Աբրահամյան Մարիետա Սիմոնի (1922 Երևան – 1999 Երևան)

2022թ. լրացավ անվանի հնէաբան Մարիետա Աբրահամյանի ծննդյան 100-ամյակը: 1940թ. նա ավարտել է Երևանի Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, իսկ 1945թ.՝ ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետ: 1946թ. մինչև իր կյանքի վերջը աշխատել է ՀՍՍՀ ԳԱ երկրաբանական ինստիտուտում, սկզբում որպես կրտսեր, այնուհետև՝ ավագ գիտաշխատող: 1955թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հարավ-արևմտյան Հայաստանի վերին ֆամենի էտրենի հարկի նստվածքների ուսոտանիները» թեմայով՝ ստանալով երկրաբանամիներալոգիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Գիտական հետաքրքրություններն առնչվում են Հայաստանի տարածքի հարավարևմտյան շրջանների՝ մասնավորապես Վայոց Ձորի, ինչպես նաև Նախիջևանի հարակից մասերի վերին պալեոզոյի (վերին դևոնի վերին ֆամեն ենթահարկ – ստորին կարբոնի ստորին տուրնեի (էտրեն) ենթահարկ) նստվածքային ապարների ուսոտանիների բրածո մնացորդներին և նրանց կենսաշերտագրական նշանակությանը: Հեղինակ և համահեղինակ է մոտ 20 հոդվածի և 1 մենագրության: 

 

Հայկ Մելիք-Ադամյան

 

Անանյան Էմիլ Վաղինակի (1937 Երևան – 2003 Երևան)

2022թ. լրացավ հայտնի երկրաբան Էմիլ Անանյանի ծննդյան 85-ամյակը: 1959թ. ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը: Մշտապես աշխատել է ՀԽՍՀ ԳԱ և ապա՝ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում նախ որպես լաբորանտ, 1962-1965թթ.՝ որպես ասպիրանտ, իսկ հետագայում որպես կրտսեր և այնուհետև որպես ավագ գիտաշխատող: 1971թ.-ից ի վեր աշխատել է ինստիտուտին կից Ալավերդու օգտակար հանածոների ուսումնասիրող արշավախմբի կազմում: 1968թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Կապանի բրախիանտիկլինորիումի և հանքային դաշտի առաջացման մեխանիզմը» թեմայով՝ ստանալով երկրաբանամիներալոգիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Գիտական հետաքրքրություններն առնչվում են Հայաստանի տարածքի, ինչպես նաև Հարավ-ուկրաինական և Ղրիմի ատոմակայանների տարածքի տեկտոնական շրջանացման, ծալքավոր և խզումնային կառուցվածքներին, ինչպես նաև երկրաբանատեկտոնական քարտեզագրմանը և երկրաշարժերի կանխատեսմանը: Հեղինակ և համահեղինակ է մոտ 45 գիտական հոդվածի և 1 մենագրության, նաև բազմաթիվ գիտաարտադրական և երկրաբանական ձեռագիր հաշվետվությունների ու առաջարկների: 

Հայկ Մելիք-Ադամյան

 

Ազարյան Նորայր Ռուբենի  (1927 Երևան – 1981 Երևան)

2022թ. լրացավ ականավոր հնէաբան Նորայր Ազարյանի ծննդյան 95-ամյակը: 1947թ. ավարտել է Երևանի լեռնամետալուրգիական տեխնիկումը և նույն թվին ընդունվել ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետ: 1953թ. ավարտելով այն՝ ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի ասպիրանտուրան, որն ավարտելուց հետո աշխատել է ԵԳԻ-ում սկզբում որպես կրտսեր, իսկ 1963թ.-ից մինչև կյանքի վերջը՝ որպես ավագ գիտաշխատող: 1959թ. Լենինգրադում (Սանկտ-Պետերբուրգ) պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ալավերդու հանքային շրջանի յուրայի հասակի ֆաունան և շերտագրությունը» թեմայով: Գիտական հետաքրքրություններն առնչվում են Հայաստանի և Նախիջևանի տարածքների մեզոզոյան նստվածքային ապարների, տրիասի և յուրայի հարկերի բրածո գլխոտանիների (ամոնիտներ) և երկփեղկանի փափկամարմինների ուսումնասիրությանը և կենսաշերտագրական նշանակությունը: Հեղինակ և համահեղինակ է մոտ 40 գիտական հոդվածի և 3 մենագրության, որոնցից մեկը՝ համահեղինակությամբ: Ն. Ազարյանը երկար տարիներ եղել է ՍՍՀՄ Միջգերատեսչական շերտագրական հանձնաժողովի յուրայի և տրիասի ենթահանձնաժողովի անդամ: 

Հայկ Մելիք-Ադամյան

 

Թանաշյան Մովսես Երվանդի (1932  Հալեպ – 1995 Երևան)

2022թ. լրացավ հայտնի երկրաբան Մովսես Թանաշյանի ծննդյան 90-ամյակը: Նախնական կրթությունը ստացել է իր ծննդավայրի Կրթասիաց հայկական վարժարանում: 1946թ. ծնողների հետ միասին Սիրիայից հայրենադարձվել է, իսկ 1951թ. ավարտել է Շիրակի մարզի Անի-Պեմզա գյուղի միջնակարգ դպրոցը (արծաթե մեդալակիր): 1958թ. ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը: 1958-1974թթ. աշխատել է ՀԽՍՀ երկրաբանական վարչության նավթահետախուզական արշավախմբում որպես երկրաբան և ավագ երկրաբան: 1967թ.-ից մինչև իր կյանքի վերջին օրերն աշխատել է ՀԽՍՀ ԳԱ և ապա՝ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում որպես ավագ ճարտարագետ, կրտսեր գիտաշխատող, իսկ 1985թ.-ից՝ որպես ավագ գիտաշխատող: 1971թ. Մոսկվայի Ի.Մ. Գուբկինի անվան Նավթաքիմիայի և գազարդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտի գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «ՀՍՍՀ Արարատյան ճկվածքի կայնոզոյան նստվածքների հնարավոր նավթագազաբերական համալիրները» թեմայով՝ ստանալով երկրաբանամիներալոգիական գիտությունների թեկնածուի աստիճան: Գիտական հետաքրքրություններն առնչվում են Հայաստանի տարածքի տեկտոնիկայի և կայնոզոյան նստվածքային ապարների հնարավոր նավթագազաբերության համալիր գնահատման հեռանկարներին: Հեղինակ և համահեղինակ է ավելի քան 20 գիտական հոդվածի և բազմաթիվ ձեռագիր հաշվետվությունների: 

Հայկ Մելիք-Ադամյան

 

Վարդանյան Անրի Վարդանի (1937 Երևան – 2017 (?) Երևան)

2022թ. լրացավ ականավոր երկրաբան, տեկտոնիստ Անրի Վարդանյանի ծննդյան 85-ամյակը: Ծնվել է 1937թ. Երևանում ծառայողի ընտանիքում: 1953թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ 1961թ.՝ ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը: 1961թ.-ից մինչև 2000-ականներն աշխատել է ՀԽՍՀ ԳԱ և ապա՝ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում՝ որպես լաբորանտ, ապա ճարտարագետ, կրտսեր գիտաշխատող, իսկ 1969թ.-ից՝ որպես ավագ գիտաշխատող: 1968թ. Ի.Մ. Գուբկինի անվան երկրաբանական ինստիտուտի գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Կադրլիի և Սովետաշենի անտիկլինալների ձևավորման պայմանները և մեխանիզմը» թեմայով` ստանալով երկրաբանամիներալոգիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Վերջին տարիներին դասավանդում էր ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետում: Գիտական հետաքրքրություններն առնչվում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Անդրկովկասի տարածքի տեկտոնիկայի և տեկտոնաֆիզիկայի բազմաբնույթ խնդիրներին (Ալպ-Հիմալայան ծալքավոր գոտու խզումնային քարտեզի Անդրկովկասի հատվածի կազմում, օֆլիոլիտային գոտու ներքին ստրուկտուրայի բացահայտում և այլն), ինչպես նաև Հայաստանի տարածքի հնարավոր նավթագազաբերությանը:  Հեղինակ և համահեղինակ է մոտ 30 գիտական հոդվածի և բազմաթիվ ձեռագիր հաշվետվությունների: 

Հայկ Մելիք-Ադամյան

 

Պապոյան Այրիս (Ալլա) Սուրենի (1937 Թբիլիսի – 2002 (?) Լոս Անջելես)

2022թ. լրացավ հայտնի հնէաբան Այրիս Պապոյանի ծննդյան 85-ամյակը: 1954թ. ավարտել է Երևանի Մայակովսկու անվան միջնակարգ դպրոցը, իսկ 1955թ. ընդունվել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետ: 1966թ. ընդունվել է ՍՍՀՄ ԳԱ Հնէաբանական ինստիտուտի ասպիրանտուրան Մոսկվայում, իսկ 1971թ. ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հարավային Անդրկովկասի վաղ քարածխային ժամանակաշրջանի կորալները և նրանց շերտագրական նշանակությունը» թեմայով՝ ստանալով երկրաբանամիներալոգիական գիտությունների թեկնածուի աստիճան: 1961թ.-ից մինչև 1990-ական թթ. կեսերն աշխատել է ՀԽՍՀ ԳԱ և ապա՝ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում՝ որպես ճարտարագետ, ապա կրտսեր և ավագ գիտաշխատող: Գիտական հետաքրքրություններն առնչվում են Հայաստանի տարածքի վերին պալեոզոյի (կարբոն) և մեզոզոյի (յուրա) ծովային նստվածքային ապարների բրածո բուստերին (կորալներ) և դրանց կենսաշերտագրական նշանակությանը: Հեղինակ և համահեղինակ է մոտ 30 գիտական հոդվածի, ինչպես նաև 3 մենագրություն, որոնցից 2-ը՝ համահեղինակությամբ: 

Հայկ Մելիք-Ադամյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *