Հնէաբանության բաժին | Հրաբխականության բաժին |
Հանքաբանության բաժին | Օգտակար հանածոների բաժին |
Ապարաբանության բաժին | Հանքային ջրերի բաժին |
Պրոֆեսոր Հ. Կարապետյանի անվան
Երկրաբանական թանգարան
Թանգարանը հիմնադրվել է 1937 թ. ականավոր երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆ. Հ. Կարապետյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ: Թանգարանի առաջին ցուցադրումը կազմակերպվել է նրա հարուստ հավաքածուի հիման վրա և հետագայում համալրվել հիմնականում Հայաստանի երկրաբանների ցուցանմուշներով: Հ.Կարապետյանի մահից հետո (1943 թ.) թանգարանին 1944 թ. շնորհվեց նրա անունը:
Թանգարանի 11000 նմուշներից ցուցադրական ֆոնդը կազմում է շուրջ 2700 նմուշ, որոնք բաշխված են 6 բաժիններում՝
– Հնէաբանության – Հրաբխականության
– Հանքաբանության – Օգտակար հանածոների
– Ապարաբանության – Հանքային ջրերի
2012 թ. թանգարանում բացվեց ամերիկահայ կոլեկցիոներ Ա.Դիլդիլյանի անվան միներալների հատուկ սրահ, որտեղ ցուցադրված են ինչպես նրա կողմից թանգարանին նվրիրված տարբեր երկրների հանքավայրերի հազվագյուտ 1400 միներալներից 750-ը, այնպես էլ Հայաստանի երկրաբանների կողմից նվիրված միներալները:
Վերջին տարիներին թանգարանում իրականացվել են մի շարք զգալի նորամուծություններ: Ստեղծվել է «Բնագետ» էկոակումբը, որի տարբեր տարիքային խմբերում երեխաները ծանոթանում են Հայաստանի երկրաբանությանն ու առկա էկոլոգիական հիմնախնդիրներին: Թանգարանը կազմակերպում է բաց դասեր, ուսումնական արշավներ, էքսկուրսիաներ՝ Կրթության և գիտության նախարարության կողմից առաջադրվող մրցույթների շրջանակներում:
2016 թ. թանգարանը մաս կազմեց izi.TRAVEL հոլանդա-շվեյցարական կազմակերպությանը, որը հնարավորություն է ընձեռում նորովի բացահայտել թանգարանները և քաղաքները, խթանել մշակութային և տուրիստական կազմակերպությունների աշխատանքը: 2016 թվականից սկսած՝ Երկրաբանական թանգարանն հանդիսանում է ‹‹Երևան Քարտ›› զբոսաշրջային ծրագրի անդամ: ‹‹Երևան քարտը›› Երևան քաղաքի պաշտոնական զբոսաշրջային քարտն է, որը յուրօրինակ միջոց է քաղաքում առաջարկվող գրեթե բոլոր հաստատություններից և ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու համար: Այն հնարավորություն է ընձեռում անվճար մուտք գործել թանգարաններ, ժամանցի վայրեր, մասնակցել էքսկուրսիաների, ինչպես նաև անվճար օգտվել քաղաքային տրանսպորտից: ‹‹Երևան քարտի›› և Երկրաբանական թանգարանի համագործակցության շրջանակներում քարտապաններին տրվում է թանգարանի անվճար մուտքի հնարավորություն:
Առավել մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Երևան Քարտի պաշտոնական կայքէջ:
Երկրաբանական Թանգարանի զարգացման գործում մեծ ավանդ ունեն թանգարանի վարիչներ՝ Ս. Լուսյանը (1937-1938թթ.), Ա.Ն. Հակոբյանը (1938թ.), Ս.Տ. Տիգրանյանը (1938-1949թթ.), Ն.Ա. Սահակյան-Գոզալյանը (1949-1954թթ.), Ի.Գ. Գասպարյանը (1955-1956թթ.), Լ.Ա. Ավագյանը (1956-1976թթ.), Գ.Բ. Մեժլումյանը (1977-1996թթ.), Ա.Գ. Գրիգորյանը (1996-2011թթ.): 2011 թվականից երկրաբանական թանգարանը ղեկավարում է Գայանե Գրիգորյանը: Թանգարանի ֆոնդը կազմում է ավելի քան 11000 նմուշ, որոնցից ցուցադրվում է ավելի քան 2700-ը:
Թանգարանի վիրտուալ տարբերակը կարելի է դիտել այստեղ։
Թանգարանը բաց է՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ
Հանգստյան օրերը՝ Շաբաթ և Կիրակի
Ցուցադրությունը բաց է՝ երկուշաբթի – ուրբաթ’ 10:30 – 17:00
Տոմսերի արժեքները`
Գները գործում են 01.02.2024-31.12.2024
- Տոմս դպրոցականների և ուսանողների համար 500 դրամ
- Տոմս մեծահասակների համար 1000 դրամ
- Հայերեն լեզվով էքսկուրսիայի տոմս 1500 դրամ
- Օտար լեզվով էքսկուրսիայի տոմս 2500 դրամ
- Կրթական ծրագրի տոմս դպրոցականների համար 1500 դրամ
- Կրթական ծրագրի տոմս 2500 դրամ
- Սիրողական լուսանկարում 1000 դրամ
- Սիրողական տեսանկարահանում (գրավոր թույլտվությամբ) 20 000 դրամ
Հեռախոսահամար՝ +37410 582936։
Էլ.փոստ՝ geotang@geology.am