Daily Archives: 22.04.2024

ԳՐԻԳՈՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՑ

Մարտի 2-ին լրացավ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բնական ԳԱ անդամ, ԽՍՀՄ երկրաբանության նախկին նախարար (1989-1991թթ.), նախկինում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Գրիգոր Արկադիի Գաբրիելյանցի 90-ամյակը:

Գ. Գաբրիելյանցը ծնվել է Բաքվում, արմատներով արցախցու ընտանիքում: 1951թ., ավարտելով դպրոցը, ընդունվում է Բաքվի ինդուստրիալ ինստիտուտի երկրաբանական ֆակուլտետ, որտեղ աշակերտում է մեծահամբավ երկրաբան-պրոֆեսորներ Մ. Աբրամովիչին, Վ. Խաինին և ծագումով շուշեցի Սամսոն Մեսրոպի Ապրեսովին: 1956թ. ավարտելով ինստիտուտը՝ Գաբրիելյանցը ուղևորվում է Թուրքմենիա և 10 տարի անընդմեջ աշխատում է այնտեղ՝ շարքային երկրաբանից հասնելով մինչև Թուրքմենիայի երկրաբանական վարչության գլխավոր երկրաբան: 1963թ. պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն, որի լրամշակված տարբերակը տպագրվում է 1965թ. Մոսկվայում՝ «Геология и нефтегазоносность Центральных Каракумов» մենագրության տեսքով: Թուրքմենիայում կատարած շատ կարևոր և արգասաբեր աշխատանքի համար տակավին երիտասարդ երկրաբանը արժանանում է երկրաբանության ասպարեզում չափազանց պատվաբեր «Հանքավայրերի առաջնահայտնագործող» իր առաջին կոչմանը, ինչպես նաև պարգևատրվում է «Պատվո նշան» շքանշանով և Թուրքմենական ԽՍՀ Գերագույն խորհուրդի նախագահության պատվոգրով:

1965թ. խոստումնալից երկրաբանը տեղափոխվում է Մոսկվա և նշանակվում ԽՍՀՄ գազի արդյունաբերության նախարարությանը կից բնական գազի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի (ВНИИГАЗ) գիտական գծով տնօրեն: 1969-1972թթ. դասավանդում է Մոսկվայի Մ. Գուբկինի անվան նավթի և գազի ինստիտուտում (МИНГ): 1972-1979թթ. աշխատում է որպես ԽՍՀՄ երկրաբանության նախարարության համամիութենական նավթային երկրաբանահետախուզական ինստիտուտի (ВНИГНИ) նավթի և գազի հանքավայրերի հետախուզման մեթոդաբանության սեկտորի, իսկ այնուհետև՝ բաժնի վարիչ՝ միաժամանակ շարունակելով իր դասախոսական գործունեությունը այս անգամ արդեն Մոսկվայի ճարտարագիտական-ֆիզիկական ինստիտուտում (МИФИ): 1973թ. Գ. Գաբրիելյանցը պաշտպանում է դոկտորական ատենախոսություն՝ նվիրված փոքր հզորություն ունեցող ստորգետնյա միջուկային պայթյունների միջոցով նավթաարդյունահանման խթանմանը: 1980-1987թթ. պրոֆեսորը տեղափոխվում է երկրաֆիզիկական մեթոդների հետախուզման համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ՝ որպես գիտության գծով տեղակալ: 1987թ. մրցույթով ընտրվում է ВНИГИНИ-ի տնօրեն, իսկ 1989թ. հուլիսին՝ նշանակվում ԽՍՀՄ երկրաբանության նախարար և աշխատում այդ պաշտոնում մինչև ԽՍՀՄ-ի կազմալուծումը՝ 1991թ. դեկտեմբեր: 1992-2011թթ. Գ. Գաբրիելյանցը գլխավորում է «Գեոսերվիս» միջազգային գիտատեխնիկական-խորհրդատվական ընկերությունը: Այդ ընթացքում ի հավելումն Ռուսատանում աշխատելուն նա տարբեր տիպի գիտախորհրդատվական գործունեություն է իրականացնում մոտ 50 երկրում ևս՝ ի թիվս Չինաստանի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Լեհաստանի, Հունգարիայի, Սլովակիայի, Չեխիայի, Կուբայի, Եմենի, Մոզամբիկի, Եթովպիայի և այլն:

Մեծանուն գիտնականը հեղինակ և համահեղինակ է ավելի քան 160 գիտական հոդվածների, 8 մենագրության (որոնցից մեկը իսպաներեն), 2 ուսումնական ձեռնարկի, 16 գյուտի, ինչպես նաև մի շարք ձեռագիր հաշվետվությունների և գիտահանրամատչելի հոդվածների: 1991թ. նրա գլխավոր խմբագրությամբ և անմիջական մասնակցությամբ հրատարակվել է «Карта нефтегазоносности СССР (масштаб 1:2500000)»: Պրոֆեսորի հիմնական աշխատաություններից են երկրաբանահանքաբանական գիտ. դոկտոր Վ.Ի. Պորոսկունի համահեղինակությամբ «Методика и разведки залежей нефти и газа» (М. Недра, 1985), պրոֆեսոր Գ.Խ. Դիկենշտեյնի և այլոց հետ համատեղ «Региональная геология нефтегазоносных территорий СССР» (М. Недра, 1991), «Новая классификация запасов и ресурсов нефти и газа» (М. 2007) կոլեկտիվ մենագրությունները, ինչպես նաև մեծահամբավ նավթային երկրաբաններ հայր և որդի Բակիրովների հետ համատեղ  երկհատոր հիմնարար բուհական դասագիրքը (Бакиров А.А., Бакиров Э.А., Габриэлянц Г.А. и др. «Теоретические основы поисков и разведки нефти и газа», М. Недра, 2012): 

Նավթի և գազի հանքավայրերի որոնման և հետախուզման ասպարեզներում Գ. Գաբրիելյանցը առաջին անգամ մշակել է որոնողական և հետախուզական հորատանցքերի տեղակայման նոր մեթոդաբանական մոտեցումներ՝ որոնողական հորատման քայլ, բազմահարկ հանքավայրերի համար հանրագումարային ռեզերվուարների մեթոդ (հայազգի Վ.Ա. Սարկիսովի հետ համատեղ), տարբերակների զանազանման մեթոդ (Մ.Բ. Պավլովի և Վ.Ա. Առաքելյանի հետ համատեղ) և այլն, որոնք նպատակ են հետապդնել հեշտացնել և էժանացնել երկրաբանաորոնողական և երկրաբանահետախուզական աշխատանքները: Մասնավորապես կամարաձև (անտիկլինալային) զանգվածային տիպի հանքավայրերի համար դեռևս 1974թ. Գ. Գաբրիելյանցի և Վ. Պորոսկունի կողմից առաջարկված հետախուզական հորատանցքերի տեղակայման հավասարաչափության մեթոդը հետագայում նույնիսկ ավելի բարձր արդյունավետությամբ կիրառվեց նաև ոչ կամարաձև տիպի հանքավայրերի հետախուզման ժամանակ: Գ. Գաբրիելյանցի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ հայտնաբերվել է նավթի 2 հանքավայր՝ Եգուրյախի (Արևմտյան Սիբիր) և Լուզի (Կոմի Հանրապետություն), իսկ Աստրախանի խոշորագույն ծծմբագազակոնդենսատային հանքավայրի հայտնաբերման և հետախուզման մեթոդի օպտիմալացման համար Գաբրիելյանցը մի շարք այլ գիտնականների հետ 1991թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, ինչպես նաև ստացել «Հանքավայրերի առաջնահայտնագործող» իր երկրորդ կոչումը:

Գ. Գաբրիելյանցի գրչին են պատկանում նաև Հայաստանի տարածքի հնարավոր նավթագազաբերության մասին մի շարք ուսումնասիրություններ՝ տպագրված 1969, 1970 և 2000թթ., որտեղ նա նշում է մերձարաքսյան ճկվածքի աղաբեր նստվածքներից ներքև տեղադրված ավազակավային նստվածքների հնարավոր գազաբերության բարձր հավանականության մասին:

Հասարակության լայն շրջանակներին Գ. Գաբրիելյանցը հայտնի է իր ազգանվեր բարեգործությամբ: Պրոֆեսորի անձնական միջոցներով Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը տեղադրվել է Բաքվի՝ ներկայումս լքված հայկական գերեզմանների հիշատակին նվիրված խաչքար (հեղինակ՝ Ռուսաստանի և Հայաստանի ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյան): Պյատիգորսկի «Սուրբ Սարգիս» հայկական եկեղեցու կառուցմանը (ավարտ՝ 2003թ.) ցուցաբերած ֆինանսական օժանդակության համար Գ. Գաբրիելյանցը Հայաստանյաց առաքելական եկեղեցու կողմից պարգևատրվել է «Սուրբ Սարգիս» շքանշանով: 2002թ. Գ. Գաբրիելյանցը Արցախի Հանրապետության կողմից պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով և մի շարք մեդալներով, ինչպես նաև ՀՀ «Անանիա Շիրակացի» մեդալով: 2008թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: Հանդիսանում է նավթագազային ոլորտի պատվաբեր «Բիրմինգեմի ջահ» միջազգային մրցանակի և Ի.Մ. Գուբկինի մրցանակի կրկնակի դափնեկիր: 

2011թ. անվանի գիտնականը տեղափոխվում է Ստեփանակերտ՝ մշտական բնակության և մինչև Արցախի վերջնական հայաթափումը աշխատում է որպես Արցախի նախագահների խորհրդական: Նույն՝ 2011թ., «Զանգակ-97» հրատարակչությունում Գ. Գաբրիելյանցի անմիջական խմբագրությամբ և անձնական միջոցներով լույս է տեսնում Արցախի երկրաբանությանը նվիրված հայազգի գիտնականների (հիմնականում ՀՀ ԳԱԱ երկրաբանական ինստիտուտի գիտաշխատողների, այդ թվում նաև սույն հոդվածի հեղինակների) անդրանիկ կոլեկտիվ մենագրությունը «Геология и минеральные ресурсы Нагорно-Карабахской Республики»

Արցախում աշխատած կարճ ժամանակահատվածում իր բարձր հեղինակության և լայնածավալ անձնական գիտական և գործնական կապերի շնորհիվ պրոֆեսորին հաջողվում է կազմակերպել Արցախի մշտապես գործող երկրաբանական արշավախումբ, հագեցնել այն ամենաժամանակակից բարձրորակ անալիտիկ սարքավորումներով: Այդ արշավախումբը հաջողությամբ լայնածավալ երկրաբանահետախուզական աշխատանքներ էր կատարում Արցախի տարածքում՝ մետաղական և ոչ մետաղական նոր հանքավայրերի բացահայտման նպատակով: 

Լինելով գեղանկարչության հիանալի գիտակ և ջատագով՝ իր հարուստ անձնական հավաքածուն (ավելի քան 650 կտավներ՝ այդ թվում Մարտիրոս Սարյանի, Բաժբեուկ-Մելիքյանի, Գարզուի և ալոց) նվիրում է իր իսկ կողմից հիմնադրված Շուշիի պատկերասրահին: 2013թ. Շուշիում հիմնում է նաև Երկրաբանական թանգարան, որին նվիրում է իր հարուստ և աշխարհի տարբեր երկրներից տասնյակ տարիներով հավաքած միներալոգիական  հավաքածուն (ավելի քան 450 եզակի նմուշներ): Այդ հավաքածուի ամենաարժեքավոր նմուշները ներառված են 2017թ. Մոսկվայում տպագրված գիտնականի շքեղազարդ «Человек и камень» գիտահանրամատչելի գրքում:

2012թ. Գ. Գաբրիելյանցն Արցախում կազմակերպում է «Ապագա սերունդների հիմնադրամը» և ղեկավարում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Անչափ սիրելով Արցախը և լինելով չափազանց լայն մտահորիզոնի գիտնական՝ 2021թ. Գ. Գաբրիելյանցը Մոսկվայում ռուսերեն լեզվով Գրիգոր Ղարաբաղցի կեղծանունով հրատարակում է իր անդրանիկ պատմական աշխատությունը՝ «Карабах. Хроника исторических событий» (М. Слово, 2021) հիմնարար գիրքը, որի վրա աշխատել էր մոտ 10 տարի:

Հայկ Մելիք-Ադամյան,
Քրիստափոր Խաչանով

Ծրագիր 2024

Ս/թ ապրիլի 22-ին ժամը 10։00-ին ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում տեղի կունենա 2023թ գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողով։
Ծրագիրը կցվում է։ (տես կից հղումը)