ՄՅՈՒԴԻԿ ԱԲԳԱՐԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ
(1933-2022)
Հայաստանի երկրաբանական հանրությունը ծանր կորուստ կրեց: 2022թ. օգոստոսի 1-ին կյանքից հեռացավ ճանաչված երկրաբան, երկրաբանամիներալոգիական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետի բազմամյա և վաստակաշատ դասախոս Մյուդիկ Աբգարի Մովսիսյանը: Մ. Մովսիսյանը ծնվել է 1933թ. սեպտեմբերի 3-ին Երևանում անվանի մտավորական, մանկավարժական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աբգար Խաչատուրի Մովսիսյանի ընտանիքում: 1951թ. ավարտելով միջնակարգ դպրոցը, ընդունվում է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետ, որն էլ հաջողությամբ ավարտում է 1956թ.՝ ստանալով ճարտարագետ-երկրաբանի որակավորում: Այնուհետև աշխատում է Ալավերդու շրջանում որպես երկրաբան:
1959-1970թթ. աշխատում է ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում որպես ճարտարագետ և կրտսեր գիտական աշխատող: 1964թ. լիթոլոգիայի խոշորագույն մասնագետ երկրաբանամիներալոգիական գիտ. դոկտոր, պրոֆ. Սերգեյ Գալուստի Սարգսյանի գիտական ղեկավարությամբ ԵՊՀ-ի մասնագիտական խորհրդում Մ. Մովսիսյանը պաշտպանում է «ՀԽՍՀ մերձերևանյան շրջանի նեոգենյան հալոգեն նստվածքների լիթոլոգիան և առաջացման պայմանները» թեմայով գիտական ատենախոսությունը՝ ստանալով երկրաբանամիներալոգիական գիտ. թեկնածուի գիտական աստիճան: Այս աշխատությունում մեծածավալ փաստացի նյութերի (հորատանցքերի և երկրաբանական կտրվածքների) բազմակողմանի և խորը վերլուծության հիման վրա՝ միներալոգիական, սպեկտրալ, ռենտգենոստրուկտուրային և այլ մեթոդներով, շնորհաշատ հետազոտողը բացի լիթոլոգիական խնդիրներից առաջին անգամ դիտարկում է աղային նստվածքների, ինչպես նաև այդ նստվածքները ներքևից (կարմրավուն կամ հացավանի շերտախումբ) և վերևից (գիպսաբեր նստվածքներ) ներփակող ապարների առաջացման հնաշխարհագրական պայմանները և ծագումնաբանական առանձնահատկությունները: Երիտասարդ հետազոտողին հաջողվում է ընդհանուր առմամբ, ի տարբերություն մի քանի այլ ուսումնասիրողների, որոշակի ճշգրտությամբ թվագրել աղային նստվածքների երկրաբանական հասակը (ջրվեժի աղաբեր-գիպսաբեր շերտախումբ) միջին միոցեն կոնկի հարկով: Գիտնականի այդ եզրահանգումը առանձնապես չի տարբերվում ներկայիս պատկերացումներից, որոնց համաձայն ջրվեժի՝ արդյունաբերական նշանակության քարաղի հսկայական պաշարներով հարուստ աղաբեր-գիպսաբեր շերտախումբը թվագրվում է միջին կարագանի վարնենյան ենթահարկի միջակայքով, այսինքն՝ կազմավորվել է մոտ 14.4-13.9 մլն տարի առաջ:
Մ. Մովիսիսյանը առաջինն է, ում հաջողվում է Հայաստանի տարածքում՝ Երևանից քիչ հյուսիս-արևելք տեղակայված Պտղնի-1 հորատանցքի մոտ 800-ից 1200մ խորություններից վերհանած կեռնային նյութից առանձնացնել կալումիական աղերին բնորոշ կառնալիտ KCl-MgCl-6H20 և սիլվինիտ NaCl + mKCl միներալները: Սակայն, ի տարբերություն համաշխարհային դասական աղաբեր հանքավայրերի, որտեղ հեշտ լուծվող կալիումական աղերը որպես կանոն տեղաբաշխված են լինում կտրվածքների վերին հատվածներում՝ Պտղնիի հորատանցքում նկատվում է հակառակ պատկերը, որը գիտնականը բացատրում է բազալտանման լավաների ներխուժմամբ բարձր խտության աղային լուծույթներով հագեցված ջրավազան՝ ռապա, ընդ որում լավաները մեծապես նպաստել են ջրերի գոլորշիացման ինտենսիվությանն ու արագությանը: Ըստ գիտնականի՝ մեծ հավանականությամբ կալիումիական աղային նստվածքները կարող են տարածվել դեպի արևելք՝ հասնելով մինչև Սևանի ափամերձ հատված` Գավառ: Հաշվի առնելով ներկայիս կալիումական աղային պարարտանյութերի համաշխարհային ճգնաժամը՝ Մ. Մովսիսյանի մոտ 60 տարի առաջ կատարված բացահայտումները գործնական տեսանկյունից առավել քան արդիական են: Նա նաև առաջինն էր, ով Ջրվեժի շրջակայքի գիպսաբեր ապարների դաշտային ուսումնասիրությունների հիման վրա բացահայտել է այդ շերտախմբի ռիթմիկ կառուցվածքը և առանձնացրել 10 այդպիսի միմյանց հաջորդող գիպսային և կավային ռիթմ, որոնցից յուրաքանչյուրը առաջացել է միջին կարագանում՝ մի քանի տասնյակ տարիների ընթացքում, և փոխկապակցված է եղել այս կամ այն կլիմայական՝ հիմնականում արիդ պայմանների հետ:
1970թ. Մ. Մովսիսյանը տեղափոխվում է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետ և ավելի քան քառասուն տարի դասավանդում մայր բուհում «լիթոլոգիա» և «ընդհանուր երկրաբանություն» առարկաները, ինչպես նաև դասավանդում Գավառի պետական համալսարանում և ՀՀ այլ բուհերում: Ղեկավարել է ուսանողների դաշտային պրակտիկ աշխատանքները: Հեղինակ և համահեղինակ է մեկ տասնյակից ավելի գիտական աշախտության և երկու ձեռագիր հաշվետվության: Վաստակաշատ դասախոսը կրթել և դաստիարակել է երկրաբանների մի քանի սերունդ՝ այդ թվում տողերիս հեղինակին: Մշտապես աչքի է ընկել ընդգծված բարեհամբույրությամբ, մեծ կամեցողությամբ և համեստ վարքագծով: Մ. Մովսիսյանը վառ անհատականություն էր՝ օժտված դասավանդման յուրահատուկ տաղանդով, բարձր ընդհանուր զարգացվածությամբ, լայնախոհությամբ: Շատ լավ հասկանում էր նաև արվեստի տարբեր ճյուղերից: Մեծ հարգանք էր վայելում, ինչպես երկրաբանական հանրության, այնպես էլ ուսանողների շրջանում: Մ. Մովսիսյանը հավերժ կմնա բոլոր նրան ճանաչողների սրտերում:
Հայկ Մելիք-Ադամյան