ԱՐԿԱԴԻ ՍՏԵՓԱՆԻ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ
(1951-2017)
Ծննդյան 75-ամյակին
2026թ. մարտի 19-ին լրացավ ականավոր երկրաբան, միջազգային ասպարեզում ակտիվ տեկտոնիկայի և ժամանակակից երկրադինամիկայի ճանաչված մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Արկադի Ստեփանի Կարախանյանի 75-ամյակը:
Ա.Ս.Կարախանյանը ծնվել է Երևանում, 1951թ.: 1968 թ․ ընդունվել է ԵՊՀ Երկրաբանական ֆակուլտետ և, ուսումն ավարտելուց հետո, 1973թ. աշխատանքի էանցել Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտում: 1983թ. Մոսկվայի պետական համալսարանում հաջողությամբ պաշտպանել է «Անատոլիական, Կովկասյան և Իրանի տարածաշրջանների լինեամենտները ըստ հեռակառավարային զոնդավորման տվյալների» թեկնածուական ատենախոսությունը, այնուհետև, 1995թ., ՌԳԱ Երկրի ֆիզիկայի ինստիտուտում՝ դոկտորական ատենախոսությունը՝ «Անատոլիական, Փոքր Կովկասյան և Իրանական տարածաշրջանի ակտիվ խզվածքները և ուժեղ երկրաշարժերը» թեմայով: 1992-1995թթ. աշխատել է Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում որպես փորձագետ և գլխավոր տնօրենի տեղակալ գիտության գծով: Այնուհետև տեղափոխվել է ԵԳԻ և 1995թ.-իցղեկավարել է ԵԳԻ երկրադինամիկայի և երկրաբանական վտանգների բաժինը: Չսահմանափակվելով ԵԳԻ-ում առկա հնարավորություններով, Ա.Կարախանյանը1998թ. հիմնադրեց «Գեոռիսկ» գիտահետազոտական ընկերությունը, որը ղեկավարեց մինչև 2006թ.: 2006թ. նա ընտրվեց Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն և ղեկավարեց այն մինչև 2017թ.: Հենց այդ տարիներին առավել վառ դրսևորվեցին նրա գիտական և կազմակերպչական հմտությունները:
Նա առաջիններից մեկն էր, որ 1988թ., Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո, ձեռնարկեց և իրականացրեց երկրաշարժի հետ կապված մակերևութային պատռվածքի ուսումնասիրություն Գառնու խզվածքի հյուսիսային սեգմենտի և Փամբակ-Սևան-Սյունիքի խզվածքի միակցման զոնայում: Այդ ուսումնասիրության եզրակացությունները չէին համապատասխանում այդ ժամանակ գործող երկրաբանների և սեյսմոլոգների մոտ ճանաչում գտած այն կարծիքի հետ, որ Հարավային Կովկասում անհնար է այդպիսի ուժգնության երկրաշարժերի առաջացումը: Այդ ժամանակից Ա. Ս. Կարախանյանի գիտական նվաճումները նոր՝ մասնագիտական առումով ավելի բարձր մակարդակի բերեցին Հայաստանում ակտիվ տեկտոնիկայի, սեյսմիկ ռիսկի և այլ երկրաբանական վտանգների գնահատման բնագավառին առնչվող հետազոտությունները։
Այդ ժամանակ արդեն Ա. Ս. Կարախանյանին, իր հիմնարար և շրջադարձային հետազոտությունների շնորհիվ, ճանաչեցին ամբողջ աշխարհի գիտական հանրությունում: Նրա գիտական հեղինակությունն այնքան բարձր էր, որ բազմաթիվ անգամներ հրավիրվեց հետազոտական աշխատանքնենր կատարելու Իրան, Վրաստան, Թուրքիա, Կիպրոս, Սիրիա, Եգիպտոս, Ղազախստան, Ռուսաստան: Իր գիտական գործունեության տարիներին Ա.Ս.Կարախանյանը ղեկավարել է մի քանի տասնյակ հանրապետական և միջազգային գիտական ու կիրառական նախագծեր:
Լինելով սկզբունքային, աշխատասեր և բացառիկ պահանջկոտ ինչպես իր, այնպես էլ գործընկերների հանդեպ, նա հատուկ ուշադրություն էր դարձնում Ինստիտուտում նոր ուղղությունների զարգացմանը: Ա.Ս.Կարախանյանի անվան հետ է կապված Հայաստանում ակտիվ տեկտոնիկայի, պալեո- և արխեոսեյսմոլոգիայի գիտական դպրոցների ստեղծումն ու զարգացումը: Լինելով ստեղծագործ, կառուցողական և մեծ աշխատունակությամբ օժտված անհատականություն, նա միաժամանակ մեծ ուշադրություն էր հատկացնում երիտասարդ կադրերի պատրաստմանը: Նրա աշակերտների արդեն մի քանի սերունդներ շարունակում են աշխատել և արարել Երկրաբանական գիտությունների ինստիտուտում, ինչի շնորհիվ Ա.Ս.Կարախանյանի շատ գիտակազմակերպչական ու հետազոտական ծրագրեր ու ձեռնարկումներ ստացել են իրենց հետագա զարգացումը: Դրա վառ օրինակ է 2012թ.միջազգային համագործակցության շրջանակներում Ա․Ս․Կարախանյանի ղեկավարությամբ ԵԳԻ-ում ստեղծված սեյսմիկ և GPS դիտարկումների ցանցի ընդլայնումն ու մոդեռնիզացումը, ինչի շնորհիվ հաջողությամբ շարունակվում են ակտիվ խզվածքների և ժամանակակից երկրադինամիկայի, երկրաբանական վտանգների ուսումնասիրությունները:
Արկադի Կարախանյանը մեծ ներդրում ունի Հայաստանում երկրաբանական գիտության զարգացման և բարձր որակավորմամբ գիտական կադրերի պատրաստման գործում:
Ա.Ս.Կարախանյանը հեղինակ է մի քանի մենագրությունների, տասնյակ գիտական հոդվածների, որոնք հրատարակվել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հեղինակավոր գիտական հանդեսներում, մասնավորապես՝ Tectonophysics, Journal of Volcanology and Geоthermal Research, Bulletin of the Geological Society of America – Special Papers, Annals of Geophysics,Geodinamica Acta, Journal of Quaternary Science, Paleorient, Journal of Geological Science of Japan, Journal of Seismology:Հատուկ արժե նշել նրա վերջին երկու հոդվածները, որոնք հրատարակվել են 2017թ. Bulletin of the Geological Society of America – Special Papers-ում, որտեղ Ա.Ս.Կարախանյանը, համահեղինակների հետ միասին, ընդհանրացրել են Հայաստանի և տարածաշրջանի սեյսմոտեկտոնիկայի, ինչպես նաև՝Հայաստանում ամենամեծ ձգվածությամբ Փամբակ-Սևան-Սյունիքի ակտիվ խզվածքի արխեոսեյսմոլոգիայի վերաբերյալ նոր տվյալները:
Ա.Ս.Կարախանյանը հաջողությամբ ղեկավարել է բազմաթիվ գիտական և գիտակիրառական նախագծեր, որոնք Հայաստանի կայուն զարգացման համար ունեցել են գիտական և կիրառականմեծ նշանակություն ևտվել նշանակալի արդյունքներ:Նշենք դրանցից մի քանիսը․
– Երևանի, Գյումրու, Դիլիջանի, Ղափանի և այլ քաղաքների սեյսմիկ ռիսկի գնահատում։ Հետազոտություններն իրականացվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախագծերի շրջանակներում:
– Համաշխարհային բանկի նախագծով և Հայաստանի կառավարության կողմից պաշտոնապես հաստատված՝Հայաստանի սեյսմիկ շրջանացման նոր քարտեզի կազմման աշխատանքների ղեկավարում։ Այս հետազոտությոնների հիմքում ընկած էրԱ.Ս.Կարախանյանի և նրա գործընկերների կողմիցբազմամյա հետազոտությունների արդյունքում ստեղծված Հայաստանի տարածքի սեյսմոտեկտոնական մոդելը։
– Հայկական ատոմակայանի տարածքի սեյսմիկ և հրաբխային վտանգների գնահատման մասշտաբային նախագիծը 2009-2011թթ., երբ քննարկվում էր Հայաստանում ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման հարցը: Աշխատանքը կատարվեց МАГАТЭ-ի չափորոշիչներին համապատասխան և միջազգային փորձագետների կողմից ընդունվեց բարձր գնահատականով:
Ա.Ս.Կարախանյանըղեկավարել է նաև Հայաստանում երկրաջերմային էներգիայի ներուժի հետազոտման գիտակիրառական երկրաբանա-երկրաֆիզիկական նախագիծը (2009-2012)։ 2015-2016թթ. Ա.Ս.Կարախանյանը, Համաշխարհային Բանկի Վերականգնվող Պաշարների և Էներգախնայողության Հիմնադրամի նախագծով Հայաստանի հարավ-արևելքում, Կարկառի երկրաջերմային դաշտի պաշարների հետազոտման նպատակով հետախուզական հորատման աշխատանքների նախապատրաստման և իրականացման հարցերով տեղական խորհրդականն էր:
Ա.Ս.Կարախանյանի գիտական հետաքրքրությունների լայն շրջանակն ու էրուդիցիան իրենց արտահայտությունը գտան հետազոտություններում, որոնք նրա կողմից կազմակերպվեցին գիտական տարբեր ուղղությունների ՝ երկրաբանության, հնագիտության, բնապահպանության ու պատմության հատման կետերում: Հայրենական և արտասահմանյան հնագետների հետ համագործակցության արդյունքում Հայաստանի երկրաբանները մեծ ներդրում ունեցան մեր երկրի հնագիտական հուշարձանների ոչ միայն հետազոտությունների, այլ նաև նրանց հայտնաբերման գործում:
Ցավոք, Ա.Ս.Կարախանյանի կյանքն անսպասելիորեն ընդհատվեց 2017թ. նոյեմբերի 13-ին, կյանքի 67-րդ տարում, ստեղծագործական ուժերի ծաղկման շրջանում: Անավարտ մնացին մի շարք նախագծեր, հրատարակումներու գիտական պլաններ:
Ա.Ս.Կարախանյանի վաղաժամ մահից հետո նրա գործընկերների կողմից շատ բան արվեց՝ հավերժացնելու համար նրա հիշատակը: Ֆրանսիայի Լիոն քաղաքում 2018թ. նոյեմբերի 6-7 կայացավ նրա հիշատակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանս՝“Ancient Armenia at the crossroads, in honor of Arkady Karakhаnyan”: Կոնֆերանսը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ ԵԳԻ և CNRS Archéorient, Ֆրանսիա, համատեղ ուժերով և ընդհանրացնում ու ամփոփում էր ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների և Հնագիտության և ազգագրության ինստիտուտների բազայի հիման վրա գործող հայ-ֆրանսիական համատեղ միջազգային լաբորատորիայի (LIA) տասնամյա գործունեությունը: Կոնֆերանսի նյութերից ընտրված մի քանի հոդվածներ հրատարակվել են 2021թ.-ին Quaternary International հեղինակավոր հանդեսում հատուկ թողարման ձևով:
2018թ. ՀՀ ԳԱԱ Նախագահության, ԵԳԻ և ԱԻՆ ուժերով կազմակերպվեց միջազգային գիտաժողով՝ նվիված Սպիտակի երկրաշարժի 30-ամյակին`՛՛30 Years After The Spitak Earthquake: Experience And Perspectives”, որի կազմակերպման մտահղացումը Ա.Ս.Կարախանյանինն էր: Այդ կոնֆերանսի շրջանակներում կայացավ Ա.Ս.Կարախանյանի հիշատակին նվիրված գիտական նստաշրջան ”Seismological and geophyisical studies: seismotectonics, paleoseismology, archeoseismology”,որտեղ ներկայացվեցին աշխարհի տարբեր երկրների գիտնականների 21 գիտական զեկուցումներ: Նստաշրջանի բացման խոսքում Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Իտալիայի գիտնականները ներկայացրեցին Ա.Ս.Կարախանյանի ներդրումը նստաշրջանում քննարկվող նյութերում:
Լոնդոնի Երկրաբանական ասոցիացիայի և Բրիտանական Երկրաբանական ասոցիացիայի կողմից հրատարակվող Geology Today հայտնի գիտահանրամատչելի հանդեսի 2020թ. 3-րդ համարում հայ և բրիտանացի գործընկերների կողմից հրատարակվել է Հայաստանի հրաբխականության և երկրաբանության մասին ծավալուն հոդված՝ նվիրված Ա.Ս.Կարախանյանի հիշատակին:
Ա.Ս.Կարախանյանի չավարտված շատ գիտական հետազոտություններ այժմ շարունակում են նրա հայ և արտասահմանյան գործընկերները և աշակերտները: 2017թ.-ից հետո, Ա.Ս.Կարախանյանի հետմահու համահեղինակությամբ, միջազգային գիտաժողովներում ներկայացվել է 10 զեկուցում, հրատարակվել երեք հոդված Geological Quarterly, JGR Solid Earth և Quaternary Science Reviews հանդեսներում՝ նվիրված Հայաստանի ակտիվ տեկտոնիկային, Սևանա լճի երկրաբանական կառուցվածքին, սեյսմիկ տոմոգրաֆիայի և նրա երկրաբանական մեկնաբանման հարցերին և այլ միջանկյալ դիսցիպլիններին:
Ա.Ս.Կարախանյանը INHIGEO` Երկրաբանական գիտության պատմության Միջազգային հանձնաժողովի անդամ էր, Հայաստանի Ինժեներային ակադեմիայի թղթակից-անդամ: Հայաստանի Կառավարության կողմից նա պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստճանի մեդալով, 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետազոտմանը մասնակցելու համար մեդալով և պատվոգրերով:
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ

