Հնէաբանության բաժին | Հրաբխականության բաժին |
Հանքաբանության բաժին | Օգտակար հանածոների բաժին |
Ապարաբանության բաժին | Հանքային ջրերի բաժին |
Օգտակար հանածոների բաժին
Օգտակար հանածոների բաժինը ձևավորվել է 1937թ. XVII միջազգային երկրաբանական կոնգրեսի նախաշեմին՝ երկրաբանական ինստիտուտում կազմակերպված ցուցահանդեսի շրջանակներում՝ կազմված մոտ 1000 նմուշից /1410/ :
1942թ. օգտակար հանածոների և միներալների բաժիններըը միավորվում են: Նմուշների քանակը՝ 3579։
1945թ. երկրաբանական ինստիտուտի աշխատակիցների շնորհիվ թանգարանի բաժինները հետզհետե համալրվում են նոր ցուցանմուշներով: Հատկանշական են ակադեմիկոսներ Հ․Գ․ Մաղաքյանի Կ․Ն․Պաֆֆենհոլցի կողմից թանգարանին թողած նմուշները:
Թանգարանում ներկայացված են մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոներ ինչպես ՀՀ-ից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից։ Այժմ կազմակերպվում են ժամանակավոր ցուցադրություններ նվիրատվությունների հիման վրա, ինչպես օրինակ՝ 1952թ. Գերմանիայի Ֆրայբերգ քաղաքի Լեռնային ակադեմիայի միներալոգիական թանգարանի դոկտոր Ֆրիդրիխ Օտտոյի կողմից ուղարկված նմուշների ցուցադրություն: Արդյունքում ՀՀ ԳԱԱ ԵԳԻ երկրաբանական թանգարանի պահպանությանն են հանձնվել լեռնային ապարների 145 նմուշ՝ 24 երկրից՝ Գերմանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Իսպանիա, Իտալիայի, Շվեյցարիա, Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Նորվեգիա, Ռումինիա, Հունաստան, Սերբիա, Հարավամերիկյան Բոլիվիա, ԱՄՆ, Կանադա, Չիլի, Բրազիլիա, Հարավաֆրիկյան Նամիբիա, Ռուսաստան, Գրենլանդիա, Հունաստան և այլն։
Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը ազգային տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին: Հայաստանից արտահանվող նյութերի առնվազն կեսը բաժին է ընկնում հանքային խտանյութերին և մետաղներին, որոնք երկրից արտահանվող արտադրանքների ցուցակում առավել կարևոր տեղ են զբաղեցնում:
Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված են հաստատված պաշարներով օգտակար հանածոների շուրջ 871 հանքավայրեր (43 մետաղական, 760 ոչ մետաղական, 44 ստորերկրյա քաղցրահամ և 24 հանքային ջրերի), ինչպես նաև օգտակար հանածոների 580 հանքերևակումներ (131 մետաղական և 449 ոչ մետաղական), օգտակար հանածոների ավելի քան 130 տեսակներ, որոնցից շուրջ 25-ը՝ մետաղական, որոնք ակնառու երևում են թանգարանում ցուցադրված օգտակար հանածոների քարտեզներում։
Մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոները ունեն խոշոր գործնական նշանակություն: Դեռ վաղնջական ժամանակներից Հայաստանում շահագործվել են պղնձի, կապարի, արծաթի և ոսկու մի շարք հանքեր, իսկ Ք.ա. II հազարամյակի վերջերից՝ նաև երկաթահանքերը։
Մետաղական օգտակար հանածոների թվում առկա են 7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 24 ոսկու և ոսկի-բազմամետաղային, 2 բազմամետաղային, 1 մոլիբդենային, 1 ալյումինահանքային, 1 մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտի, 3 երկաթահանքային հանքավայրեր:
Թանգարանում ցուցադրվում են ՀՀ մետաղային օգտակար հանածոների բոլոր հիմնական խմբերը` գունավոր, սև, ազնիվ մետաղները։
Հանրապետության տարածքում հայտնաբերված գունավոր մետաղներից գործնական նշանակության տեսակետից առաջին տեղը պատկանում է պղնձին: Երկրաբանական տվյալների համաձայն այն առաջինն է նաև իր տարածվածությամբ: Հանրապետության տարածքում հայտնաբերված պղնձի պաշարների 80-90 %-ը կենտրոնացված են Կապանի, Քաջարանի, Ագարակի հանքավայրերում:
Արդյունաբերական նշանակություն ունեցող պղնձի պաշարներով հաջորդ տեղը պատկանում է Հայաստանի հյուսիսային հատվածին: Այստեղ հատկապես նշանավոր են Ալավերդու և Շամլուղի հանքավայրերը:
ՀՀ տարածքում հայտնաբերված գունավոր մետաղների շարքում գործնական նշանակության տեսակետից շատ կարևոր է մոլիբդենի դերը: Առանձնակի ուշադրության է արժանի է Կ. Քարամյանի հավաքածուն։
Հատկանշական է այն, որ մոլիբդենի համաշխարհային պաշարների 7-9 %-ը գտնվում է միայն Սյունիքի մարզում: Այն հանդես է գալիս պղնձի հետ միասին: Հանրապետությունում առկա մոլիբդենի տասնյակ հանքավայրերից ու երևակումներից գործնական նշանակություն ունեն հատկապես Քաջարանի ու Ագարակի հանքավայրերը: Քաջարանի հանքավայրի հանքանյութի մեջ մոլիբդենի պարունակությունը կազմում է 0.1 – 0.2 %: Հանրապետությունում հայտնաբերվել են նաև մի շարք այլ հանքավայրեր, որոնցից հետագայում նշանակալից դեր են խաղացել Դաստակերտի, Թեղուտի, Հանքավանի հանքավայրերը:
Հանրապետությունում արդյունաբերական նշանակություն ուեն բազմամետաղային` կապարա-ցինկային հանքավայրերը որոնք գտնվում են Սյունիքի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի մարզերի տարածքներում: Հիմնականում արդյունաբերական նշանակություն ունեն Ախթալայի, Կապանի, Ղազմայի (Վայոց ձորի մարզ) հանքավայրերը: Այս հանքավայրերից գործնական նշանակություն ունի Ախթալայի բազմամետաղային հանքավայրը, որտեղ կառուցված է հարստացուցիչ ֆաբրիկա:
Ազնիվ մետաղներից ՀՀ-ում կարևոր նշանակություն ունեն ոսկու պաշարները։ Ոսկու հանքավայրերը գտնվում են Գեղարքունիքի, Կոտայքի և Լոռու մարզերում: Այժմ գործնական մեծ նշանակություն ունեն Սոթքի (Գեղարքունիքի մարզ) և Մեղրաձորի (Կոտայքի մարզ) հանքավայրերը, որտեղ կատարվում է արդյունահանման աշխատանքներ: Վերջերս շահագործման են հանձնվել նաև Լիճքվազ-թեյի և Տերտերասարի ոսկու հանքավայրերը:
Թանգարանում առանձին տեղ են զբաղեցնում նաև ոչ մետաղային օգտակար հանածոները և պետք է նշել, որ այդ պաշարների հարստությամբ ու բազմազանությամբ Հայաստանի Հանրապետությունն աշխարհում առաջատար տեղ է գրավում: Հատուկ արժեք ու նշանակություն ունեն Հայաստանի տարածքում հրաբխային պրոցեսների արդյունքում առաջացած լեռնային ապարները, որոնցից են թեթև ապարները` տուֆ, պեռլիտ, պեմզա, ցեոլիտ, պեռլիտ, օբսիդիան, հրաբխային խարամներ և այլն:
Բազալտի, գրանիտի, նեֆելինային սիենիտի, մարմարի տարբեր տեսակների պաշարները մեծածավալ են: Ցուցադրվում են Վայոց Ձորի մարզի Սալի և Արտենի գյուղերից տրավերտինի, ԼՂՀ Մարտունու շրջանի Զարդանաշենի հնքվ-ից կավճի հասակի խառնաքարի, Վարդաձորի, Արևսարի, Սարենթագի մարմարների նմուշներ:
Հայաստանում քարտեզագրված են 100-ից ավելի բազալտի, անդեզիտի հանքավայրեր, որոնցից մի քանիսը միակն են իրենց բաղադրությամբ (Խալաջի բազալտի հանքանյութի MgO-ի պարունակությունը հասնում է մինչև 11%): Իրենց նշանակությամբ և որակական ցուցանիշներով անգնահատելի են Հայաստանի տարածքում գործող քվարցիտների, կարբոնատների, ցեոլիտների, հրաբխային խարամների և պեմզաների, կավերի, բենտոնիտների, դիատոմիտների, գիպսի հանքավայրերը` մեծ պաշարներով:
Տուֆերով հայտնի են Արթիկի, Տուֆաշենի, Զառինջ-Ձիթևանքի, Կաթնաղբյուրի, Մարալիկի, Մաստարա-Սառնաղբյուրի, Անիի, Ալագյազի, Ապարանի, Երնջատափի, Վահրամաբերդի, Ջաջուռի, Մայիսյանի, Մարմարաշենի, Հայկավանի, Կապսի, Խաչքարի, Արաքսի, Լուկաշենի, , Արագյուղի, Եղվարդի, Օհանավանի, Լեռնապարի, Արամուսի, Առինջի, Գառնիի, Գեղարդի, Ջրվեժի, Ձորաղբյուրի, Արգավանդի, Բաղրամյանի և այլ հանքավայրերում:
Վառելիքային օգտակար հանածոների ենթաբաժնում ցուցադրվում է միոցենի հասակի ածխի, Ջաջուռի ածխի հանքավայրի բույսերի հետքերով այրվող թերթաքարի, Վարդենիսի տորֆի, Կոտայքի մարզի Շորջրի ձորի միոցենի հասակի այրվող թերթաքարի, անտրացիտի, Գառնիի Շորաղբյուրի N1 հորատանցքի 3473-3589մ խորությունից 1լիտր և Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի մոտակայքից 2000թ. վերցված 10գրամ նավթի նմուշներ: