ԱԼԼԱ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
(1936 – 2013)
Ծննդյան 90-ամյակին
2026 թվականի հուլիսի 6-ին լրացավ հրաբխագիտության և պետրոլոգիայի բնագավառներում վաստակաշատ գիտնական, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածու Ալլա Խաչատուրի Մնացականյանի (1936–2026) ծննդյան 90-ամյակը։
Ա.Մնացականյանը ծնվել է Ստեփանավանում 1936թ. հուլիսի 6-ին, ծառայողների ընտանիքում: (Վախճանվել է 2013թ. դեկտեմբերի 24-ին, Երևանում):
1958թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը և նույն տարում աշխատանքի անցել ԳԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում, որտեղ աշխատել է մինչև իր կյանքի վերջը:
1958թ.-ից սկսած նա իր ողջ կյանքն ու գործունեությունը, կապելով ինստիտուտի հետ, նվիրաբերել է Հայաստանի` մեզոզոյան և չորրորդական հասակի հրաբխածին գոյացումների ուսումնասիրության խնդիրներին:
Ա.Մնացականյանի հետազոտությունների շնորհիվ Հայաստանի հյուսիսում` Քուռ գետի ավազանի սահմաններում, մասնավորապես Իջևանի ու Շամշադինի շրջաններում (Տավուշի մարզ), բացահայտ- վեցին լայն տարածում ունեցող ստորին և հիմնականում վերին կավճի հասակի հրաբխածին գոյացումների առանձնահատկությունները և առաջացման օրինաչափությունները: Առաջին անգամ հատուկ ուսումնասիրության առարկա հանդիսացան այդ առաջացումներում գլխավոր ապար կազմող միներալների և նրանց համակցությունների քիմիական, սպեկտրալ, ռենտգենաչափական և զոնալակության հատկանիշները, ինչը թույլ տվեց հիմնավորել նրանց առաջացման մի շարք պետրոլոգիական խնդիրներ:
Ճանաչված ռուս գիտնական, պրոֆեսոր Մ.Ա.Ֆավորսկայայի ղեկավարությամբ իրականացված հետազոտությունների արդյունքները նրա կողմից ամփոփվեցին և ներկայացվեցին թեկնածուական ատենախոսության տեսքով, որը 1964թ. հաջողությամբ պաշտպանվեց
Մոսկվայում, ապա հրատարակվեց որպես մենագրություն (համահե- ղինակությամբ). “Связь мелового и палеогенового вулканизма Армении с типами развития геосинклинальных прогибов” (Մոսկվա, “Նաուկա”, 1968):
Հետագա տարիներին Ա.Մնացականյանի կողմից նույն ջանասիրությամբ շարունակվեցին Հայաստանի տարբեր շրջաններում` Սյունիքում, Վեդի գետի և Սևանա լճի ավազանների սահմաններում տարածված կավճի հասակի հրաբխածին գոյացումների ուսումնասի- րությունները: Արդյունքներն ամփոփվել են ”Геология Армянской ССР, Петрография, вулканические породы” (ԳԱ հրատ., Երևան, 1970) բազմահատորյակի 4-րդ հատորում, ինչպես նաև “Петрология верх- немеловой вулканической серии северной Армении” (ԳԱ հրատ., Երևան, 1981) մենագրության մեջ:
Ա.Մնացականյանի աշխատանքներում առանձնակի ուշադրության են արժանացել կավճի հասակի գոյացումներում լայն տարածում ունեցող բենթոնիտային կավերի և ցեոլիտների միներալային և ստրուկտուրային առանձնահատկություններին, նրանց առաջացման պայմաններին առնչվող, ինչպես նաև` կիրառական նշանակություն ունեցող հարցերը:
Վերջին տասնամյակներում Ա.Մնացականյանի հետազոտություններն ուղղված էին հիմնականում Հայաստանի տարածքի վերին պլիո- ցեն-չորրորդական հասակի հրաբխածին գոյացումների երկրաքի- միական, պետրոգրաֆիական, միներալաբանական և պետրոլոգիական առանձնահատկությունների բացահայտմանը` ժամանակակից միջազգային մոտեցումների պահանջներին համահունչ: Արդյունքում առաջադրվեցին նոր վարկածներ Հայաստանի նորագույն հրաբխականության զարգացման օրինաչափությունների վերաբերյալ:
Ա.Մնացականյանի գիտական հետաքրքրությունների շրջանակներում լայն տեղ է զբաղեցրել նաև պետրոգրաֆիական մանրադիտակային ուսումնասիրությունների մեթոդների կիրառումը հնագիտական հետազոտությունների բնագավառում: Դրանք ուղղված էին նաև պեղումների ժամանակ հայտնաբերված կավային իրերի պատրաստման համար օգտագործված բնական նյութերի հնարավոր աղբյուրների աշխարհագրության երկրաբանական մոտեցումներով բացահայտմանը, ինչը մեծ նշանակություն ունի նախապատմական դարաշրջանին վերաբերվող որոշ հարցերի ճշտգրտման համար:
Ա.Մնացականյանի բազմամյա գիտական հետազոտությունների արդյունքներն ամփոփված են շուրջ 90 գիտական հոդվածներում և 6 մենագրություններում, որոնք հրատարակվել են հանրապետական և միջազգային գիտական մամուլում, ինչպես նաև ներկայացվել են տարբեր գիտաժողովներում:
Հանդիսանալով հմուտ մասնագետ նշված ասպարեզներում, նա իր գիտելիքներով պատրաստակամությամբ կիսվում էր բոլորի հետ և առանձնակի հոգատարությամբ փոխանցում էր իր հարուստ փորձը
երիտասարդ մասնագետներին, կազմակերպելով նրանց համար տեսական և գործնական դասընթացներ:
Ա.Մնացականյանը ինստիտուտի կոլեկտիվում սիրված և մեծ հարգանք վայելող համեստ, բազմակողմանի զարգացած և բարեկիրթ խառնվածքի տեր, գիտությանն ու ընտանիքին անվերապահորեն նվիրված անձնավորություն էր: Նրա հիշատակը վառ կմնա գործընկերների և նրան ճանաչողների հիշողություններում:
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ

