Լաբորատորիայի մասին | Քարտեզներ և գրաֆիկական պատկերներ |
Գիտական անձնակազմը և ուղղությունները | Միջազգային համագործակցություն |
Գիտական արդյունքները | Հրատարակումներ |
Լաբորատորիայի մասին
Հիդրոերկրաքիմիայի լաբորատորիան ստեղծվել է հիդրոերկրաբանության բաժնի կազմում դեռևս 1950թ.: Բաժինը ղեկավարել է ականավոր հիդրոերկրաբան և հանքային ջրերի խոշոր մասնգետ Ա.Պ.Դեմյոխինը, ով կազմել է Հայաստանի հանքային ջրերի մասին առաջին գիտական ամփոփագիրը:
Արդեն 1954թ. մշակվել են հանքավայրերի որոնման հիդրոերկրաքիմիական մեթոդները և 1954թ.-ից սկսած իրականացվել են հանրապետության մետաղային հանքավայրերի հիդրոերկրաբանական և հիդրոերկրաքիմիական պայմանների առաջին գիտական ուսումնասիրությունները: Ն.Ի.Դոլուխանովայի կողմից առաջին անգամ Հայաստանում մշակվել և կիրառվել է օգտակար հանածոների որոնման յուրահատուկ` հողերի ջրային մզվածքի մեթոդը:
1957թ., լաբորատորիայի կողմից ուսումնասիրվել է Սևանա լճի ջրի մակարդակի իջեցման ազդեցությունը լճի ավազանի հիդրոերկրաբանական պայմանների վրա:
Ուսումնասիրվել են ՀՀ հանքային ջրերի գոեթերմիկ հատկություններիը և հանքային շրջանների հիդրոքիմիան: ՍՍՀՄ ականավոր գիտնական Ն.Ի.Խիտարովի ղեկավարությամբ կազմվել են ՀՍՍՀ մի շարք շրջանների հիդրոերկրաբանական քարտեզներ, մանրակրկիտ ուսումնասիրվել են Արզնի, Ջերմուկ, Դիլիջան, Հանքավան և այլ հանքային ջրերի կազմերը և յուրահատկությունները, կազմվել և հրատարկվել է “ՀՍՍՀ հանքային ջրերը” մենագրությունը, մետաղային հանքավայրերի որոնման հողային հիդրոքիմիական մեթոդը արժանացել է պարգևի Համամիութենական մրցույթում:
1960-ական թվականներն լաբորատորիայում սկսվել են լանդշաֆտների երկրաքիմիային և երկրաքիմիական լանդշաֆտներում երկրորդային եզրապսակներ կազմող տարրերի վարքի ուսումնասիրությունները: Այս աշխատանքների արդյունքում պաշտպանվել են թեկնածուկան ատենախոսություններ (Պ.Մ.Ղափլանյան, 1962, Ա.Ռ.Գալստյան, 1964, Լ.Ա.Գրիգորյան 1970, Հ.Վ.Շահինյան, 1991): 1980թ. հրատարակվել է Է.Ս.Խալաթյանի “Բորի բաշխումը ՀՍՍՀ հանքային ջրերում” մենագրությունը, որում հանգամանորեն բերվում են հանրապետության տարածքի հանքային ջրերում բորի բաշխման հիմնական օրինաչափությունները, մասնավորապես` Հայաստանի հիդրոերկրաքիմիական զոնալականության ֆոնի վրա տրվում է բորի վարքը հիմնական ածխաթթվային հանքային ջրերում:
1980-ականներից սկսվել են Սևանի ավազանի էկոլոգոերկրաքիմիական ատլասի կազմման աշխատանքները, որոնք ընդգրկել են ավազանում տարածված ջրերը, հողերը, ապարները, բույսերը: Դրանցում որոշվել են ավելի քան 40 քիմիական տարրերի պարունակությունները: Բազմամյա այս աշխատանքների արդյունքում 1997թ. կազմվել է Ատլասը և լույս է տեսել «Սևանի ավազանի բնական ջրերի երկրաքիմիան» մենագրությունը: Հեղինակներ. Պ.Կապլանյան, Ա.Գալստյան, Լ.Գրիգորյան, Ա.Կարապետյան, Հ.Շահինյան, Ծ. Էքսուզյան
1990-ականներին կատարվեցին աշխատանքներ խմելու քաղցրահամ ջրերում քիմիական տարրերի պարունակությունների պետական ստանդարտների գիտական հիմունքների մշակման ուղղությամբ:
Վերջին տարիներին կատարվել են նաև շրջակա միջավայրի վրա լեռնային արդյունաբերության ազդեցությունների ուսումնասիրման և գնահատման աշխատանքներ: Դրանք ընդգրկել են ինչպես խմելու քաղցրահամ, այնպես էլ հոսքային ջրերը, հողերը և բույսերը: Այս աշխատանքները կատարվում են նաև այժմ՝ կապված բնապահպանական և ջրերի որակի գնահատման և պահպանման հարցերի հետ:
2002թ. սկսած լաբորատորիան կատարել է Երևանին մատակարարվող և ՀՀ տարբեր մարզերի խմելու քաղցրահամ ջրերի հիդրոքիմիական կազմի թեմատիկ ուսումնասիրություններ: Այս աշխատանքների նպատակը ջրերի հիդրոքիմիական կազմի մոնիտորինգային ուսումնասիրություններն ու տվյալների համակարգչային բազայի ստեղծումն է: Արդյունքները ներկայացված են հաշվետվություններով և հոդվածներով:
Այժմ լաբորատորիայում կատարվում են ՀՀ տարածքի խմելու քաղցրահամ ջրերի որակական կազմի ուսումնասիրություններ, որոնք նպատակ ունեն տալ ՀՀ բոլոր բնակավայրերում օգտագործվող խմելու քաղցրահամ ջրերի հիդրոերկրաքիմիական բնութագրերը և հիդրոերկրաքիմիական տվյալների հենք: Այդ հենքը թույլ կտա լուծել ջրերի որակի կառավարման շատ խնդիրներ, ինչպես նաև ուսումնասիրել ու գնահատել շրջակա միջավայրի վրա լեռնային արդյունաբերության ազդեցությունը՝ երկրորդային եզրապսակների հետազոտությունների մեթոդներով:
Լաբորատորիան հագեցած է դասական և, որոշ չափով՝ ժամանակակից անհրաժեշտ անալիտիկական գործիքներով ու սարքավորումներով: Աշխատում են բարձր որակավորում և երկարամյա աշխատանքային փորձ ունեցող երկրաբան-երկրաքիմիկոսներ և քիմիկոս-անալիտիկներ: Մոտ 50 քիմիական տարրերի և միացությունների (Na+, K+, Ca2+, Mg+, Cl-, SO42-, HCO3-, pH, ընդհանուր կոշտություն, ընդհանուր հանքայնացում, նավթամթերքների ընդհանուր պարունակություն, NH4+, NO2-, NO3- As, Cu2+, Pb2+, Zn2+, Cd2+ և այլն) որոշումների իրականացման համար կիրառվում են բարձր հավաստիության աստիճան ունեցեղ հիդրոքիմիական արբիտրաժային և գործիքային ժամանակակից մեթոդներ: