ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍՏԵՓԱՆԻ
(ծննդյան 120-ամյակին)
(1902-1950)

 

Լրացավ մեծանուն երկրաբան, երկրաբանամիներալոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Ստեփանյանի ծննդյան 120-ամյակը: Ծնվել է 1902թ. Ալեքսանդրապոլ (ներկայումս Գյումրի) քաղաքում: 1921թ. տեղի կոմերցիոն ուսումնարանն ավարտելուց հետո ուշիմ երիտասարդն ընդունվում է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտ, իսկ 1925թ. տեղափոխվում է Նովոչերկասկ քաղաքի Դոնի պոլիտեխնիկական ինստիտուտ, ուր 1930թ. ստանում է լեռնային ճարտարագետի որակավորում:

Դեռևս ուսանողական տարիներին մասնակցում է Հայաստանի Արարատյան դաշտավայրի և Ձորագետի տարածքի երկրաբանական ուսումնասիրություններին, ինչպես նաև ղեկավարում է Դոնի պոլիտեխնիկական ինստիտուտի Հյուսիս-Կովկասյան մարզի գրունտերի և ջրերի ֆիլտրացիայի լաբորատորիան: Ուսումն ավարտելուց հետո երիտասարդ մասնագետը սկզբում կարճ ժամանակով աշխատում է Զանգեզուրի պղնձի կոմբինատում որպես երկրաբան, իսկ այնուհետև տեղափոխվում է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատ՝ որպես գլխավոր երկրաբան՝ ամբողջովին նվիրելով իր հետագա գիտաարտադրական կարճատև, բայց բեղուն գործունեությունը հյուսիսային Հայաստանի մետաղական օգտակար հանածոների՝ առավելապես պղնձահրաքարային  հանքավայրերի ուսումնասիրությանը: 

1935թ. Հ. Ստեփանյանին հրավիրում են ԵՊՀ-ի երկրաբանական ֆակուլտետ, որտեղ ֆակուլտետի պատմության մեջ առաջին անգամ նա սկսում է դասավանդել Հայաստանի մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոներ առարկան: Նույն թվականին սկսում է աշխատել նաև ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի (Արմֆան) նորաստեղծ երկրաբանական գիտությունների ինստիտուտում որպես ավագ գիտական աշխատող՝ հաջողությամբ համատեղելով դասախոսական և արտադրական գործունեությունը գիտական աշխատանքի հետ: 1939թ. պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն «Ախթալայի բազմամետաղային հանքավայրի հետազոտությունները» թեմայով: 

1938թ.-ից մինչև կյանքի վերջ եղել է երկրաբանական ֆակուլտետի անփոփոխ դեկանը՝ միաժամանակ աշխատելով որպես նույն ֆակուլտետի կիրառական երկրաբանության ամբիոնի վարիչ, իսկ 1950թ.-ին ստացել է պրոֆեսորի կոչում: 1948թ. Հ. Ստեփանյանը պաշտպանում է «Հյուսիսային Հայաստանի պղնձի հանքավայրերի երկրաբանությունը» թեմայով դոկտորական ատենախոսություն: 

Այս խոշորածավալ աշխատության մեջ առաջին անգամ ընդհանրացվել և բազմակողմանիորեն վերլուծվել են Հյուսիսային Հայաստանի պղնձահրաքարային (Ալավերդի, Շամլուղ) և բազմամետաղային (Ախթալա և այլն) հանքավայրերի երկրաբանական կառուցվածքին, մետաղածնությանը, մագմատիզմին, շերտագրությանը և տեկտոնիկային առնչվող հարցեր: Գիտնականը հիմնավորում է, որ այս հանքավայրերում հնարավոր է հայտնաբերել շտոկվերկային և այլ տիպի հանքայնացումներ, որոնց բացահայտման համար պետք է կիրառել նաև տարբեր տեսակի երկրաբանական և երկրաֆիզիկական ուսումնասիրություններ: Ճշգրտել է նաև այսպես կոչված ստորին կանաչավուն անդեզիտների (պորֆիրիտների) տեղադիրքը (Լալվարի շերտախումբ, օքսֆորդ՝ ըստ Ն. Ազարյանի), ինչպես նաև մատնանշել է Ախթալայի բազմամետաղային հանքավայրի շրջակայքի հանքաբեր քվարցային անդեզիտների (վերին բայոս) ավազաքարեր պատռող բնույթը: 

Գիտնականն առաջինն է ուսումնասիրել նաև Հյուսիսային Հայաստանի (Լալվար-Ստեփանավանի տեղամաս) կայնոզոյան հասակի խոշոր գրանիտային ինտրուզիաների (Լալվար, Ուռուտ, Կողես, Յաղդան և այլն) երկրաբանական առանձնահատկությունները, ծագումնաբանությունը և պետրոլոգիան: 

Մեծ է գիտնականի ավանդը Հայաստանի ոչ մետաղական օգտակար հանածոների ուսումնասիրության գործում: Մասնավորապես Հ. Ստեփանյանը մանրամասն հետազոտել է Արթիկի, Անիի և Երևանի շրջակայքի հրաբխային տուֆերի հանքավայրերը, Հյուսիսային Հայաստանի Շահնազարի գունավոր տուֆերը, ինչպես նաև Ծաթերի և Բերդավանի ֆելզիտային տուֆերը: Ուսումնասիրել է նաև ալյումինի հումքի համար պիտանի բոքսիտանման ապարների հանքերևակումները Նոյեմբերյանի, Սպիտակի, Դիլիջանի, Աղվերանի և այլ շրջաններում: Ա.Ն. Ամրոյանի հետ համատեղ դեռևս 1940-ական թվականների վերջերին ուսումնասիրել է նաև մերձերևանյան տարածքի հնարավոր նավթաբերության հարցերը:

Հ. Ստեփանյանը զգալի ավանդ ունի նաև երկրաբանության հանրամատչելիության և հանրահռչակության մեջ: Ուշագրավ է դեռևս 1946թ.-ին  նրա հեղինակությամբ հրատարակված «Հայկական ՍՍՌ ռելիեֆի առաջացման հիմնական էտապները» գրքույկը՝ գրված պարզ հանրամատչելի լեզվով: Կարևոր է նշել, որ դուրս գալով այդ ժամանակ ընդունված ֆիքսիստական տեսության գիտական կարծրատիպերի սահմաններից՝ հեղինակը, դրսևորելով աննախադեպ լայնախոհություն հայ երկրաբանության պատմության մեջ, այս գրքում որպես ռելիեֆածին հիմնական գործոն բազմիցս ընդգծում է հորիզոնական կամ տանգենցիալ շարժումների գերակայությունը՝ համահունչ ներկայիս մոբիլիստական ընդունված տեսակետին, որն իր զարգացումը ստացավ միայն 1960-ական թվականների երկրորդ կեսերին: Այդ հետաքրքիր աշխատանքը ցայսօր չի կորցրել իր արդիականությունը և ճանաչողական արժեքը: 

Ընդհանուր առմամբ իր կարճատև, բայց բեղմնավոր 20-ամյա գիտական գործունեության ընթացքում անվանի երկրաբանը հեղինակել և համահեղինակել է 11 գիտական աշխատություն՝ այդ թվում 3 մենագրություն, և 20 ձեռագիր հաշվետվություն: Հ. Ստեփանյանը մեծ հեղինակություն էր վայելում և մտերմիկ ընկերական հարաբերություններ ուներ ժամանակի երկրաբանության այնպիսի ռահվիրանների հետ, ինչպիսիք էին Հ.Տ. Կարապետյանը, Ֆ. Յու. Լևինսոն-Լեսինգը, Ա.Ն. Զավարիցկին, Կ.Ն. Պաֆֆենհոլցը, Վ.Վ. Գրուշեվոյը և այլն: 

 

Հայկ Մելիք-Ադամյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *