Լաբորատորիայի մասին | Քարտեզներ և գրաֆիկական պատկերներ |
Գիտական անձնակազմը և ուղղությունները | Միջազգային համագործակցություն |
Գիտական արդյունքները | Հրատարակումներ |
Լաբորատորիայի մասին
Հայաստանը հնուց ի վեր հայտնի է որպես մետաղների մշակման հնագույն օջախ: Լեռնային փորվածքները, ձուլման հնոցների մնացորդները վկայում են, որ Հայկական Լեռնաշխարհում դեռևս հազարամյակներ առաջ մշակվել են մետաղական հանքանյութեր: Օգտակար հանածոների հանքավայրերի հայտնաբերումը և ուսումնասիրությունը մեր երկրի տնտեսության ու ազգային անվտանգության տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունի:
Վերոհիշյալ առաջնահերթությունը հաշվի առնելով 1935թ-ից մինչև 1943թ., չնայած Հայաստանում չկար օգտակար հանածոների հանքավայրերի և մետաղագոյացման համակարգված ուսումնասիրության առանձին բաժին, այնուամենայնիվ լուրջ գիտական հետազոտություններ են իրականացվել Հ.Տ. Կարապետյանի, Հ.Ս. Ստեփանյանի, Ս.Հ. Մովսեսյանի և այլոց կողմից:
1943թ. նորաստեղծ Գիտությունների Ակադեմիայի կազմում ընդգրկվեց 1935թ.-ին ստեղծված Երկրաբանական ինստիտուտը, վերջինիս կազմում ստեղծվում է Օգտակար հանածոների հանքավայրերի առանձին բաժին՝ Հ.Գ. Մաղաքյանի գլխավորությամբ: Հ.Գ. Մաղաքյանը ավելի քան 160 գիտական աշխատանքների հեղինակ է: Նրա ղեկավարությամբ կազմվել են Հայաստանի և հարակից տարածքների փոքր և միջին մասշտաբների (1:1000000, 1:500000, 1:200000) մետաղածնական քարտեզներ, առանձնացվել են Հայկական ՍՍՀ-ի և Փոքր Կովկասի տարածքների կառուցվածքա-մետաղածնական գոտիները (Ալավերդի-Կապանի, Սևանա-Ամասիայի ու Փամբակ-Զանգեզուրի):
1947թ. Երկրաբանական ինստիտուտի Օգտակար հանածոների բաժնի վարիչն էր Ս.Ս. Մկրտչյանը: Նրա գիտական ձեռքբերումներն ամփոփված են շուրջ 100 աշխատանքներում:
1957թ.-ից Երկրաբանական ինստիտուտի Օգտակար հանածոների բաժնի վարիչ է նշանակվում Է.Ա. Խաչատրյանը: Հայաստանի տարածքի մետաղային օգտակար հանածոների հանքավայրերի ուսումնասիրման արժեքավոր ամփոփումն է Հայկական ՍՍՀ Երկրաբանությունը բազմահատորիակի “Մետաղային օգտակար հանածոներ” VI հատորը, որը հրատարակվեց ԳԱ կողմից 1967թ.:
1982թ. Օգտակար հանածոների բաժնի վարիչ է նշանակվում Կ.Ա. Քարամյանը: Նրա և Քաջարանի գիտահետազոտական բազայի աշխատակիցների (Տ.Հ. Արևշատյան, Վ.Գ. Քոչարյան, Ռ.Ն. Տայան, Վ.Ե. Վարդանեսով, Ա.Ա. Ավագյան, Հ.Պ. Գույումջյան, Մ.Ա. Կուկուլյան, Հ.Գ. Մադանյան, Ս.Պ. Սարգսյան, Մ.Ա. Հարությունյան և ուրիշներ) կողմից կատարված պղինձ-մոլիբդենային և այլ ֆորմացիաների հանքավայրերի ուսումնասիրություններն ամփոփված են մի շարք կարևորագույն հրատարակումներում` “Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի ստրուկտուրան և առաջացման պայմանները”, Կ.Ա. Քարամյան, 1962թ.; “Զանգեզուրի էնդոգեն հանքավայրերի հանքանյութերի տեքստուրաները և ստրուկտուրաները”, Կ.Ա. Քարամյան, 1972թ.; “Մեղրու պլուտոնի արևելյան մասի դայկային կոմպլեքսը և նրա դերը մետաղագոյացման մեջ”, Տ.Հ. Արևշատյան, 1973թ., “Զանգեզուրի հանքային շրջանի հանքավայրերի միներալները և միներալային զուգորդությունները”, Կ.Ա. Քարամյան, 1983թ.; “Զանգեզուրի հանքային շրջանի հետմագմատիկ առաջացումները” (Կ.Ա. Քարամյան, Ռ.Ն. Տայան, Մ.Ա. Հարությունյան, 1987թ.) և այլն:
Հայաստանի Հանրապետության ոսկու հանքային ֆորմացիաների հանքավայրերի մանրակրկիտ վերլուծությանն են նվիրված Շ.Հ. Ամիրյանի ուսումնասիրությունները: Նրա հետազոտությունները ամփոփված եմ մի շարք կարևորագույն մենագրություններում և հոդվածներում` “Հայկական ՍՍՀ մետաղային հանքավայրերի միներալոգիան, երկրաքիմիան և ձևավորման պայմանները (Զոդ-Շ.Հ. Ամիրյան, Քաջարան-Ա.Ս. Ֆարամազյան, 1974թ.); “Հայկական ՍՍՀ ոսկու հանքային ֆորմացիաները”, Շ.Հ. Ամիրյան, 1984թ.):
Հարավային Հայաստանի արշավախմբի աշխատողները (Է.Ա. Խաչատրյան, Ս.Հ. Աչիկգոզյան, Ս.Ա. Զոհրաբյան, Ռ.Հ. Սարգսյան, Հ.Գ. Միրզոյան) երկար տարիներ (1970-2009թթ) զբաղվել են Կապանի տարածաշրջանի հանքավայրերի և երևակումների առաջացման և տեղաբաշխման հարցերի ուսումնասիրությամբ: Նրանց կողմից կազմվել է Կապանի հանքային շրջանի 1:50000 մասշտաբի երկրաբանական և կանխագուշակումային-մետաղածնական քարտեզներ:
Առանձին մասնագիտացված խումբը («Քաջարանի բազա»), որը ղեկավարվել է Կ. Քարամյանի (1960-ականներից մինչև 1986թ.), ավելի ուշ Ռ. Տայանի կողմից (1986թ.-2007թ.), համակողմանի կերպով ուսումնասիրել է Զանգեզուրի հանքային շրջանի կառուցվածքային երկրաբանության, մետաղածնության, հանքաբերության և մերձհանքային փոխակերպային պրոցեսների հարցերը: Կազմվել են 1:50000 մասշտաբի կանխատեսումա-մետաղածնական քարտեզներ, ինչպես նաև Քաջարանի, Ագարակի, Դաստակերտի, Լիճքի պղինձ-մոլիբդենային հանքավայրերի կառուցվածքա-երկրաբանական քարտեզներ: Խումբը մասնակցել է նաև վերոհիշյալ հանքավայրերի արդյունաբերական պաշարների գնահատման և հաշվարկան աշխատանքներին: Պարզաբանել է Զանգեզուրի հանքային դաշտի հանքային ֆորմացիաներում ոսկու, արծաթի և հազվագյուտ տարրերի տարածման օրինաչափությունները, ստեղծել է Զանգեզուրի հանքային շրջանի մետաղածնությանը և ռեգիոնի երկրաբանությանը նվիրված թանգարան (ք. Քաջարան, Քաջարանի ՊՄԿ-ին կից):
Հյուսիսային Հայաստանի Ախթալայի հրաքարա-բազմամետաղային հանքավայրին է նվիրված Ս.Ա. Զոհրաբյանի “Ախթալայի հանքավայրի ստրուկտուրան և առաջացման պայմանները” (1971թ.) մենագրությունը:
1986-2005թթ Օգտակար հանածոների բաժնը ղեկավարել է երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր Շ.Հ. Ամիրյանը, որը մեծ ավանդ ունի Հայաստանի տարածքում ոսկու ֆորմացիայի հանքավայրերի երկրաբանական, հանքաբանական և երկրաքիմիական հիմնարար ուսումնասիրություններում:
2005-2006թթ բաժինը ղեկավարել է երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ս.Վ. Գրիգորյանը: Նրա աշխատանքները (օգտակար հանածոների հանքավայրերի երկրաքիմիական որոնման մեթոդներ) մեծ ճանաչում ունեն ոչ միայն մեր երկրում, այլ նաև նախկին ԽՍՀՄ հանրապետություններում և արտերկրում: Նրա առաջարկած մեթոդով հայտնաբերվել են մետաղային հանքավայրեր մի շարք երկրներում (Ռուսաստան, Կիրգիզիա, Բուլղարիա, Շվեդիա և այլն):
2007թ-ից ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Օգտակար հանածոների լաբորատորիայի վարիչ է նշանակվում երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր Կ.Մ. Մուրադյանը: Ավելի քան 101 գիտական աշխատանքների հեղինակ է: Նրա հետազոտությունների արդյունքներն ամփոփված են 1985թ. տպագրված “Հայկական ՍՍՀ կարևորագույն արդյունաբերական հանքային ֆորմացիաների առաջացման և տեղաբաշխման օրինաչափությունները” և 1994թ. ՀՀ ԳԱԱ-ի կողմից հրատարակված “Փոքր Կովկասի հրաբխածին ֆորմացիաների հանքաբերությունը” աշխատանքներում:
2000-ականներից ՀՀ և ԼՂՀ տարածքների մետաղային հանքավայրերի ուսումնասիրությամբ (օգտագործելով ժամանակակից գիտական մոտեցումներ և համակարգչային ծրագրավորման տեխնոլոգիաներ) սկսեցին զբաղվել նաև երկրաբանների մի նոր սերունդ (Շ.Վ. Խաչատրյան, Ա.Ե. Հովհաննիսյան, Ս.Է. Հովակիմյան և ուրիշներ):
Օգտակար հանածոների լաբորատորիայի մոտ 80-ամյա գործունեության արդյունքում բացահայտվել են տարբեր ծագումնաբանական տիպի օգտակար հանածոների հանքավայրերի առաջացման և տեղաբաշխման օրինաչափությունները: Հրատարակվել են բազմաթիվ մենագրություններ, հարյուրավոր հոդվածներ և հաշվետվություններ: Կազմվել են ՀՀ և հարակից տարածքների հանքաբեր գոտիների, հանքային շրջանների, հանքային դաշտերի և հանքավայրերի տարբեր մասշտաբների կառուցվածքա-երկրաբանական ու կանխատեսումային-մետաղագոյացման քարտեզներ:
2010թ. կազմվել է Հյուսիսային Հայաստանի 1:300000 մասշտաբի օգտակար հանածոների, մագմայական, փոխակերպային և հանքային ֆորմացիաների թվայնացված քարտեզ` GIS ֆորմատով: