2021 թվականին, առավելապես օգոստոս ամսից սկսած, Հայաստանի հյուսիս–արևմտյան տարածքում և հարակից գոտում դիտվում է է սեյսմիկ ակտիվության աճ։ Մի քանի օրերի ընթացքում իրար են հաջորդել միջին ուժգնության մի քանի երկրաշարժեր, որոնք զգացվել են ՀՀ հյուսիսային հատվածի բնակավայրերում։ Այս երկրաշարժերից թերևս ամենուժեղներից են 4,5 մագնիտուդով օգոստոսի 16-ի, ՀՀ Բավրա գյուղից 16 կմ
հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժը և վերջերս, հոկտեմբերի 24–ին տեղի ունեցած 4.2 մագնիտուդով, Բավրա գյուղից 9 կմ դեպի արևելք, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժը (ըստ ՍՊՏԾ պաշտոնական տվյալների և ըստ EMSC-ի): Վերոնշյալ երկրաշարժերին հաջորդել են նաև բազմաթիվ հետցնցումներ:
Վերջին ամիսների գրանցումների տվյալները ցույց են տալիս, որ այդ օջախային գոտում գրանցված երկրաշարժերի թիվն աճել է։ Միայն այս տարվա ընթացքում, ըստ Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կազմակերպության տվյալների (EMSC, ՍՊՏԾ), այս տարածքում գրանցվել է М>2 մագնիտուդով 130 երկրաշարժեր (նկար 1): Դրանցից 46-ն ունեցել են 3 և ավելի մագնիտուդ: Այս երկրաշարժերի էպիկենտրոնները գտնվում են են հայ-վրացական սահմանին շատ մոտ և իրենցից ներկայացնում են Ջավախքի սեյսմոակտիվ գոտու ակտիվության դրսևորումներ։ Ինչպես հայտնի է, Ջավախքի սեյսմոակտիվ գոտին առանձնանում է և՛ տեկտոնական, և՛ սեյսմիկ ակտիվությամբ։ Այն ենթարկվում է ռեգիոնալ, հյուսիս-հարավ ուղղությամբ սեղմման և արևելք-արևմուտք
ուղղությամբ ընդարձակման ազդեցությանը, որի հետևանքով էլ պայմանավորված է Ջավախքի բարձրավանդակում բարձր սեյսմիկ ակտիվությունը:
Բոլոր ժամանակներում Ջավախքի գոտին իր սեյսմիկ ակտիվությամբ առանձնացել է ամբողջ Հայկական Լեռնաշխարհի և Կովկասյան տարածաշրջաններում։ Այստեղ գրանցվում են ամբողջ Կովկասում տեղի ունեցող երկրաշարժերի շուրջ 55%-ը։ Տարածքը հայտնի է սեյսմիկ ակտիվությամբ, հատկապես՝ թույլ և միջին ուժգնությամբ երկրաշարժերով։
Այստեղ հատվում են մի շարք ակտիվ խզվածքներ, որոնց հետ կապված են տարբեր ժամանակներում գրանցված ուժեղ և միջին երկրաշարժեր։ Ջավախքի լեռնաշղթան նաև համարվում է Փոքր Կովկասի նորագույն հրաբխականության շրջաններից մեկը։
ՀՀ ԳԱԱ ԵԳԻ սեյսմիկ դիտարկումների գիտական ցանցը գրանցել է վերը նշված երկրաշարժերը և մոտ ժամանակում կիրականացվեն տեղի ունեցած նշանակալի ցնցումների և հետցնցումների ավելի մանրակրկիտ գիտական ուսումնասիրություններ, մասնավորապես կվերածնվեն երկրաշարժերի ֆոկալ մեխանիզմները, կառանձնացվեն հրաբխա-տեկտոնական ծագում ունեցող երկրաշարժերը, և ստացված տվյալները կհրապարակվեն գիտական ամսագրերում։