Լաբորատորիայի մասին | Քարտեզներ և գրաֆիկական պատկերներ |
Գիտական անձնակազմը և ուղղությունները | Միջազգային համագործակցություն |
Գիտական արդյունքները | Հրատարակումներ |
Լաբորատորիայի մասին
1935թ. Երկրաբանական գիտությունների ինստիտուտի կազմավորման հետ միաժամանակ ստեղծվել է նաև Պետրոգրաֆիայի և միներալոգիայի բաժինը: 1959թ. բաժնի կազմում ստեղծվել է Երկրաժամանակագրության և իզոտոպային հետազոտությունների լաբորատորիա, որը 1976թ. առանձնացվել է որպես ինքնուրույն միավոր: Այն 2004թ., Ինստիտուտի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում, ընդգրկվել է Պետրոլոգիայի և իզոտոպային երկրաբանության լաբորատորիայի կազմում: 1948-1974թթ. բաժինը ղեկավարել է Գ.Պ. Բաղդասարյանը, 1974-2010թթ. բաժինը, ապա լաբորատորիան՝ ղեկավարել է ՀՀ ԳԱԱ թղթ.-անդամ Ռ.Լ. Մելքոնյանը: 2010թ. լաբորատորիայի ղեկավարի պաշտոնակատարն է Տիեզերքի մասին գիտությունների (ֆրանսիական) դոկտոր, երկրաբ. գիտ. թեկնածու, ավագ գիտ. աշխատող` Ղ.Լ. Գալոյանը: Ներկայումս լաբորատորիան ունի 9 աշխատակիցներ:
Անցած տարիների ընթացքում ստացվել են հետևյալ հիմնական ձեռքբերումները՝ հիմնարար հետազոտությունների ոլորտում.
- Մշակվել են մագմատիկ և մետամորֆային համալիրների հասակային և ֆորմացիոն տիպայնացման սխեմաներ
- Առանձնացվել են տարբեր երկրադինամիկ իրավիճակները բնորոշող մագմատիկ ու մետամորֆային համալիրներ: Ի հայտ են բերվել նրանց նյութական կազմի առանձնահատկությունները
- Մշակվել են տարբեր հասակի և կազմի մագմատիկ համալիրների առաջացման պետրոլոգիական մոդելներ
- Համալիր հետազոտությունների և հատկապես Rb-Sr իզոտոպային իզոքրոնային հասակային որոշումների արդյունքում առանձնացվել են պան-աֆրիկյան (բայկալյան) և հերցինյան կոնսոլիդացիայի բյուրեղային հիմքերը, որոշվել է նրանց նախնական կազմը և ձևավորման երկրադինամիկ ու P-T պայմանները,
- Սևանի, Ստեփանավանի, Վեդու և Ամասիայի օֆիոլիտային տեղամասերի երկրաբանակառուցվածքային, պետրոլոգաերկրաքիմիական ու հասակային համալիր հետազոտությունների հիման վրա մշակվել է ՀՀ օֆիոլիտային ասոցիացիայի առաջացման երկրաբանապետրոլոգիական և երկրադինամիկ նոր մոդելը,
- Պետրոլոգաերկրաքիմիական ու U-Pb հասակային համալիր նոր հետազոտությունների հիման վրա մշակվել է Վիրահայոց-Ղարաբաղի տեկտոնական գոտու յուրայի հասակի մագմատիկ համալիրի ձևավորման պետրոլոգիական և երկրադինամիկ նոր մոդելը,
- Մանրամասնվել է առանձին մագմատիկ համալիրների դերը հանքագոյացման պրոցեսներում,
- Մշակվել են կղզաղեղային և կոլիզիոն երկրադինամիկ պայմաններում առաջացած գրանիտոիդային հանքամագմային համալիրների ձևավորման գենետիկ մոդելները,
- Փոքր Կովկասի տարածքում առանձնացվել է պղինձ-մոլիբդեն պորֆիրային հանքավայրերի նոր` կղզաղեղային տոնալիտային (քվարց-դիորիտային) տիպը (Թեղուտ, Կաշեն, Վարդաձոր, Կուսապատ, Շիկահող և այլն), մշակվել է նրա առաջացման մոդելը: Առաջին անգամ ապացուցվել է ծովային ջրի մասնակցությունն այս տիպի հանքավայրերի առաջացման պրոցեսներում,
- Առանձնացվել է Հայաստան-Իրանական պղինձ-մոլիբդենային հանքավայրերի նոր դիսկրետ գոտի, մոտ 2000 կմ ձգվածությամբ, որը որակավորվել է որպես հեռանկարային պրովինցիա: