Լաբորատորիայի մասին | Քարտեզներ և գրաֆիկական պատկերներ |
Գիտական անձնակազմը և ուղղությունները | Միջազգային համագործակցություն |
Գիտական արդյունքները | Հրատարակումներ |
Գիտական արդյունքները
Տարանջատվել, նկարագրվել և քարտեզագրվել և գնահատվել են ՀՀ հանքավայրերի` պղինձ- մոլիբդենային, պղինձ-հրաքարային, հրաքարա-ոսկի-բազմամետաղային, ոսկու, երկաթի ֆորմացիաները:
Պղինձ – մոլիբդենային ֆորմացիա
Պղինձ-մոլիբդենային ֆորմացիայի, գլխավորապես Զանգեզուրի հանքային շրջանի, հանքավայրերը միշտ եղել են ճանացված երկրաբաններ` Կ.Պաֆենհոլցի, Հ.Մաղաքյանի, Ս.Մկրտչյանի, Ս.Մովսեսյանի, Ա.Ասլանյանի, Կ.Քարամյանի, Ա.Քոչարյանի և այլոց ուսումնասիրությունների առարկա:
Ֆորմացիայի հանքավայրերը Հայաստանի համար ունեն կարևորագույն տնտեսական նշանակություն: Ֆորմացիան ներկայացված է երկու հասակային և գենետիկական տիպերի հանքավայրերով, ձևավորված` ա) Սոմխեթո-Ղարաբաղի J2 –K1 գոտու սահմաններում կղզաղեղային և բ) Ծաղկունք- Զանգեզուրի –P 23 –N1 կոլիզիոն երկրադինամիկական իրադրություններում: Առաջին տիպի հանքայնացումը կապված է Կողբ – Շնողի տոնալիտային ինտրուզիայի հետ (Ալավերդու հանքային շրջան, Թեղուտի հանքավայր), հանքայնացումը կապված է տոնալիտների հետ (Մելքոնյան, 1999): Երկրորդ տիպի հանքայնացումը կապված է Մեղրու գրանիտ – մոնցոնիտ – գրանոդիորիտային ինտրուզիվ զանգվածների հետ (Զանգեզուրի հանքային շրջան, Քաջարանի և այլ հանքավայրեր) (Քարամյան, 1978; Տայան, 1998., Մելիքսեթյան 1989):
Բազմամյա հետազոտությունների արդյունքում բացահայտվել են Սյունիքի հանքային շրջանի. Քաջարանի, Ագարակի, Լիճքի, Հանքասարի հանքավայրերի երկրաբանա-կառուցվածքային առանձնահատկությունները (Տայան, 2007, Տայան և ուրիշ., 2007, 2011, Հովակիմյան, Տայան, 2008, Հովակիմյան, 2010 և ուրիշներ):
Ստացվել են նոր երկրաքիմիական և իզոտոպային անալիզի տվյալներ մոլիբդենիտի ու ներփակող ապարների հասակների վերաբերյալ (Մելքոնյան և ուրիշ., 2008, 2010, Մորից, Մելքոնյան, Տայան և ուրիշ., 2011): Ուսումնասիրվել են հանքավայրերում գլխավոր և ուղեկից հանքային տարրերի տարածական տեղաբաշխման առանձնահատկությունները (Հովհաննիսյան 2006, Հովհաննիսյան և ուրիշ., 2017): Ուսումնասիրվել են հանքավայրերում լայն տարածված մետասոմատիկ գոյացումները (Հարությունյան և ուրիշ., 2007) և ինքնատիպ էքսպլոզիվ բրեկչիաները (Հարությունյան, Տայան, Մնացականյան, 2007): Որոնողական երկրաքիմիական տվյալների վերլուծության և մոդելավորման միջոցով մշակվել են նոր մոտեցումներ ծածկված և «կույր» հանքայնացման հայտնաբերման համար (Գրիգորյան, Հովհաննիսյան, Ադամյան, 2004, Տայան, Հարութունյան, Հովհաննիսյան, 2005): Հետազոտությունների արդյունքում տրվել են հանքավայրերի արդյունավետ շահագործման եղանակների գիտական հիմնավորումներ:
Հրաքարային ֆորմացիա
Հայաստանի մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի շարքում կարևոր նշանակություն ունեն հրաքարային ֆորմացիայի հանքավայրերը: Նրանց առաջացման երկրաբանական հարցերով զբաղվել են` Հ. Կարապետյանը, Ա . Ասլանյանը, Է. Մալխասյանը, Հ. Ղազարյանը, Ռ. Մելքոնյանը, Կ. Մուրադյանը։
Հայաստանի տարածքի կղզաղեղային գոտիների սահմաններում հրաքարային ֆորմացիան ներկայացված է ծծմբահրաքարային ոսկեբեր, պղինձ – հրաքարային ոսկեբեր և հրաքարա – բարիտա – բազմամետաղային ոսկեբեր, արծաթաբեր տիպերով: Հրաքարային ֆորմացիայի հանքավայրերը տեղաբաշխված են երկու տարահասակ կառուցվածքա – ֆորմացիոն մետաղագոյացման գոտիներում` 1. Ալավերդի – Տավուշ – Արցախ – Կապանի (J-K) և 2. Ամասիա – Սևանա – Հագարու (Ք): Նշված գոտիների հանքա – մագմատիկ – մետասոմատիկ շրջաններում և հանքային դաշտերում, հրաքարային հանքավայրերը սերտորեն զուգորդվում են հրաբխածին – ներծին և հրաբխածին – նստվածքային ստվարաշերտերի հետ ու հիմնականում վերահսկվում են առաջնային հրաբխածի կառույցներով:
ՀՀ հրաքարային ֆորմացիոն տիպին են պատկանում` Ալավերդու, Շամլուղի, Ախթալայի, Կարնուտի, Վազաշենի, Զույգ Ջրաղացի, Կապանի, Շահումյանի, Բարձրավանի (յուրա – կավիճ), ինչպես և Դիլիջանի (Արցրունու), Տանձուտի, Հանքաձորի, Չքնաղի, Արմանիսի և այլ հանքավայրեր (միջին – վերին էոցեն):
Ոսկու ֆորմացիա
Լայնածավալ որոնողա – հետախուզական և գիտահետազոտական (Հ. Մաղաքյան, Ս. Աբովյան, Շ. Ամիրյան, Լ. Մելիքյան, Կ. Քարամյան, Ռ. Տայան և ուրիշներ) աշխատանքների շնորհիվ հայտնաբերվեցին ոսկու մի շարք հանքավայրեր` Սոտք, Մեղրաձոր, Շահումյան, Լիչքվազ – թեյ, Արմանիս, Մարց, Ազատեկ, Վազաշեն և շատ ուրիշներ: Ներկայումս Հայաստանը համարվում է ոսկեբեր պրովինցիա, մի շարք շահագործվող հանքավայրերով:
Առանձնացվում են ոսկու հանքավայրերի մի քանի ֆորմացիոն տիպեր ` քվարց – ոսկի – սուլֆիդ – տելուրիդային, քվարց – ոսկի – բազմամետաղային, քվարց – ոսկի – կապար – ցինկ – ծարիրային և այլն: Ոսկին հանքանյութերում հանդես է գալիս բնածին հատիկներով, տելուրիդների ձևով: Նրա հարգը տատանվում է 700-900 սահմաններում: Տարբեր տիպի հանքավայրերում և հանքանյութերում ոսկու հարաբերությունն արծաթին տատանվում է 1:150 մինչև 1:2: Ըստ մոտավոր հաշվարկումների Հայաստանի հանքավայրերում ոսկու պաշարները կազմում են շուրջ 1000 տոննա ոսկի և արծաթինը` 6-10 հազար տոննա:
Երկաթի ֆորմացիա
Երկաթի ֆորմացիայի հանքավայրերի ուսումնասիրությամբ զբաղվել են` Հ.Գ. Մաղաքյանը, Ա.Տ. Ասլանյանը, Է.Ա. Խաչատրյանը, Է.Խ. Գուլյանը, Գ.Բ. Մեժլումյանը և ուրիշներ: Ներկայումս Հայաստանում հայտնի են մի քանի տասնյակ, տարբեր ծագման երկաթի հանքավայրեր: Վերջիններս հիմնականում առաջացել են կիմերյան և ալպյան մագմայական-մետաղագոյացման փուլերում: Կատարված որոնողահետախուզական աշխատանքների և գիտահետազոտական ուսումնասիրությունների հիման վրա հանրապետության երկաթի հանքավայրերը և երևակումները դասակարգվում են` 1. բուն մագմայական տիտանամագնետիտային, 2. կոնտակտա-մետասոմատիկ սկառնային մագնետիտային, 3. հիդրոթերմալ մետասոմատիկ մագնետիտ-ապատիտային, 4. հիդրոսիլիկատային մուշկետովիտ-հեմատիտ-պիրիտային, 5. հրաբխա-նստվածքային երկաթ-մագնետիտային, 6. հիդրոթերմալ հեմատիտային, 7. մետամորֆային մագնետիտային քվարցիտներ և 8. ծովային ցրոնային` տիտանա-մագնետիտային ֆորմացիաների: Առանձնացված ֆորմացիաներից հանքայնացման մասշտաբներով և հանքանյութերի համալիր բնույթով արդյունաբերական մեծ հետաքրքրություն են ներկայացնում` բուն մագմայական տիտանամագնետիտային (Սվարանց, Կամաքար), սկառնային մագնետիտային (Հրազդան, Բազում) և հիդրոթերմալ-մետասոմատիկ մագնետիտ-ապատիտային (Աբովյան) տիպերը, որոնց պաշարները գնահատվում են միլիարդավոր տոննաներով:
Խնդիրները
• Հայաստանի և Փոքր Կովկասի տրադիցիոն ու հարակից լեռնահանքային շրջաններում գլխավոր հանքային ֆորմացիաների արդյունաբերական հանքավայրերի առաջացման և տեղաբաշխման օրինաչափությունների պարզաբանում (2017-2022 թթ):
• Տարաբնույթ հանքային ֆորմացիաների հանքավայրերի տիպայնացում և որակապես նոր տվյալների բազայի ստեղծում GIS, Auto CAD և այլ ֆորմատներով:
• Հայաստանի 1:300000 մասշտաբի մագմայական, մետամորֆային ու հանքային ֆորմացիաների և ապագայում (2018-2023 թթ..) թվային կանխատեսումային – մետաղագոյացման քարտեզների կազմում:
• ՀՀ տարածքին բնորոշ օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և գնահատման ժամանակակից և արդյունավետ մեթոդների մշակում։