան ճկվածքի կայնոզոյան նստվածքների հնարավոր նավթագազաբերական համալիրները» թեմայով՝ ստանալով երկրաբանամիներալոգիական գիտությունների թեկնածուի աստիճան: Գիտական հետաքրքրություններն առնչվում են Հայաստանի տարածքի տեկտոնիկայի և կայնոզոյան նստվածքային ապարների հնարավոր նավթագազաբերության համալիր գնահատման հեռանկարներին: Հեղինակ և համահեղինակ է ավելի քան 20 գիտական հոդվածի և բազմաթիվ ձեռագիր հաշվետվությունների: 

Հայկ Մելիք-Ադամյան

 

Վարդանյան Անրի Վարդանի (1937 Երևան – 2017 (?) Երևան)

2022թ. լրացավ ականավոր երկրաբան, տեկտոնիստ Անրի Վարդանյանի ծննդյան 85-ամյակը: Ծնվել է 1937թ. Երևանում ծառայողի ընտանիքում: 1953թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ 1961թ.՝ ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը: 1961թ.-ից մինչև 2000-ականներն աշխատել է ՀԽՍՀ ԳԱ և ապա՝ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում՝ որպես լաբորանտ, ապա ճարտարագետ, կրտսեր գիտաշխատող, իսկ 1969թ.-ից՝ որպես ավագ գիտաշխատող: 1968թ. Ի.Մ. Գուբկինի անվան երկրաբանական ինստիտուտի գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Կադրլիի և Սովետաշենի անտիկլինալների ձևավորման պայմանները և մեխանիզմը» թեմայով` ստանալով երկրաբանամիներալոգիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Վերջին տարիներին դասավանդում էր ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետում: Գիտական հետաքրքրություններն առնչվում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Անդրկովկասի տարածքի տեկտոնիկայի և տեկտոնաֆիզիկայի բազմաբնույթ խնդիրներին (Ալպ-Հիմալայան ծալքավոր գոտու խզումնային քարտեզի Անդրկովկասի հատվածի կազմում, օֆլիոլիտային գոտու ներքին ստրուկտուրայի բացահայտում և այլն), ինչպես նաև Հայաստանի տարածքի հնարավոր նավթագազաբերությանը:  Հեղինակ և համահեղինակ է մոտ 30 գիտական հոդվածի և բազմաթիվ ձեռագիր հաշվետվությունների: 

Հայկ Մելիք-Ադամյան

 

Պապոյան Այրիս (Ալլա) Սուրենի (1937 Թբիլիսի – 2002 (?) Լոս Անջելես)

2022թ. լրացավ հայտնի հնէաբան Այրիս Պապոյանի ծննդյան 85-ամյակը: 1954թ. ավարտել է Երևանի Մայակովսկու անվան միջնակարգ դպրոցը, իսկ 1955թ. ընդունվել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետ: 1966թ. ընդունվել է ՍՍՀՄ ԳԱ Հնէաբանական ինստիտուտի ասպիրանտուրան Մոսկվայում, իսկ 1971թ. ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հարավային Անդրկովկասի վաղ քարածխային ժամանակաշրջանի կորալները և նրանց շերտագրական նշանակությունը» թեմայով՝ ստանալով երկրաբանամիներալոգիական գիտությունների թեկնածուի աստիճան: 1961թ.-ից մինչև 1990-ական թթ. կեսերն աշխատել է ՀԽՍՀ ԳԱ և ապա՝ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում՝ որպես ճարտարագետ, ապա կրտսեր և ավագ գիտաշխատող: Գիտական հետաքրքրություններն առնչվում են Հայաստանի տարածքի վերին պալեոզոյի (կարբոն) և մեզոզոյի (յուրա) ծովային նստվածքային ապարների բրածո բուստերին (կորալներ) և դրանց կենսաշերտագրական նշանակությանը: Հեղինակ և համահեղինակ է մոտ 30 գիտական հոդվածի, ինչպես նաև 3 մենագրություն, որոնցից 2-ը՝ համահեղինակությամբ: 

Հայկ Մելիք-Ադամյան

ՎԻԼԵՆ ԱՐՇԱՎԻՐԻ ԱՂԱՄԱԼՅԱՆ
(ծննդյան 85-ամյակին)

 

2022թ. լրացավ երկրաբանամիներալոգիական գիտությունների դոկտոր, վաստակաշատ երկրաբան Վ. Ա. Աղամալյանի 85-ամյակը: Վ. Ա. Աղամալյանը ծնվել է 1937թ. հունվարի 21-ին Երևանում, ծառայողի ընտանիքում: 1959թ. ավարտել է Վ. Մոլոտովի անվան Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը: 1960թ. մինչ այժմ աշխատում է ՀԽՍՀ ԳԱ, իսկ հետագայում՝ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում՝ որպես կրտսեր, իսկ այնուհետև` պետրոգրաֆիայի բաժնի ավագ և առաջատար գիտաշխատող: 

1970թ. Մոսկվայի պետհամալսարանի երկրաբանական ֆակուլտետի գիտական խորհրդում հանրահայտ երկրաբան պրոֆեսոր Ե.Ա. Կուզնեցովի գիտական ղեկավարությամբ պաշտպանում է «Արզաքանի մասիվի մինչքեմբրյան բյուրեղային հիմքի թերթաքարային համալիրի երկրաբանությունը և պետրոլոգիան» թեմայով թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով երկրաբանամիներալոգիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:  Այս աշխատությունում առաջին անգամ Հայաստանի տարածքի համար առանձնացվել են պրոտերոզոյի հասակի մի շարք շերտախմբեր, և ապացուցվել է, որ այնտեղ առկա ամֆիբոլիտային ֆացիաները ռետրոգրադ փոխակերպման հետևանքով վեր են ածվել կանաչքարային դիաֆտորիտների: Իր ամբողջ գիտական գործունեությունը պրպտող գիտնականը նվիրել է Հայաստանի տարածքի մինչքեմբրյան և մեզոզոյան ժամանակահատվածների երկրաբանական կառուցվածքին առնչվող բարդ և խրթին բազմաբնույթ խնդիրների լուծման հարցերին: 

Առանձնապես խոշոր է նրա ավանդը մագմատիզմի, միներալոգիայի, պետրոգրաֆիայի, պետրոքիմիայի, իզոտոպային թվագրության, ռեգիոնալ երկրաբանության, երկրաբանական քարտեզագրության, շերտագրության ասպարեզում: Մասնավորապես, գիտնականը կազմել է տարբեր մասշտաբների երկրաբանական քարտեզներ՝ ՀԽՍՀ տարածքի մագմատիզմի և մետամորֆիզմի 1:20000 (համահեղինակությամբ), Ստեփանավանի շրջանի երկրաբանականխատեսումային ու Կոտայքի մարզի բյուրեղային հիմքի երկրաբանապետրոգրաֆիական 1:50000, Նյուվադիի շերտախմբի (հարավային Սյունիք) ու Հախումի բյուրեղային զանգվածի (հյուսիսային Հայաստան) 1:25000, ինչպես նաև Ապարանի սերիայի (կենտրոնական Հայաստան) Միրաք-Թուխմանուկի ոսկու հանքավայրի երկրաբանականխատեսումային 1:10000 մասշտաբների քարտեզներ: Մանրամասն ուսումնասիրել է քարտեզագրված տարածքների երկաբանական ապարների նյութական կազմը և առաջացման պայմանները. ապացուցել է, որ միջինհատիկային օլիվինային գաբրոները համապատասխանում են Մեղրիի պլուտոնի մոնցոնիտային ինտրուզիայի ներդրման առաջին փուլին: /Պարզել է, որ Նյուվադի շերտախմբի քվարցիտային առաջացումները իրականում փոխակերպված ռիոլիտներ են:/ Պարզել է, որ Մեղրու պլուտոնից անմիջապես հարավ տեղակայված Նյուվադի շերտախմբի մետամորֆային ապարները կոնտակտ-մետամորֆային բնույթի են, այլ ոչ՝ մինչքեմբրյան բյուրեղային զանգվածի ելուստներ, ինչպես ընդունված էր համարել մինչ այդ: Այլ երկրաբանների հետ համատեղ Վայքի վերին կավճի կոնգլոմերատներում Հայաստանի տարածքում առաջին անգամ հայտնաբերել է էգիրինային նորդմարկիտ և  տեշենիտ ապարները, իսկ հյուսիսային Հայաստանի վերին յուրայի հասակի նստվածքներից հայստնաբերել է պիլիտներ: 

1998թ. անվանի երկրաբանը ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի մասնագիտական խորհրդում պաշտպանել է «Հայաստանի բյուրեղային հիմքը» դոկտորական ատենախոսությունը՝ ստանալով երկրաբանամիներալոգիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Առաջին անգամ Հայաստանի, ինչպես նաև ամբողջ կովկասյան տարածաշրջանի մինչքեմբրյան բյուրեղային հիմքի համար առանձնացրել է պրոտերոզոյան հասակի հստակ արտահայտված շերտագրական միավորներ, այն է՝ 2 սերիա՝ Արզականի (միջին պրոտերոզոյ) և Հանքավանի (վերին պրոտերոզոյ), ինչպես նաև 9 շերտախումբ, որոնցից 3-ը՝ միջին պրոտերոզոյի հասակի՝ Բջնու, Սուրբսարգսի, Վանքիձորի, և 6-ը՝ վերինպրոտերոզոյան՝ Բերդիտակի, Հանքավանի, Դալարի, Քասաղի, Գհուկի և Աղվերանի: Այդ շերտախմբերը՝ բացի Գհուկինից, իրենց ուրույն տեղն են զբաղեցրել ՀՀ և ԽՍՀՄ տարբեր շերտագրական բառարաններում և այլ գիտական աշխատանքներում՝ այդ թվում Հ. Սարգսյանի կողմից 2013թ. հրատարակած եռալեզու շերտագրական բառարանում: Հասակային առումով ճշգրտել և վերադասակարգել է Ապարանի շերտախումբը՝ այն վերանվանելով սերիա և նրա մեջ առանձնացնելով հետևյալ շերտախմբերը ավելի հնից դեպի ավելի նորը՝ Սարալանջի, Լուսագյուղի, Թուխմանուկի և Միրաքի: Թվագրել է Ապարանի սերիան միջին-վերին յուրայի ժամանակահատվածով՝ հստակություն մտցնելով նախկինում տիրող բազմակարծության մեջ: 

 Առաջին անգամ ամֆիբոլային թերմոբարոմետրիկ հետազոտության միջոցով որոշել է Քասախի շերտախմբի մետամորֆիզմի ժամանակ ջերմաստիճանային և ճնշման ցուցանիշները: Այդ շերտախմբում առաջինն է բացահայտել մինչքեմբրյան օֆիոլիթներ, որոշել նրանց երկրաքիմիական բնույթը՝ պարզելով, որ այն e-MORB տեսակի է: Զգալի ավանդ ունի Հայաստանի օֆիոլիթային գոտու ուսումնասիրության ասպարեզում. առաջինն է, որ ամբողջ Անդրկովկասի օֆիոլիթային գոտու համար Բազումի հորստի Սառը Աղբյուր տեղամասից հայտնաբերել է  գլաուկոֆանային կամ երկնագույն թերթաքարեր: Բացի այդ, ճշգրտել է մեզոզոյի օֆիոլիթային համալիրի ապարների  պետրոգրաֆիական նոմենկլատուրան: Վերջին տարիներին գիտնականը զբաղվում է ՀՀ տարածքի երկրակեղևի առաջացման մոբիլիստական մոդելի մշակման հարցերով, որի հիման վրա նորովի առանձնացրել է ՀՀ տարածքի հիմնական տեկտոնական միավորները: Հեղինակ և համահեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատությունների՝ այդ թվում 10 մենագրության և 13 ձեռագիր հաշվետվության:

 

Հայկ Մելիք-Ադամյան

ՄՅՈՒԴԻԿ ԱԲԳԱՐԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ
(1933-2022)


Հայաստանի երկրաբանական հանրությունը ծանր կորուստ կրեց: 2022թ. օգոստոսի 1-ին կյանքից հեռացավ ճանաչված երկրաբան, երկրաբանամիներալոգիական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետի բազմամյա և վաստակաշատ դասախոս Մյուդիկ Աբգարի Մովսիսյանը: Մ. Մովսիսյանը ծնվել է 1933թ. սեպտեմբերի 3-ին Երևանում անվանի մտավորական, մանկավարժական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աբգար Խաչատուրի Մովսիսյանի ընտանիքում: 1951թ. ավարտելով միջնակարգ դպրոցը, ընդունվում է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետ, որն էլ հաջողությամբ ավարտում է 1956թ.՝ ստանալով ճարտարագետ-երկրաբանի որակավորում: Այնուհետև աշխատում է Ալավերդու շրջանում որպես երկրաբան: 

1959-1970թթ. աշխատում է ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում որպես ճարտարագետ և կրտսեր գիտական աշխատող: 1964թ. լիթոլոգիայի խոշորագույն մասնագետ երկրաբանամիներալոգիական գիտ. դոկտոր, պրոֆ. Սերգեյ Գալուստի Սարգսյանի գիտական ղեկավարությամբ ԵՊՀ-ի մասնագիտական խորհրդում Մ. Մովսիսյանը պաշտպանում է «ՀԽՍՀ մերձերևանյան շրջանի նեոգենյան հալոգեն նստվածքների լիթոլոգիան և առաջացման պայմանները» թեմայով գիտական ատենախոսությունը՝ ստանալով երկրաբանամիներալոգիական գիտ. թեկնածուի գիտական աստիճան: Այս աշխատությունում մեծածավալ փաստացի նյութերի (հորատանցքերի և երկրաբանական կտրվածքների) բազմակողմանի և խորը վերլուծության հիման վրա՝ միներալոգիական, սպեկտրալ, ռենտգենոստրուկտուրային և այլ մեթոդներով, շնորհաշատ հետազոտողը բացի լիթոլոգիական խնդիրներից առաջին անգամ դիտարկում է աղային նստվածքների, ինչպես նաև այդ նստվածքները ներքևից (կարմրավուն կամ հացավանի շերտախումբ) և վերևից (գիպսաբեր նստվածքներ) ներփակող ապարների առաջացման հնաշխարհագրական պայմանները և ծագումնաբանական առանձնահատկությունները: Երիտասարդ հետազոտողին հաջողվում է ընդհանուր առմամբ, ի տարբերություն մի քանի այլ ուսումնասիրողների, որոշակի ճշգրտությամբ թվագրել աղային նստվածքների երկրաբանական հասակը (ջրվեժի աղաբեր-գիպսաբեր շերտախումբ) միջին միոցեն կոնկի հարկով: Գիտնականի այդ եզրահանգումը առանձնապես չի տարբերվում ներկայիս պատկերացումներից, որոնց համաձայն ջրվեժի՝ արդյունաբերական նշանակության քարաղի հսկայական պաշարներով հարուստ աղաբեր-գիպսաբեր շերտախումբը թվագրվում է միջին կարագանի վարնենյան ենթահարկի միջակայքով, այսինքն՝ կազմավորվել է մոտ 14.4-13.9 մլն տարի առաջ: 

Մ. Մովիսիսյանը առաջինն է, ում հաջողվում է Հայաստանի տարածքում՝ Երևանից քիչ հյուսիս-արևելք տեղակայված Պտղնի-1 հորատանցքի մոտ 800-ից 1200մ խորություններից վերհանած կեռնային նյութից առանձնացնել կալումիական աղերին բնորոշ կառնալիտ KCl-MgCl-6H20 և սիլվինիտ NaCl + mKCl միներալները: Սակայն, ի տարբերություն համաշխարհային դասական աղաբեր հանքավայրերի, որտեղ հեշտ լուծվող կալիումական աղերը որպես կանոն տեղաբաշխված են լինում կտրվածքների վերին հատվածներում՝ Պտղնիի հորատանցքում նկատվում է հակառակ պատկերը, որը գիտնականը բացատրում է բազալտանման լավաների ներխուժմամբ բարձր խտության աղային լուծույթներով հագեցված ջրավազան՝ ռապա, ընդ որում լավաները մեծապես նպաստել են ջրերի գոլորշիացման ինտենսիվությանն ու արագությանը: Ըստ գիտնականի՝ մեծ հավանականությամբ կալիումիական աղային նստվածքները կարող են տարածվել դեպի արևելք՝ հասնելով մինչև Սևանի ափամերձ հատված` Գավառ: Հաշվի առնելով ներկայիս կալիումական աղային պարարտանյութերի համաշխարհային ճգնաժամը՝ Մ. Մովսիսյանի մոտ 60 տարի առաջ կատարված բացահայտումները գործնական տեսանկյունից առավել քան արդիական են: Նա նաև առաջինն էր, ով Ջրվեժի շրջակայքի գիպսաբեր ապարների դաշտային ուսումնասիրությունների հիման վրա բացահայտել է այդ շերտախմբի ռիթմիկ կառուցվածքը և առանձնացրել 10 այդպիսի միմյանց հաջորդող գիպսային և կավային ռիթմ, որոնցից յուրաքանչյուրը առաջացել է միջին կարագանում՝ մի քանի տասնյակ տարիների ընթացքում, և փոխկապակցված է եղել այս կամ այն կլիմայական՝ հիմնականում արիդ պայմանների հետ: 

1970թ. Մ. Մովսիսյանը տեղափոխվում է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետ և ավելի քան քառասուն տարի դասավանդում մայր բուհում «լիթոլոգիա» և «ընդհանուր երկրաբանություն» առարկաները, ինչպես նաև դասավանդում Գավառի պետական համալսարանում և ՀՀ այլ բուհերում: Ղեկավարել է ուսանողների դաշտային պրակտիկ աշխատանքները: Հեղինակ և համահեղինակ է մեկ տասնյակից ավելի գիտական աշախտության և երկու ձեռագիր հաշվետվության: Վաստակաշատ դասախոսը կրթել և դաստիարակել է երկրաբանների մի քանի սերունդ՝ այդ թվում տողերիս հեղինակին: Մշտապես աչքի է ընկել ընդգծված բարեհամբույրությամբ, մեծ կամեցողությամբ և համեստ վարքագծով: Մ. Մովսիսյանը վառ անհատականություն էր՝ օժտված դասավանդման յուրահատուկ տաղանդով, բարձր ընդհանուր զարգացվածությամբ, լայնախոհությամբ: Շատ լավ հասկանում էր նաև արվեստի տարբեր ճյուղերից: Մեծ հարգանք էր վայելում, ինչպես երկրաբանական հանրության, այնպես էլ ուսանողների շրջանում: Մ. Մովսիսյանը հավերժ կմնա բոլոր նրան ճանաչողների սրտերում: 

Հայկ Մելիք-Ադամյան

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍՏԵՓԱՆԻ
(ծննդյան 120-ամյակին)
(1902-1950)

 

Լրացավ մեծանուն երկրաբան, երկրաբանամիներալոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Ստեփանյանի ծննդյան 120-ամյակը: Ծնվել է 1902թ. Ալեքսանդրապոլ (ներկայումս Գյումրի) քաղաքում: 1921թ. տեղի կոմերցիոն ուսումնարանն ավարտելուց հետո ուշիմ երիտասարդն ընդունվում է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտ, իսկ 1925թ. տեղափոխվում է Նովոչերկասկ քաղաքի Դոնի պոլիտեխնիկական ինստիտուտ, ուր 1930թ. ստանում է լեռնային ճարտարագետի որակավորում:

Դեռևս ուսանողական տարիներին մասնակցում է Հայաստանի Արարատյան դաշտավայրի և Ձորագետի տարածքի երկրաբանական ուսումնասիրություններին, ինչպես նաև ղեկավարում է Դոնի պոլիտեխնիկական ինստիտուտի Հյուսիս-Կովկասյան մարզի գրունտերի և ջրերի ֆիլտրացիայի լաբորատորիան: Ուսումն ավարտելուց հետո երիտասարդ մասնագետը սկզբում կարճ ժամանակով աշխատում է Զանգեզուրի պղնձի կոմբինատում որպես երկրաբան, իսկ այնուհետև տեղափոխվում է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատ՝ որպես գլխավոր երկրաբան՝ ամբողջովին նվիրելով իր հետագա գիտաարտադրական կարճատև, բայց բեղուն գործունեությունը հյուսիսային Հայաստանի մետաղական օգտակար հանածոների՝ առավելապես պղնձահրաքարային  հանքավայրերի ուսումնասիրությանը: 

1935թ. Հ. Ստեփանյանին հրավիրում են ԵՊՀ-ի երկրաբանական ֆակուլտետ, որտեղ ֆակուլտետի պատմության մեջ առաջին անգամ նա սկսում է դասավանդել Հայաստանի մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոներ առարկան: Նույն թվականին սկսում է աշխատել նաև ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի (Արմֆան) նորաստեղծ երկրաբանական գիտությունների ինստիտուտում որպես ավագ գիտական աշխատող՝ հաջողությամբ համատեղելով դասախոսական և արտադրական գործունեությունը գիտական աշխատանքի հետ: 1939թ. պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն «Ախթալայի բազմամետաղային հանքավայրի հետազոտությունները» թեմայով: 

1938թ.-ից մինչև կյանքի վերջ եղել է երկրաբանական ֆակուլտետի անփոփոխ դեկանը՝ միաժամանակ աշխատելով որպես նույն ֆակուլտետի կիրառական երկրաբանության ամբիոնի վարիչ, իսկ 1950թ.-ին ստացել է պրոֆեսորի կոչում: 1948թ. Հ. Ստեփանյանը պաշտպանում է «Հյուսիսային Հայաստանի պղնձի հանքավայրերի երկրաբանությունը» թեմայով դոկտորական ատենախոսություն: 

Այս խոշորածավալ աշխատության մեջ առաջին անգամ ընդհանրացվել և բազմակողմանիորեն վերլուծվել են Հյուսիսային Հայաստանի պղնձահրաքարային (Ալավերդի, Շամլուղ) և բազմամետաղային (Ախթալա և այլն) հանքավայրերի երկրաբանական կառուցվածքին, մետաղածնությանը, մագմատիզմին, շերտագրությանը և տեկտոնիկային առնչվող հարցեր: Գիտնականը հիմնավորում է, որ այս հանքավայրերում հնարավոր է հայտնաբերել շտոկվերկային և այլ տիպի հանքայնացումներ, որոնց բացահայտման համար պետք է կիրառել նաև տարբեր տեսակի երկրաբանական և երկրաֆիզիկական ուսումնասիրություններ: Ճշգրտել է նաև այսպես կոչված ստորին կանաչավուն անդեզիտների (պորֆիրիտների) տեղադիրքը (Լալվարի շերտախումբ, օքսֆորդ՝ ըստ Ն. Ազարյանի), ինչպես նաև մատնանշել է Ախթալայի բազմամետաղային հանքավայրի շրջակայքի հանքաբեր քվարցային անդեզիտների (վերին բայոս) ավազաքարեր պատռող բնույթը: 

Գիտնականն առաջինն է ուսումնասիրել նաև Հյուսիսային Հայաստանի (Լալվար-Ստեփանավանի տեղամաս) կայնոզոյան հասակի խոշոր գրանիտային ինտրուզիաների (Լալվար, Ուռուտ, Կողես, Յաղդան և այլն) երկրաբանական առանձնահատկությունները, ծագումնաբանությունը և պետրոլոգիան: 

Մեծ է գիտնականի ավանդը Հայաստանի ոչ մետաղական օգտակար հանածոների ուսումնասիրության գործում: Մասնավորապես Հ. Ստեփանյանը մանրամասն հետազոտել է Արթիկի, Անիի և Երևանի շրջակայքի հրաբխային տուֆերի հանքավայրերը, Հյուսիսային Հայաստանի Շահնազարի գունավոր տուֆերը, ինչպես նաև Ծաթերի և Բերդավանի ֆելզիտային տուֆերը: Ուսումնասիրել է նաև ալյումինի հումքի համար պիտանի բոքսիտանման ապարների հանքերևակումները Նոյեմբերյանի, Սպիտակի, Դիլիջանի, Աղվերանի և այլ շրջաններում: Ա.Ն. Ամրոյանի հետ համատեղ դեռևս 1940-ական թվականների վերջերին ուսումնասիրել է նաև մերձերևանյան տարածքի հնարավոր նավթաբերության հարցերը:

Հ. Ստեփանյանը զգալի ավանդ ունի նաև երկրաբանության հանրամատչելիության և հանրահռչակության մեջ: Ուշագրավ է դեռևս 1946թ.-ին  նրա հեղինակությամբ հրատարակված «Հայկական ՍՍՌ ռելիեֆի առաջացման հիմնական էտապները» գրքույկը՝ գրված պարզ հանրամատչելի լեզվով: Կարևոր է նշել, որ դուրս գալով այդ ժամանակ ընդունված ֆիքսիստական տեսության գիտական կարծրատիպերի սահմաններից՝ հեղինակը, դրսևորելով աննախադեպ լայնախոհություն հայ երկրաբանության պատմության մեջ, այս գրքում որպես ռելիեֆածին հիմնական գործոն բազմիցս ընդգծում է հորիզոնական կամ տանգենցիալ շարժումների գերակայությունը՝ համահունչ ներկայիս մոբիլիստական ընդունված տեսակետին, որն իր զարգացումը ստացավ միայն 1960-ական թվականների երկրորդ կեսերին: Այդ հետաքրքիր աշխատանքը ցայսօր չի կորցրել իր արդիականությունը և ճանաչողական արժեքը: 

Ընդհանուր առմամբ իր կարճատև, բայց բեղմնավոր 20-ամյա գիտական գործունեության ընթացքում անվանի երկրաբանը հեղինակել և համահեղինակել է 11 գիտական աշխատություն՝ այդ թվում 3 մենագրություն, և 20 ձեռագիր հաշվետվություն: Հ. Ստեփանյանը մեծ հեղինակություն էր վայելում և մտերմիկ ընկերական հարաբերություններ ուներ ժամանակի երկրաբանության այնպիսի ռահվիրանների հետ, ինչպիսիք էին Հ.Տ. Կարապետյանը, Ֆ. Յու. Լևինսոն-Լեսինգը, Ա.Ն. Զավարիցկին, Կ.Ն. Պաֆֆենհոլցը, Վ.Վ. Գրուշեվոյը և այլն: 

 

Հայկ Մելիք-Ադամյան

Հիշարժան տարեթվեր

Ռոմիկ Զարյան

Լրացավ երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, հայտնի երկրաքիմիկոս Ռոմիկ Նաիրիի Զարյանի (28.01.1932թ. – 16.06.1992թ.) 90-ամյակը: Ծնվել և մեծացել է հանրաճանաչ գրող Նաիրի Զարյանի ընտանիքում: 1955թ. ավարտել է Մոլոտովի անվան Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը: 1955-1958թթ. ներառյալ աշխատել է որպես երկրաբան ՀԽՍՀ երկրաբանական վարչության տարբեր երկրաբանահետախուզական արշավախմբերում: 1958թ. դեկտեմբերին ընդունվել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի արտադրությունից կտրված ասպիրանտուրա:

1961թ.-ից մինչև իր կյանքի վերջին օրերը անդադար աշխատել է նույն ինստիտուտում՝ սկզբում որպես կրտսեր, իսկ 1967թ.՝ ավագ գիտաշխատող ինստիտուտի երկրաքիմիայի բաժնում:  1965թ. Մոսկվայի ԳԱ Վ.Վ. Վերնանդսկու անվան երկրաքիմիայի և անալիտիկ քիմիայի գիտահետազոտական ինստիտուտի գիտական խորհրդում հռչակավոր երկրաքիմիկոս երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Վիտալիի Շչերբինայի գիտական ղեկավարությամբ փայլուն պաշտպանել է «Հայկական ԽՍՍՀ Կապանի և Քաջարանի հանքավայրերի հանքանյութերում սելենի և թելուրի տարածման օրինաչափությունները» թեմայով թեկնածուական ատենախոսությունը և ստացել երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

Հետագայում՝ իր ամբողջ գիտական կյանքի ընթացքում, Ռ. Զարյանը զբաղվել է հարավային Հայաստանի Կապանզանգեզուրյան տեղամասի մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի  հանքանյութերում առկա ցրված և հազվագյուտ տարրերի, երկրաքիմիական և պետրոքիմիական առանձնահատկությունների, ինչպես նաև տարածական տեղաբաշխումների ուսումնասիրության հարցերով: Մասնավորապես Կապանի պղինձկոլչեդանային հանքավայրում նրա կողմից ուսումնասիրվել են թելուրիդները, և առաջին անգամ բացահայտվել են հեսիտ՝ Ag2Te, և թելուրոբիսմուտիտ՝ Bi2Te3, միներալները: Այս հանքավայրի սֆալերիտ և գալենիտ պարունակող հանքանյութերում առաջին անգամ Հայաստանի տարածքի համար բացահայտել է կապարի թելուրիտի մի շատ հազվագյուտ միներալ՝ դանհեմիտ PfTeO4, որը մինչ այդ հայտնաբերվել է և առաջին անգամ նկարագրվել անգլիացի միներոլոգ Դանհեմի կողմից 1935թ. ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգից միայն: Գիտնականը ուսումնասիրել է նաև Վայոց Ձորի մարզի Գլաձորի բազմամետաղային (կապարցինկային) հանքավայրի կենտրոնական հատվածի Կորեկիձորի (Թեքսարի կառուցվածքաֆացիալ գոտի) հազվագյուտ և ցրված տարրերի գեոքիմիան և բաշխվածության օրինաչափությունները, որտեղ նրա կողմից բացահայտվել են ստրոնցիում, իտտրիում, իտտերբիում, գալիում և սկանդիում տարրերը: Զբաղվել է նաև փորձարարական միներալոգիայով: 1987թ. Ա.Ա. Տվարչելիձեի անվան միներալոգիական հումքի Կովկասյան ինստիտուտի (Թբիլիսի) գիտական խորհրդում Ռ. Զարյանը պաշտպանել է «Փոքր Կովկասի ԿապանԶանգեզուրի մարզի հիդրոթերմալ հանքավայրերը» դոկտորական ատենախոսությունը և ստացել երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան

Ռ. Զարյանը հեղինակ և համահեղինակ է 35 գիտական հրատարակումների, այդ թվում՝ 2 մենագրության, 23 հոդվածի, 13 թեզիսի, ինչպես նաև 12 ձեռագիր հաշվետվությանՆրա համահեղինակների թվում են այնպիսի հանրահայտ մասնագետներ, ինչպիսին են ակադեմիկոսներ Ի. Մաղաքյանը և Ա.Ի. Կարապետյանը, պրոֆ. Վ.Վ. Շչերբինան, գիտ. դոկտորներ Գ.Օ. Փիջյանը, Շ.Ա. Ամիրյանը, Է.Ա. Խաչատրյանը, Բ.Մ. Մելիքսեթյանը և այլոք:   

 

Մկրտչյան Սվետլանա Սերգեյի

Ապրիլի սկզբին լրանում է երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու Սվետլանա Սերգեյի Մկրտչյանի 85 ամյակը (10.04.1937թ. Երևան – 1999թ. ԱՄՆ):

Ծնվել է անվանի երկրաբան ՀՍՍՀ ԳԱի ակադեմիկոս Ս.Ս. Մկրտչյանիընտանիքում: 1954թ. ավարտել է Երևանի Ա.Ս. Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը, իսկ 1959թ.՝ ԵՊՀ Երկրաբանական ֆակուլտետը: 1959թ. մինչև իր կյանքի վերջին տարիները աշխատել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում՝ սկզբում որպես լաբորանտ, ճարտարագետերկրաբան, կրտսեր գիտաշխատող, իսկ 1969թ.-ից՝ որպես ավագ գիտաշխատող: 1965թ. ԵՊՀի Երկրաբանական ֆակուլտետի գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն  «Շամլուղի հանքավայրերի քիմիական տարրերի էնդոգեն երկրաքիմիական պսակները» թեմայով և ստացել երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածուի աստիճան:

Գիտական հետաքրքրությունները առնչվում են Հայաստանի տարածքի մետաղային օգտակար հանածոների հանքավայրերի (Սյունիքի մարզի Շահումյանի ոսկիբազմամետաղային, Լոռու մարզիՊրիվոլնիի կապարցինկային և այլն)՝ հիմնականում կապարցինկային և կոլչեդանբազմամետաղային երկրաքիմիական ուսումնասիրությանը: Զբաղվել է նաև փորձարարական միներալոգիայով՝ մասնավորապես սֆալերիտ և գալենիտ միներալների արհեստական վերաբյուրեղացման հարցերով: 

Հեղինակ և համահեղինակ է 35 գիտական հոդվածի, 5 թեզիսի և 6 ձեռագիր հաշվետվության: 

Լրացավ հնէաբան Գալինա Իոսիֆի Մագուրայի (Կուլիկ) 90-ամյակը


Ծնվել է 6.04.1932թ. Լվով քաղաքում: 1953թ. ընդունվել և 1957թ. ավարտել է Լվովի պոլիտեխնիկական ինստիտուտի երկրաբանահետախուզական ֆակուլտետի երեկոյան բաժանմունքը: 1958թ. մինչև իր կյանքի վերջին օրերը աշխատել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի ռեգիոնալ երկրաբանության և լիթոլոգիայի բաժնի միկրոֆաունայի լաբորատորիայում՝ որպես լաբորանտ և ավագ ճարտարագետ, իսկ 1985թ.-ից՝ նավթի և գազի բաժնում որպես կրտսեր գիտաշխատող:
Հեղինակ և համահեղինակ է 3 գիտական հոդվածի և 4 ձեռագիր հաշվետվության: Աշխատությունները վերաբերում են Հայաստանի տարածքի հարավ-արևմտյան մասի պալեոգենի և ստորին նեոգենի հասակի մանր ֆորամինիֆերների ուսումնասիրությանը:
1980-ական թթ. ակադեմիկոս Ա.Հ. Գաբրիելյանի և երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Ս.Մ. Գրիգորյանի ղեկավարությամբ մասնակցել է Հայաստանի տարածքի էոցենի և օլիգոցենի սահմանագծում երկրաբանական զարգացումների միջազգային գիտական թեմայի աշխատանքներին:

2022թ. լրացավ Սիմոնյան Ռուսլան Սմբատի 75-ամյակը (11.01.1947թ. Լենինական (Գյումրի) – 19.03.2004թ. Երևան)

1953թ. ընդունվել է Լենինականի Մռավյանի անվան թիվ 25 դպրոցը, որն ավարտել է 1964թ.: Նույն թվականին ընդունվել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը, որն ավարտել է 1970թ.՝ անմիջապես աշխատանքի անցնելով ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում որպես ավագ ճարտարագետ: 1974թ. ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ հազվագյուտ տարրերի միներոլոգիայի և երկրաքիմիայի գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրա (Մոսկվա), իսկ 1992թ. ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Որոշ ստրատիմորֆ հանքավայրերի առաջնային երկրաքիմիական պսակները» թեմայով և ստացել երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1974-1977թթ. աշխատել է ԽՍՀՄ ԳԱ հազվագյուտ տարրերի միներոլոգիայի և երկրաքիմիայի գիտահետազոտական ինստիտուտում (Մոսկվա) որպես կրտսեր գիտական աշխատող, իսկ 1986-1992թթ.՝ ՀԽՍՀ ընդերքի վարչությունում՝ որպես առաջին կարգի երկրաբան: 1992թ.-ից մինչև իր կյանքի վերջի տարին աշխատել է ՀՀ ԳԱԱ ԵԳԻ-ում որպես ավագ գիտ. աշխատող:

Գիտական հետաքրքրությունները առնչվում են նախկին ԽՍՀՄ տարածքի որոշ շրջանների (հարավային և կենտրոնական Ղազախստան, արևմտյան Մերձբայկալի շրջան), ինչպես նաև Հայաստանի տարածքի մետաղային հանքավայրերի տարաբնույթ երկրաքիմիական հետազոտություններին: Հեղինակ և համահեղինակ է ավելի քան 20 գիտական հոդվածի: 

Եղել է սպորտի վարպետ, 1970-ական թթ. սկզբին՝ Հայաստանի ջրագնդակի հավաքականի թիմի դարպասապահ:

 

 

Հունվարի 24-ին լրանում է Իգոր Լևոնի ՆԵՐՍԵՍՈՎԻ ծննդյան 100-ամյակ (1919-1995) – երկրաֆիզիկոս, ՀԽՍՀ  ԳԱԱ թղթակից անդամ: 

Փետրվարի 7-ին լրանում է Աշոտ Տիգրանի ԱՍԼԱՆՅԱՆԻ ծննդյան 100-ամյակ (1919-1989) –   բազմավաստակ գիտնական, պետական գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: Նա մեծ ավանդ ունի երկրաբանական գիտության և արտադրության, գիտատեխնիկական և բարձրագույն դպրոցի կայացման ու ամրապնդման գործում։ Ա. Ասլանյանը գիտական լայն հետաքրքրությունների տեր գիտնական էր՝ նրա հետազոտությունները ընդգրկում են շերտագրության և հնէաբանության, տարածքային երկրաբանության և տեկտոնիկայի, երկրաֆիզիկայի և մոլորակագիտության, մագմատիզմի և նորագույն հրաբխականության, ինժեներային երկրաբանության, մետաղածնության  և հանքաբանության հարցերը։
Ակադեմիկոս Ասլանյանը պարգևատրվել է Գերմանիայի երկրաբանական ընկերության՝ Աբրահամ Վերների մեդալով, ՍՍՀՄ աշխարհագրական ընկերության ՝ Սեմյոնով –  Տյան-Շանսկու անվան մեդալով։ 
Ա. Ասլանյանի մարտական և աշխատանքային ձեռքբերումները արժանացել են Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով, Աշխատանքային Կարմիր դրոշի 3 շքանշանով, Ժողովուրդների բարեկամության և բազմաթիվ այլ մեդալներով պարգևատրման։

Փետրվարի 16 լրանում է Լևոն Ներսեսի Զոհրաբյանի 100-ամյակ (16.02.1919 Օձուն – 28.08.1990 Երևան) – ականավոր հայ աշխարհագրագետ, երկրաձևաբանության մասնագետ (գեոմորֆոլոգ), աշխարհագրական գիտ. թեկնածու (1962), դոցենտ (1954), ԳԱ Երկրաբանական գիտ. ինստիտուտի երկրաձևաբանական բաժնի վարիչ և նույն ինստիտուտի Դիլիջանի ջրաերկրաբանական արշավախմբի գիտ. ղեկավար (1978-1988)  Մեծ ավանդ ունի Հայկական լեռնաշխարհի, լեռնագրական կառուցվածքի, երկրաբանաձևության ասպարեզում: Հեղինակ է մոտ 50 գիտական հոդվածների, մի քանի մենագրության, այդ թվում՝ ռուսերենով հրապարակված «Орография Армянского нагорья Ереван, 1979» հիմնարար աշխատությունը, որն առ այսօր սեղանի գիրք է հանդիսանում աշխարհագրագետների, երկրաբանների, պատմաբանների համար: Աշխարհագրական գիտություններին մատուցած զգալի ավանդի համար պարգևատրել է ԽՍՍՀ աշխարհագրական ընկերության Սեյմոնով – Տյան-Շանսկու մեդալով:
Փետրվարի 20-ին լրանում է Թադևոս Շահբազի Թադևոսյանի (1909 գյուղ Արա – 1991 Երևան, թաղված է Արագյուղում) 110-ամյակը – հայտնի երկրաբան-քարագետ երկրաբանահանքաբանական գիտ. թեկնածու (1948), դոցենտ (1951): Թ.Թադևոսյանը ավելի քան 45 տարի անընդմեջ (1945-1991թթ.) դասավանդել է Երևանի պետական համալսարանի Երկրաբանական ֆակուլտետում պետրոգրաֆիա և այլ հարակից առարկաներ՝ կրթելով երկրաբանների մի քանի սերունդ: Հեղինակ և համահեղինակ է Հայաստանի տարածքի ինտրուզիվ ու էֆուզիվ ապարների պետրոգրաֆիաին նվիրված ավելի քան 40 հոդվածի, պետրոգորֆիայի բուհական դասագրքերի, ինչպես նաև գիտահանրամատչելի հոդվածների ու գրքույկների:

Մարտի 2-ին լրանում է Գրիգոր Արկադիի Գաբրիելյանցի 85-ամյակը- նավթային երկրաբանության ականավոր մասնագետ, պետական գործիչ, բարերար, երկրաբանահանքաբանական գիտ. դոկտոր (1973), պրոֆ (1979), ԽՍՀՄ պետ. Մրցանակի դափնեկիր (1989), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ա. Գաբրիելյանցը 1989-1991թթ. աշխատել է որպես ԽՍՀՄ երկրաբանության նախարար: Հեղինակ և համահեղինակ է 9 գիտական մենագրության և ավելի քան 250 գիտական հոդվածների:

Աշխատանքները վերաբերում են ԽՍՀՄ տարածքի, այդ թվում նաև Հայաստանի նավթի և գազի հանքավայրերի որոնման ու հետախուզման ինչպես գործնական, այնպես էլ տեսական բազմաբնույթ հարցերի: Ներկայումս Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականն է: Ա. Գաբրիելյանցի սեփական միջոցներով Մոսկվայի Վագանկովյան հայկական գերեզմանոցում տեղակայված է խաչքար (քանդ.՝Ֆրիդ Սողոյան)՝ ի հիշատակ Բաքվի լքված հայկական գերեզմանների: Արցախում Ա. Գաբրիելյանցի միջոցներով ու գլխավորապես նրա հարուստ անձնական միներոլոգիական հավաքածուի նվիրատվության շնորհիվ բացվել է գիտնականի անունը կրող Երկրաբանական թանգարան Շուշի քաղաքում: Ա. Գաբրիելյանցի նախաձեռնությամբ, ֆինանսական օժանդակությամբ, ինչպես նաև ակադեմիկոս Ռ.Տ. Ջրբաշյանի հետ համատեղ խմբագրությամբ 2011թ. ռուսերեն լեզվով տպագրվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկրաբանությունը և հանքային պաշարները» կոլեկտիվ մենագրությունը (Երևան-Ստեփանակերտ, 286 էջ): Նաև այս մենագրության համահեղինակներից է:

 

Մարտի 13-ին լրանում է Սիմոն Հովհաննեսի Աչիգյոզյանի (Դեդ) 80-ամյակը (1939թ.Գալեց, Ռումինիա – 30.04.1991 Մարտունաշեն, թաղված է Երևանում) –  անվանի երկրաբան ու ազատամարտիկ, երկրաբանահանքաբանական գիտ. թեկնածու (1970),: 1960թ.-ից մինչև իր կյանքի վերջը անընդմեջ աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում. հեղինակ և համահեղինակ է Հայաստանի մետաղական օգտակար հանածոների հարցերին նվիրված ավելի քան 70 գիտական հոդվածների: Զբաղվել է նաև ակտիվ հասարակական-քաղաքական ու ազգային գործունեությամբ: 1990թ. ընտրվել է Երևանի քաղխորհրդի պատգամավոր, իսկ 1989թ. անդամագրվել է «Արաբո» ջոկատին, մասնակցել Եղեգնաձորի ինքնապաշտպանական մարտերին: 1991թ. ապրիլի 19-ին ստանձնել է «Արաբո» ջոկատի հրամանատարությունը: Հերոսաբար զոհվել է 1991թ. ապրիլի 30-ին Մարտունաշենի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ: Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Մարտի 23-ին Վիլյամ ՍՄԻԹԻ ծննդյան 250-ամյակն է (Smith, 1769-1839) – անգլիացի ինժիներ և երկրաբան: Առաջինն է ձևակերպել այն դրույթը, որ միևնույն բրածոները պատկանում են լեռնային ապարների միևնույն շերտին: Նրա բացահայտումը նախադրյալներ ստեղծեց շերտագրության և հնէաբանության մեջ էվոլյուցիոն գաղափարների զարգացման համար:

Հուլիսի 6-ին Վալերի Բենիկի ՍԵՅՐԱՆՅԱՆԻ ծննդյան 80-ամյակն է (1939-2017) – միներոլոգ: Հայտնաբերել է Թեղուտի փիրուզի հանքավայրը: Երկրաբանական պատմության հիմնարար հետազոտության հեղինակ՝ «Հայկական լեռնաշխարհի տարածքում միներալային հումքի պատմության ուսումնասիրությունը և կիրառումը  (հնագույն ժամանակներից մինչև  XX դարի սկիզբը)»:Հուլիսի 22-ին Ջորջ ՉԻԼԻՆԳԱՐԻ ծննդյան 90-ամյակն է (Գևորգ Վարոսի Չիլինգարյան, ծնվել է 1929թ.) – ամերիկացի երկրաբան, աշխարհահռչակ նավթային երկրաբաններից մեկը, հայտնաբերել է նավթի և գազի բազմաթիվ հանքավայրեր (Իրան, Սաուդյան Արաբիա, ԱՄՆ, Թաիլանդ), աշխարհում խոշորագույն մասնագետ կարբոնատային առաջացումների նավթագազաբերության և նստվածքակուտակման ոլորտում, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ  ( 1998 թ-ից):Օգոստոսի 26-ին լրանում է Ստեփան Տիգրանի Բադալյանի (Բադալով) 100-ամյակը – հայազգի ականավոր երկրաբան-երկրաքիմիկոս, երկրաբանահանքաբա -նական գիտ. դոկտոր, պրոֆեսոր, Ուզբեկականի ԽՍՀ երկրաբանական և երկրաֆիզիկական ինստիտուտի երկրաքիմիայի բաժնի վարիչ: Նրա գիտ. ղեկավարության ներքո պաշտպանվել է մոտ 20 թեկնածուական և 2 դոկտորական ատենախոսություն: Սեպտեմբերի 1-ին լրանում է Գրիգոր Հովհաննեսի ՓԻՋՅԱՆԻ ծննդյան 100-ամյակ (1919-1998): 1947 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում, 1959 թվականից՝ երկրաքիմիայի բաժնի վարիչ։ 1949 թվականից զբաղվել է Հայաստանի մի շարք՝ Նոյեմբերյանի, Սևանի, Հրազդանի, Կապանի, Մեղրու շրջանների հանքավայրերի հետազոտությամբ, միաժամանակ սովորել է Լենինգրադի Լեռնային ինստիտուտի ասպիրանտուրայում: 1951 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի հանքային դաշտի երկրաբանությունը» թեմայով: Նոյեմբերի 7-ին լրանում է Ազատ Թովմասի Վեհունու (Թավրիզ-ԱՄՆ) 100-ամյակը: Հանրահայտ հայ երկրաբան, երկրաբանահանքաբանական գիտ.թեկնածու (1961), դոցենտ (1966) Հեղինակ և համահեղինակ է Հայաստանի տարածքի շերտագրական հարցերին նվիրված՝ մասնավորապես էոցենի շերտագրությանը, ինչպես նաև օգտակար հանածոների և ռեգիոնալ երկրաբանությանը վերաբերող 50-ից ավել գիտական հոդվածների ու մի քանի մենագրությունների: Կյանքի վերջին տարիներին, ապրելով և ստեղծագործելով ԱՄՆ-ում, հեղինակել է Հայկական լեռնաշխարհի ռեգիոնալ երկրաբանությանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրաբանությանը վերաբերող  մենագրությունների՝ «Հայկական լեռնաշխարհի երկրաբանությունը և ընդերքի հարստությունը» (Երևան, ԵՊՀ 2001) և «Մեծ Մերձավոր Արևելքի երկրաբանությունը և ընդերքի հարստությունները» (Երևան, Ոսկան Երեվանցի 2008): Նոյեմբերի 7-ին լրանում է Ռաֆայել Ավետիսի Առաքելյանի 100-ամյակը – երկրաբանահանքաբանական գիտ.թեկնածու, հայտնի երկրաբան-շերտագրագետ և տեկտոնիստ: 1947թ.-ից մինչև իր կյանքի վերջ (1978թ.) անընդմեջ աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում, զբաղեցրել է տեկտոնիկայի բաժնի վարիչի պաշտոնը: Զգալի ավանդ ունի Հայաստանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության վերին պալեոզոյի շերտագրության ուսումնասիրության ասպարեզում: Առաջին անգամ ապացուցել է տարածաշրջանի միջին և վերին կարբոնի բացակայությունը և առանձնացրել է ավելի քան 20 շերտախումբ: Զբաղվել է նաև տեկտոնիկայում տիեզերական հեռազննման մեթոդի կատարելագործմամբ: Հեղինակ ու համահեղինակ է մոտ 100 գիտական հոդվածների և մի քանի գիտական մենագրության: Նոյեմբերի 19-ին լրանում է Արշավիր (Աշոտ) Գրիգորի Բաբայանի (Բաբաեվ) 100-ամյակը (19.11.1919 Աշխաբադ-14.11.1999թ) – հայազգի խոշոր երկրաբան-նավթաբան, երկրաբանահանքաբանական գիտ. դոկտոր, պրոֆ., Ուզբեկական ԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ (1974), և վաստակավոր նավթագործ. Տաշքենդ): Նա երկար ժամանակ ղեկավարել է Ուզբեկիստանի տարածքի նավթի և գազի պաշարների հայտնաբերման երկրաբանահետախուզական աշխատանքները, իսկ 1967-1969թթ. հանդիսացել է Եգիպտոսում նավթագազաորոնման աշխատանքներ իրականացնող ԽՍՍՀ մասնագիտական-երկրաբանական խմբի ղեկավար: Հանդիսացել է նաև Հայաստանի ականավոր երկրաբան՝ Մառլեն Ակիմի Սաթիանի թեկնածուական ատենախոսության գիտական ղեկավարը: